Քիմիայի դասավանդումը համալսարանում սկսվել է դեռևս 1921 թ.-ից: Այն իրականացնում էր նոր կազմավորված Քիմիայի ամբիոնը, որտեղ իրենց ազգանվեր աշխատանքներն են սկսել Ս. Ղամբարյանը, Ա. Հակոբյանը, Լ. Ռոտինյանը և Հ. Ակունյանը:
Այդ գործին իրենց մասնակցությունն են ունեցել նաև ֆակուլտետի դեկան, ագրոքիմիկոս Պ. Քալանթարյանը և այն տարիներին ԵՊՀ ռեկտոր, կենսաքիմիկոս Հ. Հովհաննիսյանը:
Քիմիայի միացյալ ամբիոնը երկար տարիներ ղեկավարել է պրոֆեսոր Ս. Ղամբարյանը: Իր բնույթով քիմիայի ամբիոնը հենց սկզբից դառնում է Օրգանական քիմիայի ամբիոն, որի գիտական ուղղվածությունը գերօքսիդ ամինների փոխազդեցության ուսումնասիրությունն էր, ինչը, ի դեպ, հաջողությամբ շարունակվում է առ այսօր:
Ամբիոնում կատարվում էին նաև ուսումնասիրություններ տեղական այրվող թերթաքարերի և եթերայուղատու բույսերի բնագավառում: 1927 թ.-ից ամբիոնը բաժանվում է Օրգանական և Ֆիզիկական քիմիայի ամբիոնների:
Քիմիայի ֆակուլտետը` որպես ինքնուրույն օղակ, կազմավորվում է 1933 թվականին: 1934 թ.-ին այն գլխավորում է պրոֆեսոր Ղ. Տեր-Ղազարյանը:
1933 թ.-ին Քիմիայի ֆակուլտետի բազայի վրա կազմակերպվում է նոր` քիմիա և բնության պահպանություն, իսկ 2014 թ.-ին` նաև սննդի անվտանգություն մասնագիտությամբ կադրերի պատրաստումը:
Ֆակուլտետում քննարկվում և գրախոսվում են քիմիայի դպրոցական ծրագրերն ու չափորոշիչները, զանազան ուսումնական աշխատանքներ, ձեռնարկներ և դասագրքեր:
Քիմիայի ֆակուլտետը միջազգային ճանաչում ունեցող գիտական կենտրոն է :
Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել տարբեր երկրների առաջատար գիտական կենտրոնների հետ. ԱՄՆ-ում` Հյուսիսարևմտյան համալսարան (Էվանստոն), Արիզոնայի համալսարան (Թյուսոն), Կալիֆորնիայի համալսարան (Դևիս), Գերմանիայում` Ռոստոկի, Մյունստերի, Կարլսռուհեի, Ռեգենսբուրգի, Բոխումի համալսարաններ, Անգլիայում` Լոնդոնի համալսարան, Բըրքբեք քոլեջ, Իտալիայում` Բոլոնիայի համալսարան, Ֆրանսիայում` Փարիզ-Սյուդ համալսարան, Մոնպելյեի համալսարան, Ֆրանսիայի ագրարային ինստիտուտ (Ռեմս), Լեհաստանում` Սիլեզյան համալսարան (Կատովիցե), Մարի Կյուրի-Սկլոդովսկայի անվան համալսարան (Լյուբլին), Ռուսաստանում` Մոսկվայի պետական համալսարան, ՌԴԳԱ էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտ (Մոսկվա), Օրգանական քիմիայի ինստիտուտ, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Կառուցվածքային մակրոկինետիկայի ինստիտուտ, Մարդու ուղեղի ինստիտուտ (Սանկտ-Պետերբուրգ):
Ըստ 02.07.2014 թ. թիվ 120/6 հրամանի «Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ» կառուցվածքային ստորաբաժանումը վերանվանվել է «Երևանի պետական համալսարանի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ»: