Կենսաբանության ֆակուլտետ
Faculty of Biology
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1933 թվականին:
>

Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1933 թվականին: Ֆակուլտետը Հայաստանում կենսաբանության տարբեր բնագավառների գծով որակյալ մասնագետների պատրաստման հիմնական գիտակրթական կենտրոնն է հանդիսանում: Ներ­կա­յումս ֆա­կուլ­տե­տի կա­ռուց­ված­քի մեջ մտնում են 7 ամ­բիոն և 1 գիտահետազոտական ինստիտուտ: Ֆակուլտետում գործում են համալսարանական 2 գիտակրթական կենտրոններ՝ «Կիրառական կենսաբանության» գերազանցության կենտրոնը և «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի» նորարարական կենտրոնը: Մասնագետների պատրաստումն իրականացվում է Բու­սա­բա­նութ­յան և սնկաբանության, Կեն­դա­նա­բա­նութ­յան, Մար­դու և կեն­դա­նի­նե­րի ֆի­զիո­լո­գիա­յի, Էկո­լո­գիա­յի և բնութ­յան պահ­պա­նութ­յան, Գե­նե­տի­կա­յի և բջջա­բա­նութ­յան, Կեն­սա­քի­միա­յի, ման­րէա­բա­նութ­յան և կեն­սա­տեխ­նո­լո­գիա­յի, Կեն­սա­ֆի­զի­կա­յի ամ­բիոն­նե­րում:


Ֆակուլտետում գտնվող «Կենսաբանության» գիտահետազոտական ինստիտուտը ներառում է նախկինում ամբիոններին կից բազային ֆինանսավորմամբ գործող գիտական լաբորատորիաները: Այն ներկայումս ունի 9 գիտական լաբորատորիաներ, որ­տեղ կա­տար­վող գի­տա­կան հե­տա­զո­տութ­յուն­նե­րի հիմ­նա­կան ուղ­ղութ­յուն­նե­րը վե­րա­բե­րում են մո­լե­կու­լա­յին և բջջա­յին կեն­սա­բա­նութ­յան, մո­լե­կու­լա­յին կեն­սա­ֆի­զի­կա­յի, ընդհանուր և բժշկական կեն­սա­քի­միա­յի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի, կիրառական մանրէաբանության, ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի, ընդհանուր և կիրառական ֆիզիոլոգիայի, սնկաբանության և բուսաբանության, կենդանաբանության և մակաբուծաբանության, էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներին:


Կենսաբանության ֆակուլտետի գիտակրթական պատշաճ մակարդակի, գիտական մեծ ներուժի վկայությունն է ներկայիս պատկառելի պրոֆեսորադասախոսական անձնակազմը (ՀՀ ԳԱԱ երկու թղթակից անդամներ, գիտությունների 18 դոկտոր և ավելի քան 70 թեկնածու): Ֆակուլտետի շրջանավարտներից շատերը միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ են, հաջողությամբ աշխատել և աշխատում են նախկին Խորհրդային Միության և հեռավոր արտասահմանյան երկրների գիտական կենտրոններում: Ֆակուլտետի ճանաչված մասնագետները գիտահետազոտական համագործակցության մեջ են արտասահմանյան մի շարք երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Ռուսաստան և այլն) գիտական կենտրոնների մասնագետների հետ, բազմիցս հանդես են եկել դասախոսություններով, գիտական զեկույցներով:


Կենսաբանության ֆակուլտետում, ինչպես և ամբողջ համալսարանում, ներկայում ուսուցումը տարվում է եռաստիճան համակարգով` բակալավրիատ (4 տարի ժամկետով), մագիստրատուրա (2 տարի) և ասպիրանտուրա (3 կամ 4 տարի` կախված ուսուցման ձևից` առկա, թե հեռակա): Այն իրականացվում է երեք մասնագիտությունների գծով` «Կենսաբանություն», «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա», «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա»: 2007/2008 ուս. տարվանից ֆակուլտետում գործում է նաև կենսաբանություն մասնագիտությամբ բակալավրիատի հեռակա բաժին:


Ներկայում ֆակուլտետն ունի 500-ից ավելի ուսանողներ, նրանցից մոտ 370-ը` բակալավրիատի ուսանողներ են, 130-ը` մագիստրատուրայի, իսկ առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտների ընդհանուր քանակը մոտ 20 է: Բակալավրիատի համակարգում ուսանողներին տրվող տեսական գիտելիքներն ամրապնդվում են Ծաղկաձորում և Հրազդանի Մարմարիկ ուսանողական հանգրվանում անցկացվող դաշտային, ինչպես նաև ‎ֆակուլտետի ամբիոններում կազմակերպվող փորձարարական պրակտիկաների ընթացքում: Բակալավրիատի ավարտական կուրսում կազմակերպվում է նաև մանկավարժական պրակտիկա Երևան քաղաքի դպրոցներում:


Ֆակուլտետ ընդունվելու համար երեք մասնագիտությունների գծով («Կենսաբանություն», «Կենսա­քի­միա և կենսատեխնոլոգիա» և «Կեն­սա­ֆի­զի­կա և կենսաինֆորմատիկա») դիմորդները պարտադիր պետք է հանձնեն կենսաբանություն առարկայից քննություն: Երկրորդ քննությունը կամընտրական է` ֆիզիկա կամ քիմիա:


Մագիստրատուրայի համակարգում ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում տաս մասնագիտացումների գծով («Բժշկական սնկաբանություն և կիրառական բու­սա­բա­նութ­յուն», «Կենդա­նա­բա­նութ­յուն և մակաբուծաբանություն», «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա», «Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա», «Կիրառական մանրէաբանություն», «Ընդհանուր և մոլեկուլային գենետիկա», «Հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիա», «Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում», «Կենսաֆիզիկա», «Կենսաինֆորմատիկա»: