«Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» (ՄԽԿ) ծրագրի շնորհանդես (Գերմանիայի Բունդեսթագ)
29.11.19 - 04.12.19
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Գերմանիայի Բունդեսթագը Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ միասին ամեն տարի տրամադրում է կրթաթոշակներ մոտ 42 երկրի բուհերի երիտասարդ շրջանավարտների համար:

 

Այդ իսկ պատճառով ԵՊՀ գերմանախոս ուսանողները  2019 թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 13.00-ին, հրավիրվում են մասնակցելու «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» (ՄԽԿ) ծրագրի շնորհանդեսին, որի ընթացքում ներկայացվելու են համապատասխան ծրագիրը և Բեռլինում ուսումնառության հնարավորությունները։  

 

Ուսումնառության մոտ 15 շաբաթվա ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենալու ծանոթանալու գերմանական խորհրդարանական համակարգին և գործնական փորձ են ձեռք բերելու խորհրդարանական աշխատանքի բնագավառում: Բացի դրանից՝ կրթաթոշակառուներն ամառային ուսումնական կիսամյակի ընթացքում համարվում են Հումբոլդտի համալսարանի ունկնդիրներ և հնարավորություն ունենում մասնակցելու Ազատ համալսարանի ու Տեխնիկական համալսարանի դասախոսություններին և ուսումնական միջոցառումներին:


Ծրագիրը նպատակաուղղված է  մասնակից երկրների և Գերմանիայի միջև գոյություն ունեցող հարաբերությունների խթանմանն ու ամրապնդմանը:
 

ՄԽԿ ծրագրի պատվիրակությունը 2019 թ. դեկտեմբերի 2-ից 4-ը ժամանելու է Հայաստան` ընտրելու 2020 թ. ՄԽԿ ծրագրի կրթաթոշակառուներին:

 

Շնորհանդեսը տեղի է ունենալու Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, կոնֆերանսների դահլիճ):