Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Faculty of Economics and Management
ԵՊՀ-ում տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից Խորհրդային շինարարության ֆակուլտետում:
>

Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կազմում գործում են չորս ամբիոն` Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների, Կառավարման եւ գործարարության, Ֆինանսահաշվային, Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման:



Ֆակուլտետում իրականացվող լայնածավալ աշխատանքների շնորհիվ ձեռք են բերվել հետևյալ արդյունքները.

Բարելավվել և միջազգային չափանիշներով ճշգրտվել են ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ուսումնական պլանները, վերջիններս` ըստ մագիստրոսական ծրագրերի հստակ սահմանազատված ուղղությունների:

Մեծ թափ են ստացել հայալեզու տնտեսագիտական դասագրքերի և ուսումնական ձեռնարկների պատրաստման, թարգմանության, խմբագրման և հրատարակման աշխատանքները: Ֆակուլտետի առաջատար դասախոսների հեղինակությամբ կամ խմբագրությամբ վերջին երեք տարիների ընթացքում լույս է ընծայվել ուսանողությանը խիստ անհրաժեշտ մեծածավալ ուսումնական գրականություն:

Ընդլայնվել և կոնկրետ առարկայական բովանդակություն է ձեռք բերել միջազգային համագործակցությունը, որի շնորհիվ ոչ միայն ֆակուլտետի դասախոսների շուրջ կեսը վերապատրաստվել է արտասահմանյան կրթօջախներում, այլև հիմնվել են չորս համակարգչային լսարաններ, գործարկվել է անխափան ինտերնետային կապ, ժամանակակից գրականությամբ համալրվել է


ֆակուլտետի ընթերցասրահը, ներդրվել են դասավանդման նոր տեխնոլոգիաներ:


 


Ֆակուլտետի տարածքում է գործում նաև Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը,որի գործունեությունը նպատակաուղղված է սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարման և տնտեսության ինստիտուտների զարգացման հարցերում միջդիսցիպլինար հետազոտությունների իրականացմանը,գիտա-գործնական լուծումների առաջադրմանը: XX-XXI դարերի սահմանագլխին սկիզբ առած և հասարակությունում ընթացող տնտեսական, տեխնոլոգիական, իրավական, սոցիալական և, ի վերջո, ժողովրդավարական վերափոխումների ծրագրային նպատակների և փաստացի արդյունքների ուժգնացող խզումը նոր և առավել արդյունավետ լուծումների պահանջ է առաջադրում: Եվ այդ լուծման բաղադրիչներից մեկը սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարումն է: ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոն) ստեղծվել է 2016 թ-ին, որի գործունեությունը նպատակաուղղված է սահմանադրականության մշտադիտարկման ու կառավարման, տնտեսության ինստիտուցիոնալ զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների իրականացմանը, գիտա-գործնական լուծումների առաջադրմանը:



Ֆակուլտետի շրջանավարտների մեծ մասն ուսումն ավարտելուց անմիջապես հետո աշխատանք է գտնում ՀՀ տնտեսության և պետական կառավարման համակարգի կարևորագույն օղակներում: Ֆակուլտետի շրջանավարտների թվում եղել են ՀՀ վարչապետներ, նախարարներ, Ազգային ժողովի պատգամավորներ, խոշոր ձեռնարկությունների և բանկերի գործադիր ղեկավարներ և այլն: Նրանց մեծ մասը շարունակում է պահպանել ֆակուլտետի հետ կապը` նպաստելով տասնամյակների ընթացքում ձևավորված բարի ավանդույթների պահպանմանն ու փոխանցմանը:

Տնտեսագիտական կրթության որակական բարելավման, դասախոսական կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման կարևորագույն նախադրյալներից է համագործակցությունը արտասահմանյան առաջավոր համալսարանների հետ: Այդ նկատառումով ֆակուլտետը առաջնահերթորեն պահպանեց իր ավանդական կապերը Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի հետ` ակտիվորեն անդամակցելով Տնտեսագիտության ուսումնամեթոդական խորհրդի աշխատանքներին և կանոնավոր, առանց ընդհատումի մասնակցելով նիստերին 1992թ-ից առ այսօր: Դա հնարավորություն տվեց ոչ միայն հաղորդակից լինելու Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի առաջավոր համալսարանների տնտեսագիտական ֆակուլտետների ուսումնական գործընթացներին, նոր ուսումնական պլաններին և ծրագրերին, հրատարակված ու թարգմանված դասագրքերին, այլ նաև իրականացնելու ուսանողների, ասպիրանտների և դասախոսների փոխանակություն: Ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ մի քանի տասնյակ ուսանողներ անվճար հիմունքներով իրենց ուսումը շարունակել են Մոսկվայի պետական համալսարանում, ՌԴ կառավարության Ժողովրդական տնտեսության ակադեմիայում, Գ.Վ.Պլեխանովի անվան տնտեսագիտական ակադեմիայում: Նրանց մի մասը, ավարտելով նաև ասպիրանտուրան, վերադարձել է Հայաստան և ներկայումս աշխատում է ֆակուլտետում ու այլ բուհերում: Ֆակուլտետը սերտորեն համագործակցում է նաև եվրոպական մի շարք հեղինակավոր համալսարանների հետ: Մասնավորապես, փոխանակման տարբեր ծրագրերի շրջանակներում տարեկան մի քանի ուսանողներ և ասպիրանտներ գործուղվում են Հունաստանի, Բուլղարիայի, Լատվիայի, Պորտուգալիայի և այլ երկրների հեղինակավոր համալսարաններ՝ մեկ կամ երկու կիսամյակ ուսանելու նպատակով:

Ուսանողական կյանքը ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում ակտիվ է: Ուսանողական խորհրդի ջանքերով կազմակերպվում են բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, այդ թվում` գրական-գեղարվեստական ցերեկույթներ, տարաբնույթ սպորտային առաջնություններ և ինտելեկտուալ խաղեր: Կազմակերպվում են հանդիպումներ պետական հատվածի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների, հայտնի տնտեսագետների և գործարարների, ինչպես նաև մշակութային գործիչների հետ: Պարբերաբար ֆակուլտետում անցկացվում են առարկայական օլիմպիադաներ և գիտական կոնֆերանսներ, տնտեսագիտական և հասարակական կյանքի այլ ոլորտներին առնչվող թեմաներով բանավեճեր ու քննարկումներ: Ֆակուլտետի ՈւԽ-ը (Ուսանողական խորհուրդը) հրատարակում է □Երիտասարդ տնտեսագետ□ ուսանողական ամսաթերթը: