Կանոնադրություններ, Ծրագրեր, Պայմանագրեր եւ այլ փաստաթղթեր
Դիմորդ
Օրենսդրություն և կրթական որոշ փաստաթղթեր

Երևանի պետական համալսարանում բարձրագույն կրթությամբ տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից Խորհրդային շինարարության (այնուհետև` Հասարակագիտական, Սոցիալ-տնտեսագիտական, Տնտեսագիտական) ֆակուլտետում:

1975 թ.-ին համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի հենքի վրա ստեղծվեց Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Սակայն 1984 թ.-ին համալսարանում տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտական ուղղվածությամբ կրկին սկսեց գործել տնտեսագիտության ֆակուլտետը:

Ֆակուլտետում համատեղության կարգով դասավանդում են հանրապետության պետական կառավարման համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի և տնտեսության տարբեր ճյուղերի առաջատար կազմակերպությունների լավագույն մասնագետները:

Ֆակուլտետը  համագործակցում է ՀՀ և արտերկրի մի շարք մասնագիտական միավորումների հետ: Հայկական տնտեսագիտական միության հետ համատեղ կազմակերպվում են տարեկան գիտաժողովներ: 2013թ. տարեկան գիտաժողովի նյութերը հրատարակվել են Տնտեսագիտության ֆակուլտետի «Տարեգիրք-2013» գիտական նյութերի ժողովածուի մեջ: Ժողովածուն հասանելի է ֆակուլտետի ամբիոններում, գրադարանում, իսկ ԵՊՀ դասախոսների առանձին հոդվածները հասանելի են նրանց՝ ԵՊՀ կայքի անհատական էջերում: Տարեգրքի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Ֆակուլտետում գործում է  4 ամբիոն հիմնական դրույքով ավելի քան 70 և համատեղող 60 դասախոսներով.

1. Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն,
2. Կառավարման և գործարարության ամբիոն
,
3. Ֆինանսահաշվային ամբիոն
,
4. Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոն
,

Ֆակուլտետի ուսուցման համակարգը եռաստիճան է` բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

Ֆակուլտետի բակալավրիատում ուսուցումը կազմակերպվում է երեք մասնագիտությամբ`

«Տնտեսագիտության տեսություն»,

«Ֆինանսներ»,

«Կառավարում»:

Ֆակուլտետում 2017թ. մարտի 1-ի դրությամբ գործում են մագիստրոսական հետևյալ ծրագրերը`

1. Տնտեսագիտություն և գործարարություն

2. Մոդելավորումը ֆինանսատնտեսական համակարգերում,
3. 
Կառավարման ինֆորմացիոն համակարգեր, 
4.
Միջազգային տնտեսական հարաբերություններ,
5.
Ֆինանսներ, վարկ և դրամաշրջանառություն,
6.
Հաշվապահական հաշվառում և աուդիտ,
7.
Գործարար կառավարում,
8.
Ինովացիոն կառավարում:

Ֆակուլտետում գործում է նաև հեռակա ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա:

2017թ. մարտի 1-ի դրությամբ ֆակուլտետն ունի ավելի քան 1600 սովորող (առանց հեռակա ուսուցման մագիստրատուրայի 3-րդ կուրսի, որն ավարտել է 2017թ. փետրվարին), այդ թվում՝

1. առկա ուսուցմամբ` 1060, որից`
բակալավրիատում` շուրջ 940,
մագիստրատուրայում` ավելի քան 120,
2.
հեռակա ուսուցմամբ` ավելի քան 510, որից
բակալավրիատում`շուրջ 350,
մագիստրատուրայում` ավելի քան 150,
3.
ասպիրանտներ` 40,
4.
հայցորդներ` 20:

Վերջին մի քանի տարիներին ֆակուլտետն ավարտում են տարեկան շուրջ 500 շրջանավարտ, որից 300-ը` բակալավրիատում, 200-ը` մագիստրատուրայում:

2014թ.-ին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը վերանվանվել է ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի:

Քարտեզ