Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Faculty of Geography and Geology
1933 - 1934 ուստարում ԵՊՀ-ում կազմավորվում է երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետը:
>

Հայաստանի լուսավորության ժողկոմատի որոշմամբ 1934թ. սեպտեմբերին ստեղծվել է երկրաբանական ֆակուլտետը: Նույն տարում համալսարանում արդեն կազմակերպվել էր աշխարհագրական ֆակուլտետը: Սրանք այնուհետև միավորվում են և 2008 թ. կազմում են աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը: 1980 թ. մինչև 2008 թ. Երկրաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցնում է Մարատ Գրիգորյանը: 2008թ.-ից ֆակուլտետների միավորումից հետո աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնում ընտրվում է Մարատ Գրիգորյանը: Ուսումնական գործընթացին զուգընթաց աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կատարվում են աշխատանքներ՝ քարտեզագրություն և գեոդեզիայի, ջրաբանության, բնօգտագործման և բնապահպանության, ջրային պրոբլեմների, երկրակեղևի խորքային կառուցվածքի, հանքային դաշտերի առաջացման և նրանց որոնման ու հետախուզման մեթոդների մշակման, ջրաերկրաբանության, երկրաքիմիայի, սողանքային երևույթների, երկրաֆիզիկական դաշտերի ուսումնասիրության ուղղություններով:



Վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է ֆակուլտետի համագործակցությունը աշխարհի մի շարք երկրների առաջատար համալսարանների հետ, մասնավորապես՝ ֆակուլտետը միջբուհական պայմանագիր ունի Բեռլինի Հումբոլդտի համալսարանի հետ, ըստ որի ամեն տարի 5 ուսանող 2 ղեկավարների հետ, ֆիզիկական աշխարհագրություն մասնագիտության գծով փոխանակման կարգով մեկնում են Գերմանիայի Դաշնություն: Ֆակուլտետը միջազգային կապեր ունի նաև ՌԴ Սանկտ Պետերբուրգի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի հետ:



Քարտեզագրության և երկրաբանության ամբիոնը համագործակցում է գերմանական GIZ կազմակերպության հետ, որի կազմում, ամեն տարի արտադրական պրակտիկա են անցնում 5 ուսանողներ, ընդ որում դրա համար ուսանողները ստանում են աշխատավարձ:



Ֆակուլտետի մի շարք դասախոսներ հրավերքով դասախոսություններ են կարդում Գերմանիայի Դաշնության համալսարաններում, ինչպես նաև ընդգրկված են տարբեր միջազգային ուսումնական ծրագրերում, հետազոտական խմբերում: Հատկանշական է մասնակցությունը տարբեր միջազգային կոնֆերանսներին, մասնավորապես՝ 2016 թ. ֆակուլտետի դեկան Մ. Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայում սողանքային երևույթների ուսումնասիրման և կառավարման աշխատանքներին, հանդես եկել զեկուցումներով:



ԵՊՀ 100–ամյակին նվիրված, ֆակուլտետը 2019 թ., սեպտեմբերի կազմակերպել էր միջազգային գիտաժողով «Աշխարհագրության և երկրաբանության» հիմնախնդիրները խորագրով, որում մասնակցեցին և զեկուցումներ ունեցան տարբեր երկրներից ժամանած գիտնականներ:


 Ֆակուլտետում գործում է 7 ամբիոն: Գործում են մի քանի լաբորատորիաներ՝ կիրառական երկրաբանության գիտահետազոտական լաբորատորիայում գիտական աշխատանքներ են տարվում մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ Ողջաբերդի և Նուբարաշենի սողանքային դաշտերի ուսումնասիրության վերաբերյալ: Կայուն զարգացման կենտրոնում ծրագրերն իրականացվում էին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ, իսկ այժմ ֆինանսավորվում է ԵՊՀ –ի կողմից: Կենտրոնում կատարվում են հետազոտական աշխատանքներ ՀՀ ջրային ռեսուրսների և հանքարդյունաբերության վերաբերյալ, հրավիրվում են կլոր-սեղան քննարկումներ և արդյունքները ներկայացվում են համպատասխան կառույցներին, ինչպես նաև կառավարություն:


Ֆակուլտետի ուսանողներն իրենց ուսումնաարտադրական պրակտիկան անց են կացնում Երևան քաղաքի, ՀՀ մարզերի տարբեր ձեռնարկություններում, վարչական հիմնարկներում, Գեոդեզիայի ինստիտուտում, ԵՊՀ «Բյուրական», «Ծաղկաձոր» և «Մարմարիկ» ուսումնաարտադրական բազաներում, կադաստրի պետական կոմիտեում, Արտակարգ իրավիճակների նախարարության հայպետհիդրոմետի բաժանմունքներում, Երևանի դպրոցներում, թանգարաններում, հյուրանոցառեստորանային օբյեկտներում: Ուսանողները մասնակցում են նաև ՀՀ տարբեր շրջաններում անցկացվող երկրաբանական արշավախմբերին:


Ֆակուլտետում գործող դրամաշնորհային ծրագրերն են՝



Ֆիզիկական աշխարհագրության և ջրօդերևութաբանության ամբիոն. թեմա՝ Հայաստանի կենտրոնական տարածքներում խիստ դեգրադացված էկոհամակարգերի պեդալոգիան և հողօգտագործման կայուն կառավարման ներուժը, մասնակիցներ՝ (Վարդանյան Թ., Գալստյան Հ., Հակոբյան Ք., Մուրադյան Զ.):



Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն. թեմա՝ ՌԴ և Հայաստանի բարձրալեռնային լճերի էկոհամակարգերի էվոլյուցիայի ուսումնասիրության պալեոլիմնոլոգիական ասպեկտները, մասնակիցներ՝ (Գաբրիելյան Ի., Բոյնագրյան Վ., Փիլոյան Ա., Մարգարյան Լ.):



Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն: Թեմա՝ Թաքնված և կույր հանքավայրերի որոնման երկրաքիմիական մեթոդի ներդրումը, ՀՀ հանքավայրերի և հանքային դաշտերի լիտոերկրաքիմիական քարտեզների կազմման գործընթացում, մասնակիցներ՝ (Հարությունյան Լ., Փաշայան Ռ., Մանուկյան Ե.):



Ֆակուլտետում սովորում են ավելի քան 1250 ուսանող, 13 ասպիրանտ:



Աշխատում են՝ 4 պրոֆեսոր, 33 դոցենտ, 13 ասիստենտ, 14 դասախոս: