Հայաստանի գիտության եվ տեխնոլոգիաների հիմնադրամի փոխնախագահ Ստեփան Մարգարյանի կողմից կրթաթոշակային ծրագրի ներկայացում
09.02.18 - 09.02.18
Ժամը՝ 14:00
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճ

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի, ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ համալսարանականներին կներկայացվի «FAST կրթաթոշակային ծրագրի»՝ 2018-2019 թթ. ուստարվա համար նախատեսված հայտադիմումների կարգը:

 

Մասնավորապես Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի փոխնախագահ Ստեփան Մարգարյանը հավանական դիմորդներին կներկայացնի «FAST կրթաթոշակային ծրագիրը»:

 

Ծրագրի նպատակն է աջակցել ազգությամբ հայ կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող տաղանդավոր այն ասպիրանտներին և ուսանողներին, ովքեր ցանկություն ունեն Հայաստանի առաջատար բուհերում բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում իրականացնելու գիտությունների թեկնածուի աստիճանի ձեռքբերմանն ուղղված հետազոտություններ:

 

Ծրագրի շահառուներին տրամադրվում է ֆինանսական և ինստիտուցիոնալ աջակցություն, ինչը թույլ է տալիս լիարժեքորեն զբաղվելու գիտական աշխատանքով, ապահովելու գիտական շրջադարձային արդյունքներ ու ստեղծելու առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ի զորու են առավել մեծ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա:

 

Մասնավորապես յուրաքանչյուր տարի գիտությունների թեկնածուի աստիճանի հավակնող ապագա ուսանողների և հայցորդների համար առաջարկվում է հետևյալ կրթաթոշակները՝

  • 5 ամբողջական կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը տարեկան 7.000 ԱՄՆ դոլար
  • 25 մասնակի կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը տարեկան 3.500 ԱՄՆ դոլար
  • 10 ամբողջական կրթաթոշակ իգական սեռի ներկայացուցիչների համար՝ յուրաքանչյուրը տարեկան 7.000 ԱՄՆ դոլար

Կրթաթոշակները ներառում են ոչ միայն ուսման վարձը, այլև կեցության ծախսերը և թոշակը: Դրանք շնորհվում են յուրաքանչյուր տարի՝ երկարացման համար դիմելու հնարավորությամբ, ինչպես նաև կախված դիմորդի ակադեմիական առաջադիմությունից և ընթացիկ տարում այլ պարտավորությունների կատարումից:

 

2018-2019 ուսումնական տարվա համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2018թ. մարտի 31-ն է:

 

FAST կրթաթոշակային ծրագրին դիմելու և ավելին իմանալու համար՝ այցելեք հետևյալ հղումով` http://bit.ly/2Db8Xz2: 

 

FAST հիմնադրամի կայքէջ՝  http://fast.foundation/#/ :

 

Հավելենք, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կրթաթոշակային ծրագիրը հիմնվել է 2017 թ.-ի հոկտեմբերին: