Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Faculty of Journalism
ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը հիմնադրվել է 1949 թվականին, բանասիրական ֆակուլտետի կազմում, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 1-ին ստեղծվել է ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
>

ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը հիմնադրվել է 1949/1950 ուսումնական տարում: 1954–ին բաժնի առաջին շրջանավարտների թվում էին հետագայում անվանի գրող, հրապարակախոսներ Վարդգես Պետրոսյանը, Արտաշես Քալանթարյանը, հայ մամուլի պատմության նվիրյալներից բանասիրության դոկտոր Լիդա Գևորգյանը և այլք:
Խորհրդանշական մեկ իրողություն. 1960-80-ականներին Հայաստանի գրական, հասարակական, մշակութային կյանքում բացառիկ դեր ունեցած «Գարուն» ամսագրի խմբագիրները եղել են ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնի շրջանավարտներ, Հայաստանի գրողների միության նախագահներից երկուսը դարձյալ ավարտել են մայր բուհի ժուռնալիստիկայի բաժինը։ Մեր շրջանավարտները առանցքային դերակատարություն ունեցան նաև 1988-ի ազգային-ազատագրական շարժումը ձևավորելու և առաջնորդելու գործում, նրանցից ոմանք 1990-ականներին Հայաստանի երրորդ Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների երևելի դեմքերից էին։



Ժուռնալիստիկայի բաժինը գործում էր բանասիրական ֆակուլտետի կազմում և պարբերաբար փակվում ու բացվում, ավելի ճիշտ՝ վերաբացվում էր նվիրյալ և հեռատես այն անհատների ջանքերով, ովքեր համոզված էին՝ ինչպես մեծաթիվ այլ մասնագիտությունների, ժուռնալիստիկայի դեպքում էլ մասնագիտական բարձրագույն կրթությունն անհրաժեշտ է։ 1975-ից 1985 թվականը հերթական դադարի շրջանն էր։ 1986-ին բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գառնիկ Անանյանի ջանքերով դարձյալ վերաբացվում է ժուռնալիստիկայի բաժինը։



Ժուռնալիստիկայի ֆակուլտետը ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ հիմնադրվեց 1999թ․ հոկտեմբերի 1-ին։



Ժամանակները փոխվում են արագ և այդ փոփոխությունների մեջ իրենց ուրույն տեղն ու դերն ունեն տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները։ Աննախադեպ փոխակերպումներ է ապրում նաև մեդիաոլորտը, ինչը ենթադրում է՝ լրագրողական կրթությունը նույնպես պետք է քայլի ժամանակին համընթաց: Այդ սկզբունքով են գործում ֆակուլտետի երկու ամբիոնները:



Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնում ներառված դասընթացները ներկայացնում են համացանցային ԶԼՄ-ների, մեդիաազդեցության ժամանակակից տեսությունների, հաղորդակցություն, մեդիա և հասարակություն փոխառնչությունների հիմնական ուղղությունները: Դրանց բնորոշ հիմնախնդիրները դիտարկվում են իբրև գիտակրթական առաջնահերթություններ:  



Ամբիոնին կից գործում են Նոր մեդիայի և հաղորդակցության հետազոտությունների կենտրոնը և Փաստերի ստուգման լաբորատորիան:



Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում են ժամանակակից տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցները, դրանց առջև ծառացած մարտահրավերները, հիմնախնդիրները:



Ուսումնական գործընթացը կազմակերպելու համար ամբիոնը հանրապետության հեռարձակվող լրատվամիջոցներից պարբերաբար հրավիրում է փորձառու և տաղանդավոր դասախոս-մասնագետների՝ լրագրողներ, ռեժիսորներ, օպերատորներ «Ժուռնալիստի վարպետություն» առարկայի գործնական պարապմունքներն արդյունավետ և նպատակային կազմակերպելու համար: Ամբիոնին կից գործում է մուլտիմեդիա լաբորատորիան իր գերժամանակակից հեռուստա և ռադիոստուդիաներով:



Ֆակուլտետում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ: Առաջին աստիճանը բակալավրիատն է («Լրագրություն» կրթական ծրագիր): Չորսամյա ուսումնառության ընթացքում ուսանողները ստանում են բարձրագույն մասնագիտական կրթություն՝ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, աշխատաշուկայում պահանջված ու մրցունակ լինելու համար:



Բակալավրիատի շրջանավարտներից շատերն անմիջապես աշխատանքի են անցնում ԶԼՄ-ներում, ոմանք՝ ուսանողական տարիներից (թերթերի, շաբաթաթերթերի, ամսագրերի խմբագրություններ, ռադիոհեռուստաընկերություններ, լրատվական գործակալություններ, համացանցային ԶԼՄ-ներ), տարբեր գերատեսչությունների մամուլի ծառայություններում:



Ֆակուլտետում գործում է «Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական կրթական ծրագիրը, որի նպատակն է կրթել հանրային կապերի ոլորտի արհեստավարժ մասնագետների, պատրաստել կադրեր, որոնք կտիրապետեն մասնագիտական հմտություններին, գործիքներին, դրանց կիրառման եղանակներին: Այս ծրագրի շրջանավարտների մեծ մասն արդեն հայտնի անուններ են, ոմանք հրավիրվել են դասախոսական աշխատանքի նույն ծրագրի շրջանակներում: Երկրորդ մագիստրոսական ծրագիրը «Լրագրություն»-ն է: Այն ներառում է երեք մասնագիտացում՝ դատաիրավական լրագրություն, միջազգային և քաղաքական լրագրություն, հաղորդակցություն, մեդիա և հասարակություն: Մագիստրատուրայի լավագույն շրջանավարտներն ուսումնառությունը շարունակում են ասպիրանտուրայում, համալրում պրոֆեսորադասախոսական կազմի շարքերը:



Ֆակուլտետային ուսանողական խորհուրդը (ՈՒԽ) կազմակերպում է միջոցառումներ, իրազեկումներ, որոնք նպաստում են ուսանողության իրավագիտակցության բարձրացմանը, ուսանողական առօրյայի հետաքրքիր և հագեցած կազմակերպմանը: Ուսանողության ամենասիրած միջոցառումներից են անվանի լրագրողների հետ հանդիպումները: Նրանք խոսում են մասնագիտական ձեռքբերումների, դժվարությունների, ճշմարիտ լրագրության առջև ծառացած մարտահրավերների մասին:



ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը (ՈւԳԸ) կազմակերպում է գիտահանրամատչելի միջոցառումներ, հոբելյանական գիտաժողովներ, ուսանողական գիտական նստաշրջաններ, դասախոսություններ, վարպետության դասեր, սեմինար-քննարկումներ, մասնագիտական բանավեճեր, մրցույթներ և այլն: Սերտորեն համագործակցում է հասարակական կազմակերպությունների, մեդիակենտրոնների, լրատվամիջոցների հետ: Ուսանողների համար կազմակերպվում են լրագրողական հմտությունները զարգացնող տարաբնույթ միջոցառումներ:



Ժուռնալիստիկայի ֆակուլտետում նոր տեխնոլոգիաների կիրառումը կարևոր տեղ է զբաղեցնում, իսկ ուսումնական գործընթացը իրականացվում է նաև վիրտուալ տիրույթում՝ դասախոսների և ուսանողների օնլայն շփման միջոցով: Նոր մեդիայի և հաղորդակցության հետազոտությունների կենտրոնում է տեղակայված Journalist.am էլեկտրոնային ուսումնական պարբերականի խմբագրությունը: Հայաստանում այն թերևս միակ առցանց պարբերականն է, որի լրագրողների դերում հանդես են գալիս ուսանողները, իսկ խմբագիրների՝ «Ժուռնալիստի վարպետություն» առարկայի դասախոսները:



Որպես կրթագիտական կենտրոն՝ ֆակուլտետն ըստ արժանվույն է գնահատում ոչ միայն դասախոսների, այլև ուսանողների հնարավորությունները: Նրանց լավագույն զեկուցումներն ու հրապարակումները խրախուսվում են հատուկ մրցանակներով, տպագրվում տարբեր ժողովածուներում:



Ֆակուլտետը սերտորեն համագործակցում է հանրապետությունում գործող լրագրողական կազմակերպությունների, տպագիր, հեռարձակվող և առցանց լրատվամիջոցների, լրատվական գործակալությունների, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների և նրանց մամուլի ծառայությունների հետ: Սերտ է համագործակցությունը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի՝ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության, Կարմիր խաչի հայկական ընկերության և ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի հետ:Տարեցտարի ընդլայնվում են կապերը արտերկրի առաջատար բուհերի հետ:



Բակալավրիատի 2007թ-ից գործող հեռակա բաժինը մեծապես օգնում է աշխատանքային փորձ ունեցող բազմաթիվ լրագրողների, ովքեր չունեն համապատասխան մասնագիտական կրթություն, այն ձեռք բերելու ֆակուլտետում: 2011/2012 ուստարվանից հեռակա ուսուցում է իրականացվում նաև մագիստրատուրայում: