ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
25.03.21 - 30.04.21
ԵՊՀ ռեկտորատ

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) հայտարարում է հուշարձանի (հուշահամալիրի) էսքիզային առաջարկի բաց մրցույթ:

 

Մրցույթի նպատակն է ընտրել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմին մասնակցած և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ԵՊՀ ուսանողների ու աշխատակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի (հուշահամալիրի) կառուցման համար լավագույն նախագծային առաջարկությունը:


Ներկայացված էսքիզային առաջարկը պետք է պարունակի տեղեկություն.

  • Կառուցվող հուշահամալիրի նախագծային և կառուցման ընդհանուր արժեքի վերաբերյալ,
  • Կառուցման ժամանակացույցի վերաբերյալ,
  • Նյութի տեսակի, գույնի, չափերի վերաբերյալ:

Մրցույթին մասնակցությունը

Մրցույթը բաց է հետաքրքրված բոլոր անհատների, խմբերի և կազմակերպությունների համար՝ առանց որևէ սահմանափակման: Մասնակցությունն անվճար է:

 

Առաջարկին ներկայացվող պահանջներ

Էսքիզային նախագիծ-առաջարկն անհրաժեշտ է ներկայացնել 700 × 1000 մմ չափի 2-3 պաստառի (վահանակի) վրա (ցանկալի է ուղղահայաց ցուցադրությամբ),  300 dpi լուծաչափով (resolution), ինչպես նաև էլեկտրոնային Adobe Acrobat (PDF) ձևաչափով:

Յուրաքանչյուր պաստառ վերին աջ անկյունում պետք է ունենա ութանիշ համար՝ որպես հայտի նույնականացման ծածկագիր: Նույնականացման ծածկագիրը պետք է լինի Tahoma Bold կամ այլ ստանդարտ տառատեսակով, 24 pt տառաչափով:


Թվային նյութերը պետք է անվանվեն հետևյալ կերպ՝ ներառելով նույնականացման ծածկագիրը. (ID): ID_DESIGN.PDF:

Օր.՝ 01234567_DESIGN.PDF


Յուրաքանչյուր դիմորդ պետք է պատրաստի A4 չափի տեղեկատվական թերթիկ՝ այն անվանելով առաջարկի ութանիշ նույնականացման ծածկագրով (ID), ID_INFO.PDF: Տեղեկատվական թերթիկը պետք է ներառի նույն ութանիշ թիվը, առաջարկի հեղինակ(ներ)ի ամբողջական անուն(ներ)ը, կոնտակտային տվյալները՝ ներառյալ փոստային դասիչ, հեռախոսահամար և էլ. փոստի հասցե:


Հավելյալ ֆայլերի անվանումներն անհրաժեշտ է ստեղծել նույն տրամաբանությամբ:


Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն Adobe Acrobat (PDF) ձևաչափով և միասին չգերազանցեն 100 Mb-ը:


Վերջնական ֆայլերն անհրաժեշտ է ուղարկել նշված կայքերից որևէ մեկի միջոցով՝ WeTransfer, Dropbox, OneCloud և iCloud: Այլ աղբյուրներից ստացված ֆայլերը կհամարվեն թերի դիմումներ: Առաջարկների փաթեթներն ուղարկելուց հետո պետք է առնվազն 3 օր պահպանեն իրենց հասանելիությունը:


Առաջարկն անհրաժեշտ է ուղարկել monument@ysu.am էլ. փոստին՝ վերնագրի դաշտում նշելով նույնականացման ութանիշ թիվը: Տեղեկատվական թերթիկը անհրաժեշտ է կցել նամակին, իսկ նամակի տեքստում՝ տեղադրել առաջարկի բեռնման ուղիղ հղումը։


Տեխնիկական խնդիրների դեպքում կազմակերպիչները մասնակցի հետ կհաստատեն կապ՝ նույն էլ. փոստի միջոցով, մրցույթի վերջնաժամկետի ավարտից հետո՝ 3 օրվա ընթացքում: Խնդրում ենք այդ ընթացքում պարբերաբար ստուգել Ձեր էլ. փոստը։  


Առաջարկն ուղարկելուց հետո կստանաք դրա բարեհաջող ստացումը հաստատող պատասխան հաղորդագրություն:

 

Նախագծի կազմը

Նախագծի գրաֆիկական մասը պետք է պարունակի՝

  • նախագծվող օբյեկտի գլխավոր հատակագիծը (պայմանական հողամասի չափն ընդունել 1000 քառ.մետր),
  • տարածքի բարեկարգման ուրվագիծը,
  • հուշարձանի օրթոգոնալ պրոեկցիաները՝ Մ1:50 կամ Մ1:100 մասշտաբի,
  • 3D եռաչափ պատկերներ՝ մի քանի դիտակետերից:

Նախագծին անհրաժեշտ է կցել բացատրագիր՝ 500 բառից ոչ ավելի:

 

Կանոններ

Հայցելով ելակետային նյութերի փաթեթը և ներկայացնելով առաջարկը՝ հայտատուները ընդունում են մրցույթի կանոնները։


Նախագծի հեղինակները պահպանում են նախագծերի հեղինակային իրավունքները:  Նախագծերը փոփոխության ենթակա չեն՝ առանց վերջիններիս պաշտոնական, գրավոր համաձայնության:


Մրցութային հանձնաժողովն իրավունք ունի չընդունել փաթեթում ներկայացված մրցութային պարտադիր պահանջներին և կանոններին չհամապատասխանող ցանկացած նախագիծ:


Բոլոր նախագծերը, ներառյալ հանձնաժողովի կողմից չընդունվածները, կցուցադրվեն մեկ շաբաթ՝ մրցույթի արդյունքներն ամփոփելուց առաջ և ևս մեկ շաբաթ՝ մրցույթի հաղթողներին հայտարարելուց հետո:


Մրցույթին ներկայացվող աշխատանքները հետ չեն վերադարձվում:


Մրցույթի գլխավոր մրցանակին արժանացած էսքիզային նախագիծը հիմք է ընդունվում կառույցի իրականացման համար: Հեղինակի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:


Հանձնաժողովը, ինչպես նաև կազմակերպիչները կարող են չսահմանել գլխավոր մրցանակ՝ բաշխելով մրցանակային ֆոնդը հաղթողների միջև:


Կազմակերպիչները կարող են ուղղակիորեն բանակցել մասնակիցներից յուրաքանչյուրի հետ՝ անկախ մրցույթի արդյունքից:


Շահերի բախման առկայության դեպքում կազմակերպիչներն իրավունք ունեն որակազրկել ցանկացած մասնակցի:

 

Մրցույթի արդյունքների ամփոփումը

Մրցույթի համար ներկայացված հայտերում ներառված նախագծային փաթեթները քննարկվում և գնահատվում են հանձնաժողովի փակ նիստում հայտերի ներկայացման ավարտից հետո 10-օրյա ժամկետում՝ պահպանելով մասնակիցների գաղտնիությունը:

Մրցութային հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները վերջնական են:

Մասնակիցների նույնականացման ծրարները բացվում են հանձնաժողովի վերջնական որոշումից հետո:

 

Մրցանակային ֆոնդը

Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 1․000․000 ՀՀ դրամ, որից՝

x 1-ին (գլխավոր) մրցանակ՝ 500 000 ՀՀ դրամ,

x 2-րդ մրցանակ՝ 300 000 ՀՀ դրամ,

x 3-րդ մրցանակ՝ 200 000 ՀՀ դրամ:

  

Հուշահամալիրի Էսքիզային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. ապրիլի 30-ն է։


Էսքիզային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1) 507 սենյակ կամ ուղարկել monument@ysu.am էլ. փոստին: