22.12.2008 | 
Տարիների հետքերով
Տարիների հետքերով
Հարցազրույց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ
«Իմ ամենավառ հիշողությունը Լենինգրադի Էրմիտաժում անցկացրած ուսանողական պրակտիկան է: Ընկերներով ոչ միայն ծանոթացանք մշակութային արժեքներին, այլ նաև հրաշալի ժամանակ անցկացրինք: Տպավորիչ են եղել նաև կուրսեցիներիս հարսանիքները, մանավանդ, հետաքրքիր էր, երբ դրանք գյուղում էին լինում, հատկապես լավ եմ հիշում համակուրսեցիներիս հարսանիքը ` Արարատի մարզի Արարատ գյուղում երկու օր մնացինք, ուրախացանք, զվարճալի դեպքեր եղան: Մեր կուրսում հումորի մեծ զգացում ունեցող ընկերներ ունեինք, որոնք «օյիններ» խաղալու վարպետներ էին»:

-Պարո՜ն Սիմոնյան, կարոտու՞մ եք Ձեր դպրոցական ու ուսանողական տարիները:


-Իհարկե, կարոտում եմ: Անցյալ տարի և՚ դասարանով, և՚ կուրսով հավաքվել էինք, դպրոցն ավարտելու 35 և համալսարանն ավարտելու 30-ամյակն էինք նշում: Հավաքվեցինք, հիշեցինք, թախծեցինք, մի փոքր էլ տխրեցինք` հիշելով մեր ընկերներին, որոնք, ցավոք, էլ մեզ հետ չեն: Երբեմն ափսոսում եմ, որ մեր տարիները մնացին ետևում, ուսանողական տարիների կարոտը ես ինչ-որ չափով առնում եմ իմ ուսանողական ընկերներից, հինգ-վեց տղաների հետ մինչև հիմա էլ հանդիպում եմ:

-Ինչպե՞ս էր հագնվում ուսանող Արամ Սիմոնյանը:

-Ուսանողական տարիներին ես մեծամասամբ համալսարան եմ եկել փաղկապով, հագնվում էինք բավականին վայելուչ, նախ մեզ այդպես սովորեցրել էին տանը, մեր ընկերներից մեկն էլ` սպորտային լրագրող Ռուդիկ Բարսեղյանը, քանի որ մեզանից երկու տարի մեծ էր և մինչև սովորելն արդեն աշխատում էր, փողկապը նրա համար դարձել էր «մարդամեջ դուրս գալու տարազ»: Հենց նա մեզ սովորեցրեց մշտապես փողկապ կապել և անպայման սափրված գալ համալսարան ( որպես ապացույց ներկայացնում ենք պրն. Սիմոնյանի ուսանողական տարիների լուսանկարները): Բացի այդ, մենք ցանկանում էինք նաև աղջիկներին դուր գալ, էն ժամանակ տղաների միջև սուր մրցակցություն կար: Արտաքինին հետևելը մեզ համար սովորական երևույթ էր, համալսարան չսափրված գալը համարում էինք, մեղմ ասած, «անտաշություն»: Ես և իմ ընկերները սպորտային կամ պարահանդեսային հագուստով երբեք համալսարան չենք եկել, մեզ համար դա ամոթալի էր: Ցավոք, հիմա տեսնում եմ սպորտային համազգեստով համալսարանում սովորող ուսանողների:

-Հաճա՞խ էիք սիրահարվում:

- Սիրահարվել եմ 2-րդ և 4-րդ կուրսերում, սակայն դա երկար չի տևել: Այն ժամանակ երիտասարդներս շատ ավելի կազմակերպված էինք, բայց նաև շատ միամիտ, դրա համար էլ հեշտ սիրահարվում էինք, հեշտ էլ մոռանում: Գուցե տարի՞քն էր պատճառը, չգիտեմ: Բացի այդ, ժամանակներն ավելի անհոգ էին, վաղվա նկատմամբ հավատ ունեինք: Իմ սերնդի ուսանողների ամենագլխավոր արժանիքներից մեկը անվերջ երազելն էր:

- Երբևէ մտածե՞լ եք, որ կդառնաք Մայր բուհի ռեկտոր:

- Ուսանող ժամանակ երազում էի դառնալ լավ պատմաբան, գուցե նաև լավ դասախոս, բայց որ կդառնամ Մայր բուհի ռեկտոր, մտքովս անգամ չի անցել (ժպտում է ):

- Ակտի՞վ համալսարանական եք եղել:

- Երեք տարի եղել եմ մեր` պատմական ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, երկու տարի ֆակուլտետի կոմերիտմիության քարտուղարի տեղակալ և երեք տարի ԵՊՀ-ի «Պատանի պատմաբան» դպրոցի տնօրեն եմ եղել, տարբեր դպրոցների աշակերտները հավաքվում էին և նրանց հետ պատմության վերաբերյալ դասեր էինք անցկացնում:

- Կայի՞ն առարկաներ, որոնք չէիք սիրում, երբևէ փախել եք դասերից:

- Ես չեմ փախել դասերից, բայց եթե անհետաձգելի գործեր էին լինում, թույլտվություն էի խնդրում: Ի դեպ, լավ էի սովորում, անվանական կրթաթոշակ էի ստանում(92 ռուբլի), բայց իհարկե կային դասեր, որոնք ինձ հետաքրքիր էին, առանձնապես տպավորություն չեն թողել քաղաքատնտեսության դասերը, պատմության որոշ առարկաներից էլ հաճույք րեմ ստացել, գուցե դասախոսից էր, չեմ սիրել Ասիայի և Աֆրիկայի երկրների պատմությունը, բայց ջանասիրաբար սովորել եմ:

- Ազատ ժամանակ սիրում էիք…

- Լինել բնության գրկում, արշավների գնալ, խնջույքներ կազմակերպել, խորոված անել Սևանում, Դիլիջանում շատ էինք լինում: Գնում էինք նաև գյուղերում ապրող մեր համակուրսեցիների տուն մի ամբողջ օր ուրախանում էինք: Ազատ ժամանակ կինո էինք գնում, հատկապես առաջին և երկրորդ կուրսերում ոչ մի թատերական ներկայացում բաց չէինք թողնում, մասնակցում էինք համերգների, սպորտային միջոցառումների, «Արարատ» ֆուտբոլային թիմի ծաղկման շրջանն էր, բոլոր խաղերին ներկա էինք: Լինում էինք Խորհրդային միության տարբեր քաղաքներում, հատկապես սիրոմ էինք Լենինգրադը: Մեր կրթաթոշակը ծախսում էինք նաև սրճարաններում, ընդ որում, վճարում էր նա, ում մոտ փող էր լինում: Կրթաթոշակը հերիքում էր (իհարկե, ծնողներն էլ էին օգնում), այն ժամանակ մեկ բաժակ սուրճը 16 կոպեկ էր, ամենաթանկ բանը, որ գնում էինք` մեկ շիշ շամպայնն էր` 4-6 ռուբլի: Այս ամենի հետ, չէինք մոռանում կարդալ, գրադարանում կամ տանը կարդալը մեզ համար պարտադիր էր:

- Պրն Սիմոնյա՚ն, երբ խոսում եք ուսանողական տարիներից, առաջինն ի՞նչ եք հիշում:

- Իմ ամենավառ հիշողությունը Լենինգրադի Էրմիտաժում անցկացրած ուսանողական պրակտիկան է: Ընկերներով ոչ միայն ծանոթացանք մշակութային արժեքներին, այլ նաև հրաշալի ժամանակ անցկացրինք: Տպավորիչ են եղել նաև կուրսեցիներիս հարսանիքները, մանավանդ, հետաքրքիր էր, երբ դրանք գյուղում էին լինում, հատկապես լավ եմ հիշում համակուրսեցիներիս հարսանիքը ` Արարատի մարզի Արարատ գյուղում երկու օր մնացինք, ուրախացանք, զվարճալի դեպքեր եղան: Մեր կուրսում հումորի մեծ զգացում ունեցող ընկերներ ունեինք, որոնք «օյիններ» խաղալու վարպետներ էին:

- Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սարգսյանն ի՞նչ է ակնկալում 2009 թվականին Ձմեռ պապից և ի՞նչ է ցանկանում ուսանողներին:

- Շատ կուզենայի հավատալ, որ Ձմեռ պապ գոյություն ունի, ամենայն հավանականությամբ, կան մարդիկ, որոնք Ձմեռ պապ են, մեր շրջապատում նրանց հաճախ չենք նկատում, բայց այդպիսիք կան: Ձմեռ պապից ակնկալում եմ մեր երկրին խաղաղություն, հասարակությանը` համբերություն և ուշադրություն միմյանց նկատմամբ, լինենք ամուր որպես ազգ և առողջ` որպես հասարակություն: Կուզենայի` Ձմեռ պապան առողջություն բերեր մեր ժողովրդին, իմ ընտանիքին, իմ հարազատներին, համալսարանականներին: Ուսանողներին ցանկանում եմ անամպ երկինք, խաղաղություն, ցանկանում եմ, որ նրանք հետամուտ լինեն իրենց ուսմանը, նախ պարզեն, թե ինչ են ուզում այս աշխարհից և ինչպես անեն, որ երկուսը լինեն ներդաշնակ, համահունչ իրենց էությանը, երբեք չընկրկեն դժվարությունների առաջ, լինեն վստահ սեփական ուժերի նկատմամբ և անպայման զբաղվել իրենց սիրած գործով:

Վարդիթեր Ղազարյան
Գոհար Պողոսյան

Այլ նորություններ
Յուրաքանչյուր համալսարանական ուսխորհրդի անդամ է
Հարցազրույց ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանի հետ
«Յոթերորդ գումարման ուսանողական խորհուրդն է ձևավորվել, որը պիտի շարունակի բոլոր լավ ավանդույթները, որ ուներ նախկին Ուսխորհուրդը, և պետք է ստեղծենք խմբեր, հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն ուսանողների առավել շատ հուզող խնդիրներով»:
Համալսարանական-ազատամարտիկ. Անմահ «Մահապարտ»
«Սովորել միշտ էլ կարող եմ, հիմա զիվոր է պետք»,- սրանք են այն խոսքերը, որը Վարդանն ասաց ռազմաճակատ մեկնելու նախօրեին: Վարդան Հովհաննիսյանը ծնվել է 1972 թվականի հունվարի 13-ին: Միջնակարգ կրթություն է ստացել Նոր Նորքի թիվ 142 միջնակարգ դպրոցում, այնուհետև 1988 թ.-ին ընդունվել է Եպհ մեխանիկայի ֆակուլտետ: Երկրորդ կուրսից տեղափոխվել է տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ:
Որտե՞ղ ես բնակվելու…
Երևանի պետական համալսարանի համակարգչային կենտրոնի ղեկավար Ռուբեն Թոփչյանի տվյալների համաձայն միայն այս տարի ԵՊՀ ընդունված ուսանողներից 1328-ը մարզերից են,իսկ 188-ը`այլ երկրներից: Այս ուսանողները ուսանողական պարտականությունների կեղքին ունեն նաև իրենց խնդիրները, դրանցից առաջինը,թերևս,բնակության վայր գտնելն է:Որտե՞ղ պիտի բնակվի Հայաստանի որևէ մարզից կամ արտասահմանից եկած ուսանողը, հատկապես,եթե չունի ազգական Երևանում:
«Ալեք Մանուկյան 1» ամսաթերթի առաջին համարը լույս է տեսել 2008 թվականի դեկտեմբերի 22-ին: Այնտեղ զետեղված հոդվածների թեմաները բազմազան են: Ամսագրում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք առընչվում են ԵՊՀ ուսանողների ոուսանողական կյանքին, ուսումնական համակարգին, ԵՊՀ հայտնի համալսարանականների կենսագրություններին և այլն:

Գլխավոր խմբագիր՝
Գոհար Պողոսյան

Խմբագրական խորհուրդ՝
Ցոլակ Ակոպյան
Ռուզան Գիշյան
Աննա Չախոյան
Անի Արթենյան
Շողիկ Գասպարյան
Հարություն Ազգալդյան
Մարիաննա Գալոյան
Ներբեռնել ամսագիրը
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am