Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ԵՊՀ-ում է 2009 թվականից: Ավելի քան տասը տարի աշխատում է համալսարանի ուսանողների և շրջանավարտների հետ՝ հնարավորություններ ստեղծելով նրանց մասնագիտական աճի և զարգացման համար, ինչպես նաև օգնելով աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հարցում:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որը մշակել է մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիր՝ պատերազմի մասնակից ուսանողներին աշխատանք գտնելու հարցում օժանդակելու համար։