ԵՊՀ
Կենսաբանության ֆակուլտետ Armenian

English
ԵՊՀ
Կենսաֆիզիկայի ամբիոն
Կենսաֆիզիկայի ամբիոնը հիմնադրվել է 1963 թ: Ամբիոնի հիմնադիրը և առաջին վարիչը պրոֆեսոր Գերասիմ Հարությունի Փանոսյանն է: Նա ղեկավարել է ամբիոնը 1963 - 1984, 1986 - 1994, 2000 - 2001 թթ: 1984 - 1986 թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Սերգեյ Մուշեղի Մարտիրոսովը, 1994 - 2000 թթ.` պրոֆեսոր Էմիլ Սոսի Գևորգյանը: 2001 թ.-ից ամբիոնի վարիչն է պրոֆեսոր Պողոս Հովհաննեսի Վարդևանյանը:

Ամբիոնում և 1979 թ. ստեղծված գիտահետազոտական խմբում (հետագայում` «Ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի» գիտահետազոտական լաբորատորիա) կատարվել են կարևոր աշխատանքներ կենսաֆիզիկայի, մոլեկուլային և բջջային կենսաբանության բնագավառում, որոնք հիմնականում վերաբերում են գենոմի և թաղանթների կենսաֆիզիկային: Ամբիոնում նրա գոյության տարիներին զարգացվել են գիտական նոր ուղղություններ:

Հիմնադրման օրվանից կենսաֆիզիկայի ամբիոնում պատրաստվել են գիտությունների ութ դոկտոր և հիսունից ավելի թեկնածուներ:

Զգալի է ամբիոնի աշխատակիցների ներդրումը հանրապետությունում ժամանակակից կենսաֆիզիկայի զարգացման բնագավառում: Ըստ էության, հանրապետությունում կենսաֆիզիկոս-հետազոտող պատրաստող հիմնական կենտրոնը ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնն է: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ հանրապետության կենսաֆիզիկական ուղղորդվածություն ունեցող բոլոր լաբորատորիաները համալրվում են ամբիոնի շրջանավարտներով: Իր գոյության չորս տասնամյակների ընթացքում ամբիոնը պատրաստել է նաև մասնագետներ, որոնք հաջողությամբ աշխատում են մոլեկուլային և բջջային կենսաբանության, ինչպես նաև ժամանակակից կենսաբանության այլ բնագավառներում:

Անցած տարիների ընթացքում կենսաֆիզիկայի ամբիոնը հրատարակել է ավելի քան 1000 գիտական աշխատություն, 15 մենագրություն, դասագիրք և ուսումնամեթոդական ձեռնարկներ, ստացել է 10-ից ավելի հեղինակային իրավունք: Վերջին 10 տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցների կողմից պաշտպանվել է 2 դոկտորական և 20-ից ավելի թեկնածուական ատենախոսություն:

Ամբիոնը համագործակցում է միջազգային ճանաչում ունեցող հանրապետական, ինչպես նաև արտասահմանյան գիտական կենտրոնների հետ: Ամբիոնի աշխատակիցները սերտորեն համագործակցում են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի դաշնության գիտնականների հետ: Արդյունավետ է համագործակցությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (Մոսկվա, ՌԴ), Բոստոնի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ), Բախի անվ. կենսաքիմիայի ինստիտուտի (Մոսկվա, ՌԴ), Մաքս Պլանկի անվ. մանրէաբանության ինստիտուտի (Մարբուրգ, Գերմանիա), Միչիգանի համալսարանի (Էնն Հարբոր, ԱՄՆ), Դյուսելդորֆի համալսարանի (Գերմանիա), Էնլարգենի համալսարանի (Գերմանիա) հետ: Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է միջազգային և հանրապետական գիտական թեմաների կատարմանը, շահել է տասնմեկ միջազգային գիտական և ուսումնական դրամական շնորհներ (CRDF, TEMPUS, ISF, ANSEF):

Ամբիոնի աշխատակիցներ պրոֆ. Ա. Թռչունյանը և դոցենտ Կ. Բաղրամյանը 2002 թ. գիտական աշխատությունների շարքի համար արժանացել են բնական գիտությունների զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին:

Ամբիոնում աշխատանքներ են տարվում հետևյալ գիտական ուղղություններով.
1. Քրոմատինի և ԴՆԹ-ի հետ փոխազդող կենսաբանորեն ակտիվ միացությունների կոմպլեքսների կառուցվածքային ուսումնասիրություններ,
2. Ստերոիդային և պեպտիդային հորմոնների ազդեցության մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրություններ,
3. Բակտերիաների թաղանթների կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունների ուսումնասիրություններ,
4. Թաղանթների կառուցվածքի և ֆունկցիաների վրա ազատ ռադիկալային պրոցեսների ազդեցության ուսումնասիրություններ,
5. Ֆոտոսինթեզի ֆոտոֆիզիկական և ֆոտոքիմիական մեխանիզմների ուսումնասիրություններ,
6. Տարբեր դեղաբույսերի բջջային, կալուսային կուլտուրաներում երկրորդային մետաբոլիտների սինթեզի խթանման ուսումնասիրություններ:
Ամբիոնի վարիչ
Պրոֆեսոր
Պրոֆեսոր
Ամբիոնի պատվավոր վարիչ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Ֆակուլտետի դեկանատ` (+374 10) 55-67-78 /ներքին 3-11/, biology@ysu.am