«Կարիերայի զարգացմանը խթանող և արգելք հանդիսացող գործոնները աշխատաշուկայի արդի պայմաններում» խորագրով սեմինար-դասընթացների շարք

Մայիս-հունիս, 2011թ.

Ծրագրի նպատակները և խնդիրները 

  • ներկայացնել կարիերայի զարգացմանը խթանող և խոչընդոտող գործոնները
  • բարձրացնել ապագա շրջանավարտների մրցունակությունը
  • ներկայացնել արդի աշխատաշուկայի հիմնական պահանջները և իրազեկել աշխատաշուկայում առկա առաջատար գործատուների կադրային քաղաքականությանը
  • կարևորել ուսանողի աջադնորդ լինելու, ինչպես նաև հասարակական ակտիվության գործոնները և մասնակից դարձնել ԵՊՀ ուսանողական կառույցների և ուսանողների հետ աշխատող այլ ստորաբաժանումների գործունեությանը
  • նպաստել թիմային ոգու բարձրացմանը և զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները

Ծրագրի բովանդակությունը և մեթոդաբանությունը

Սեմինար-դասընթացների ընթացքում իրականացվել են երիտասարդների զբաղվածության խնդիրներին առնչվող քննարկումներ, բանավեճեր, երիտասարդների արտագաղթի և այդ բնագավառում իրականացվող քաղաքականության, գործատուին ճիշտ ներկայանալու և ռեզյումե կազմելու սկզբունքների վերաբերյալ դասախոսություններ:

Սեմինար-դասընթացների ամփոփումից հետո դասընթացավարների կողմից ընտրվել են առավելագույնս ակտիվ մասնակցություն դրսևորած 45 ուսանողներ, ովքեր մասնակցել են Ծաղկաձորում տեղի ունեցած «Երիտասարդական մասնակցությունն ու առաջնորդությունը` որպես կարիերայի զարգացման խթան»  եռօրյա խորացված դասընթացին: Այստեղ ուսանողները ծանոթացել են ուսանողական ակտիվության, լիդերության, հաղորդակցության հմտությունների և մի շարք այլ հարցերի հետ, ներգրավվել այսբրեքերների և այլ ինտերակտիվ խաղերի:

Դասընթացները, սեմինար-քննարկումները ղեկավարել են բազմաթիվ թրեյնինգների անցկացման փորձ և միջազգային երիտասարդական ծրագրերին ակտիվ մասնակցություն ունեցող թրեյներներ և ՀՀ երիտասարդական ոլորտում կարևոր ներդրում ունեցող փորձագետներ:

Ծրագրի մասնակիցների ընտրության կարգը

Ծրագրի թիրախային հիմնական խումբ են համարվել 17-25 տարեկան ԵՊՀ ուսանողներ ու շրջանավարտներ: 

Սեմինար-դասընթացների շարքին ներգրավվել ցանկացողները լրացրել են կայքէջում տեղադրված մասնակցության էլեկտրոնային հայտը:

Հայտերի ուսումնասիրության հիման վրա ընտրված թեկնածուները հրավիրվել են  հարցազրույցի, որի արդյունքում կատարվել է մասնակիցների վերջնական ընտրությունը:

Հարցազրույցի փուլը հաղթահարած ԵՊՀ տարբեր ֆակուլտետների 100 ուսանող մասնակցել է Երևանում անցկացված եռօրյա սեմինար-դասընթացներին: