Կենսաբանության ֆակուլտետ
Faculty of Biology
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1933 թվականին:
>

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը Հայաստանում կենսաբանության տարբեր բնագավառների գծով որակյալ մասնագետների պատրաստման հիմնական գիտակրթական կենտրոնն է:

Ժամանակակից պահանջներին համապատասխանող կենսաբանության տարբեր բնագավառների բարձրորակ մասնագետների պատրաստումը ներկայիս հրատապ խնդիրներից է, որի իրականացումը նախ և առաջ դրված է Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի առջև:

Բակալավրիատի համակարգում կենսաբանություն մասնագիտությամբ ուսուցումը տարվում է 6 մասնագիտացումների գծով` բուսաբանության, կենդանաբանության, գենետիկայի, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի, մանրէաբանության, Էկոլոգիայի և բնության պահպանության: Շրջանավարտներին տրվում է նաև մանկավարժի որակավորում:

Բուսաբանության ամբիոնում պատրաստվում են մասնագետներ, որոնք տիրապետում են սնկերի, ստորակարգ և բարձրակարգ բույսերի ձևաբանության, էկոլոգիայի վերաբերյալ գիտելիքներին, ունեն դրանք որոշելու ունակություններ և կարող են դրանք կիրառել բուսաբանական և ֆիտոպաթոլոգիական գիտական հետազոտություններում, կենսատեխնոլոգիայում, սնկաթունաբանական և սնկերի միջոցով օրգանական և անօրգանական նյութերի ու մթերքների քայքայման ուսումնասիրության ոլորտում: Շրջանավարտները տիրապետում են սնկաբանական, մանրէակենսաբանական, թունաբանական փորձաքննության և սննդամթերքի ֆիզիկաքիմիական ցուցանիշները որոշելու մեթոդներին: Բուսաբանության ամբիոնը հանրապետությունում սնկաբանական հետազոտությունների միակ կենտրոնն է:

Կենդանաբանության ամբիոնում պատրաստվում են բարձրորակ մասնագետներ, որոնք տիրապետում են կենդանիների կարգաբանության, էկոլոգաֆաունիստական ուսումնասիրությունների, տեսակների որոշման, պահպանության, վերարտադրության և կլիմայավարժեցման, հյուսվածաբանական, իմունոհիստոքիմիական, ձևաչափական մեթոդներին և կարող են իրենց գիտահետազոտական աշխատանքներում կիրառել հարակից գիտությունների նորագույն մեթոդները: Ամբիոնում կատարվում են աշխատանքներ Հայաստանում տարածված կուսածին սողունների ծագման, պոպուլյացիաներում տեսակառաջացման հարցերի, Հայաստանի սեյսմիկ ակտիվ գոտիներում տարածված ողնաշարավորների պոպուլյացիաներում ընթացող միկրոէվոլյուցիայի պրոցեսների, ողնաշարավորների ներքին օրգանների ռեգեներացման և դրա կարգավորման ուսումնասիրությունների ուղղությամբ:

Գենետիկայի և բջջաբանության ամբիոնում պատրաստվում են մասնագետներ, որոնք կստանան մոլեկուլային գենետիկայի, գենոմիկայի և մոլեկուլային բժշկության, մուտագենեզի սկզբունքների, գենետիկական ճարտարագիտության, բջջի ֆիզիոլոգիայի, բջջագենետիկայի, բջջային կուլտուրաների կիրառման, կենդանական բջիջների կենսատեխնոլոգիայի, գենետիկական վերլուծության, պոպուլյացիոն գենետիկայի, մարդաբանության, ֆարմակոգենետիկայի, բժշկական գենետիկայի, էկոլոգիական գենետիկայի գիտելիքներ: Ամբիոնում պատրաստվող մասնագետները հաջողությամբ կարող են աշխատել գենոմիկայի, մոլեկուլային գենետիկայի, գենետիկական ճարտարագիտության, բջջագենետիկայի և գենետիկական թունաբանության բնագավառներում:

Մանրէաբանության, բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոնում ուսուցումը տարվում է երեք հիմնական մասնագիտացումներով` մանրէաբանություն, բույսերի ֆիզիոլոգիա և բույսերի ու մանրէների կենսատեխնոլոգիա: Ամբիոնում ուսումնասիրվում է աճման կարգավորիչների ազդեցությունը տարբեր բույսերի աճման, զարգացման, ֆոտոսինթեզի և անատոմիայի վրա: Ամբիոնում ծավալվում են աշխատանքներ անհետացման եզրին գտնվող բույսերի կենսատեխնոլոգիական մեթոդներով պահպանման, (փորձարարական) պայմաններում աճեցվող բույսերի երկրորդային փոխանակության, բույսերի մեկուսացված կուլտուրաներում հակաբակտերիական և հակաուռուցքային նյութերի սինթեզի ուսումնասիրման ուղղություններով: Ամբիոնում իրականացվում են. ա) Հայաստանի ջերմային և երկրաքիմիական անոմալիաներով տեղանքներում էքստրեմոֆիլ մանրէների տարածվածության ուսումնասիրություն, բ) տարբեր շրջանների գյուղական տնտեսությունների կաթնամթերքներից մեկուսացված կաթնաթթվային մանրէների, հակամիկրոբային և հիպոալերգեն հատկությունների հետազոտությունները, գ) բակտերիական մելանինի, որպես նոր ֆիտոխթանիչի գուղատնտեսության և ծառաբուծության բնագավառներում կիրառման հեռանկարների ուսումնասիրություն:

Բնության պահպանության և Էկոլոգիայի ամբիոնում պատրաստվում են մասնագետներ, որոնք տիրապետում են էկոհամակարգերի բաղադրիչների թվակազմի կառավարման, մոնիթորինգի մեթոդներին, գիտեն հասարակության և բնության փոխազդեցության սկզբունքները և կարող են տալ շրջակա միջավայրի աղտոտվածության տնտեսական գնահատականը: Ամբիոնում կատարվում են աշխատանքներ կենսաբանական անվտանգության, բույսերի գենետիկական ռեսուրսների կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ուսումնասիրության ոլորտում: Ամբիոնում կատարվում են բազմաթիվ գիտական և կրթական դրամաշնորհային ծրագրեր, որոնց ակտիվորեն մասնակցում են ուսանողները:

Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում պատրաստվում են մասնագետներ, որոնք տիրապետում են փորձարարական հետազոտությունների համակարգչային գրանցման և վերլուծման ծրագրերին, և հաջողությամբ կարող են աշխատել ֆիզիոլոգիայի պրոբլեմներով զբաղվող գիտահետազոտական ինստիտուտների լաբորատորիաներում և ախտորոշիչ կենտրոններում: Ամբիոնում ուսումնասիրվում են էկոլոգիական և տեխնածին գործոնների ազդեցության նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմները և օրգանիզմի ռեզիստենտությունը բարձրացնող միջոցների շտկող ազդեցությունը ֆիզիոլոգիական ֆունկցիաների վրա: Առանձին տարբերակով ուսումնասիրվում է ուսումնական տարբեր համակարգերում սովորողների հոգեմարմնաֆիզիոլոգիական ցուցանիշների փոփոխությունների բնույթը ուսումնական ծանրաբեռնվածության պայմաններում:

«Կենսաֆիզիկաե մասնագիտությամբ հետազոտություններ են տարվում այնպիսի ժամանակակից ուղղություններով, ինչպիսիք են մոլեկուլային կենսաֆիզիկան, թաղանթների կենսաֆիզիկան, մոլեկուլային և բջջային կենսաբանությունը, բժշկական կենսաֆիզիկան, էկոլոգիական կենսաֆիզիկան, ֆոտոկենսաբանությունը: Ուսանողները յուրացնում են աբսորբցիոն, ֆլուորեսցենտային, միկրոէլեկտրոդային էլեկտրաֆորեզի մեթոդներ, գենային ճարտարագիտության մեթոդներ: Ամբիոնում պատրաստվում են բարձրորակ մասնագետներ, որոնք հաջողությամբ կարող են աշխատել կենսամակրոմոլեկուլների կառուցվածքի և ֆունկցիաների, կենսաթաղանթների կառուցվածքի և ֆունկցիաների ուսումնասիրման ոլորտում:

«Կենսաքիմիաե մասնագիտությամբ ուսումնառության տարիներին ուսանողները հնարավորություն ունեն յուրացնելու կենսաքիմիան ամենայն խորությամբ: Տեսական գիտելիքներից բացի նրանք ձեռք են բերում կենսաքիմիական անալիզի իրականացման հիմնական սկզբունքները, մասնավորապես յուրացնում են սպեկտրոֆոտոմետրիայի, ֆլյուորեսցենտային անալիզի, էլեկտրոֆորեզի, իոնափոխանակային քրոմատոգրաֆիայի, հելֆիլտրացիայի, հյուսվածքների ենթաբջջային ֆրակցիաների ստացման դիֆերենցիալ ցենտրիֆուգման եղանակի, մաս-սպեկտրոմետրիայի և մի շարք այլ կարևոր ֆիզիկաքիմիական անալիզի եղանակները: Ամբիոնում պատրաստվում են բարձրորակ մասնագետներ, որոնք տիրապետում են կենսաբանական օբյեկտների ուսումնասիրման կենսաքիմիական, իմունոհիստոքիմիական, օրգանիզմի հիմնական համակարգերի վիճակի գնահատման այլ ֆունկցիոնալ և ախտորոշիչ մեթոդներին, ինչպես նաև լաբորատոր կենդանիների հետ փորձարարական աշխատանքների մեթոդներին:

«Կենսաինֆորմատիկաե մասնագիտության գծով ուսանողներին հնարավորություն է ընձեռվում ուրույն և ճշգրիտ մաթեմատիկական մոտեցումներ կիրառելով, համակարգչային ծրագրավորման, մաթեմատիկական մոդելավորման զուգակցությամբ պարզաբանել ժամանակակից կենսաբանության, հատկապես մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի հրատապ հիմնախնդիրները՝ առանց չափազանց բարդ, թանկարժեք սարքավորումներ պահանջող, երկար ժամկետներում իրականացվող և, որ ամենակարևորն է, շատ դեպքերում ճշգրտությամբ զիջող ամբողջ շարք կենսաբանական փորձարարական մեթոդների: Կենսաինֆորմատիկական բնույթի հետազոտությունները չափազանց արդիական են, մեծ տարածում և զարգացում ունեն առաջատար երկրներում, տարբեր բնույթի համաշխարհային գիտատեխնիկական ֆոնդերի կողմից ահռելի գումարներ և միջոցներ են հատկացվում դրանց: Բաժանմունքում պատրաստվում են բարձրորակ մասնագիտական կադրեր, որոնք անմասն չեն մնա այդ բավական հզոր ֆինանսական աղբյուրներից:

Բակալավրիատի համակարգում ուսանողներին տրվող տեսական գիտելիքները ամրապնդվում են Հրազդանի Մարմարիկ ուսանողական հանգրվանում անցկացվող դաշտային, ինչպես նաև ֆակուլտետի ամբիոններում կազմակերպվող փորձարարական պրակտիկաների ընթացքում: Բակալավրիատի ավարտական կուրսում կազմակերպվում է նաև մանկավարժական պրակտիկա Երևան քաղաքի դպրոցներում:

Մագիստրատուրայի համակարգում ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում տասնմեկ մասնագիտացումների գծով (բուսաբանություն, կենդանաբանություն, գենետիկա, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա, կենսատեխնոլոգիա, էկոլոգիա, կենսասննդագիտություն, կենսաքիմիա, բժշկական կենսաքիմիա, կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա): Սրանցից կենսասննդագիտությունը, կենսաինֆորմատիկան և բժշկական կենսաքիմիան համեմատաբար նոր մասնագիտացումներ են և արդեն արժանացել են բակալավրիատի շրջանավարտների ուշադրությանը:

Ֆակուլտետի շրջանավարտների աշխատանքային ոլորտը բազմաճյուղ է, ուսումնական և գիտական հիմնարկներից (բուհեր, հանրակրթական դպրոցներ, գիտահետազոտական ինստիտուտներ) բացի պահանջն օրեցօր աճում է սննդարդյունաբերության, կենսատեխնոլոգիայի տարբեր բնագավառներում աշխատելու համար: