Արիզոնայի պետական համալսարան կացության ծրագրով մեկնելու երրորդ մրցույթի հայտարարություն
15.09.20 - 23.10.20
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հիմնական նպատակներից է հավատարմագրված, միջազգայնորեն ճանաչված ամերիկյան հետազոտությունների (ամերիկագիտության) մագիստրոսական կրթական ծրագրի մշակումը և իրականացումը: Մագիստրոսական կրթական ծրագրի զարգացման գործում Երևանի պետական համալսարանը համագործակցում է Արիզոնայի պետական համալսարանի հետ։

2020-2021 և 2021-2022 ուստարիների ընթացքում նախատեսվում է դասախոսական կազմի համար հատուկ ծրագրի գործարկում, որը հնարավորություն կընձեռի առավելագույնը ութ դասախոսների կիսամյակային կացության ծրագրով մեկնելու Արիզոնայի պետական համալսարան՝ ամերիկյան հետազոտությունների թիրախային բնագավառներում համապատասխան կրթական դասընթացներ մշակելու համար։

Ծրագրի իրականացման ժամկետները. կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ մրցույթը հաղթահարած դիմորդների ընտրված խումբը գտնվելու է Արիզոնայի պետական համալսարանում քառամսյա ժամկետով՝ կամ 2021 թ․ հունվարի սկզբից մինչև մայիսի սկիզբ կամ 2021 թ․ օգոստոսի վերջից մինչև դեկտեմբերի վերջ:

Ովքե՞ր իրավունք ունեն դիմելու. խրախուսվում են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի բոլոր ներկայացուցիչների և ասպիրանտների դիմումները, ինչպես նաև Երևանում գործող հավատարմագրված բուհերի, որոնք ներկայումս ունեն հասարակագիտական ծրագիր, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք ամերիկյան հետազոտությունների շրջանակում ունեն դասավանդման և (կամ) հետազոտական հետաքրքրություններ:

Դիմումների վերջնաժամկետը. ավարտուն դիմումները պետք է ներկայացվեն ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն ոչ ուշ, քան 2020 թ. հոկտեմբերի 23-ը, ինչպես նաև ուղարկվեն էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներին՝ պրոֆ. Ալեքսանդր Մարգարովին՝ amarkarov@ysu.am, և ԱՊՀ «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի համաղեկավար, Արիզոնայի պետհամալսարանի Մելիքյան կենտրոնի հիմնադիր տնօրեն պրոֆ. Ստիվեն Բատալդենին` stephen.batalden@asu.edu:

Ընտրված մասնակիցների հետ հարցազրույցը կանցկացվի 2020 թ. հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին:

Մրցութային հայտի արդյունքների մասին հայտարարությունը կկազմվի մինչև 2020 թ.նոյեմբերի կեսերը:

Կից ներկայացնում ենք ծրագրի մանրամասները  (հայերեն ու անգլերեն) և դիմում-հայտի ձևերը: