Ամառային դպրոցի մասնակցության հրավեր
18.04.19 - 25.04.19
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Երևանի պետական համալսարանը հայտարարում է ամառային դպրոցի մասնակցության մրցույթ, որը նախատեսվում է անցկացնել «Միջմշակութային հանդիպումներ ակադեմիական միջավայրում և աշխատավայրում» գրանտային ծրագրի շրջանակներում: Ամառային դպրոցը հովանավորվում է Նորվեգիայի կրթության միջազգային համագործակցության կենտրոնի կողմից:

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հարավային Կովկասի և Նորվեգիայի գործընկեր բուհերի միջև անց է կացվում համատեղ ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է հաստատել և զարգացնել կառուցողական համագործակցություն՝ լեզվական և մշակութային բազմազանության պայմաններում գիտական և աշխատանքային գործունեություն ծավալելու, համաշխարհայնացման, ներկա համատեքստում, միջմշակութային բախումների մարտահրավերներին դիմակայելու հմտություններ ձեռք բերելու նպատակով: Ծրագրի շրջանակներում 2019թ. ամռանը նախատեսվում է անցկացնել ամառային դպրոց «Միջմշակութային հաղորդակցության ակադեմիական կարգավորումներ» խորագրով:


ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

«Միջմշակութային հաղորդակցության ակադեմիական կարգավորումներ» խորագրով ամառային դպրոցը երկշաբաթյա դասընթացների ծրագիր է, որը տեղի կունենա հուլիսի 15-19-ը Թբիլիսիում, իսկ 22-ից 26-ը՝ Օսլոյում: Ուսումնական ծրագրով ուսանողների համար նախատեսվում են մի շարք դասախոսություններ, ուսումնական այցեր գիտակրթական հաստատություններ և թիմային աշխատանքներ: Դասընթացներն ընդգրկում են հետևյալ թեմաները՝
• Սուբյեկտիվ կարծրատիպերից / նախապաշարմունքներից մինչև անալիտիկ ընկալումներ
• Ազգային ինքնության ձևավորման ուղիները
• Միջմշակութային հաղորդակցության կաղապարները
• Գլոբալիզացիա և մշակույթ
• Միգրացիա և գենդեր
• Միգրացիա և լրատվամիջոցներ
• Միգրացիա և տնտեսություն
• Ատելության խոսքի դրսևորումներ


Երկշաբաթյա դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցության հավաստագիր:


Աշխատանքային լեզուն` անգլերեն


Ծրագիրը կհոգա Երևան -Թբիլիսի - Երևան ճանապարհածախսը, Թբիլիսի - Օսլո - Թբիլիսի չվերթները և օդանավակայանի տեղափոխման ծախսերը: Ներառվում են նաև կացարանի և ընտրված սննդի ծախսերը Թբիլիսիում և Օսլոյում:


«Միջմշակութային հաղորդակցության ակադեմիական կարգավորումներ» ամառային դպրոցի մասնակցության հայտ կարող են ներկայացնել ԵՊՀ Եվրոպական լեզուների ֆակուլտետի Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտության ամբիոնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները: Մրցույթին մասնակցելու համար մինչև ս.թ. ապրիլի 23-ը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն պետք է ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV) և նամակ հիմնավորում (Motivation Letter) անգլերեն լեզվով: Մրցութային կարգով ընտրված լավագույն ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի, որը կկայանա ս.թ. ապրիլի 25-ին ժամը 11-ին: Խնդրում ենք հայտերը ներկայացնել amarkarov@ysu.am էլ. հասցեին: