Մաթեմատիկոս մասնագետների պատրաստումը ԵՊՀ-ում սկսվել է 1924 թ. հասարակագիտական ֆակուլտետի ֆիզիկամաթեմատիկական ենթաբաժնում, որը 1933 թ. դարձել է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ: 1959 թ. այն տրոհվել է երկու ֆակուլտետների՝ ֆիզիկայի և մեխանիկամաթեմատիկական:
1963 թ. մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում բացվել է մաթեմատիկական կիբեռնետիկայի մասնագիտությունը, որի հիման վրա 1972 թ. ստեղծվել է կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը: 1988 թվականին մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը բաժանվել է երկու առանձին՝ մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետների, իսկ 2007 թ. նրանք վերամիավորվել են մի՝ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում:
Ֆակուլտետում ուսուցումը կատարվում է երեք մասնագիտություններով՝ մաթեմատիկա, մեխանիկա և ակտուար մաթեմատիկա: Ֆակուլտետի 8 ամբիոններում մագիստրոսական կրթության շրջանակներում գործում են հետևյալ ծրագրերը՝ ֆունկցիաների տեսություն, դիֆերենցիալ հավասարումներ, հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն, կիրառական հանրահաշիվ և երկրաչափություն, օպտիմալ կառավարման տեսություն և մոտավոր մեթոդներ, ակտուար մաթեմատիկա, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա, շարժման ղեկավարում և կայունություն:
Ֆակուլտետի շրջանավարտները ստանում են մաթեմատիկայի, մեխանիկայի, ակտուար մաթեմատիկայի բակալավրի և մագիստրոսի, ինչպես նաև մաթեմատիկայի ուսուցչի որակավորում և կարող են իրենց գիտելիքներն ու հմտությունները կիրառել տարբեր գիտահետազոտական հիմնարկներում, միջնակարգ և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում, ֆինանսական, քաղաքական, արտադրության կառավարման և այլ ոլորտներում:
Ֆակուլտետը գիտական համագործակցության լայն կապեր ունի աշխարհի մաթեմատիկայի և մեխանիկայի մի շարք խոշոր կենտրոնների, բուհերի և գիտահետազոտական հիմնարկների հետ (ՀՀ ԳԱԱ մեխանիկայի և մաթեմատիկայի ինստիտուտներ, Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, Ռուսաստանի ԳԱ Վ. Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտ, Ռուսաստանի ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտ, Ուկրաինայի ԳԱԱ մեխանիկայի և մաթեմատիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ, Տրիրի համալսարան (Գերմանիա), Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական համալսարան (Շվեդիա), Հարավային Կարոլինայի համալսարան (ԱՄՆ), Այովայի պետական համալսարան (ԱՄՆ), Կառլի համալսարան (Չեխիա), Տամպերեի տեխնոլոգիական համալսարան (Ֆինլանդիա) և այլն):
Ֆակուլտետում ուսանողական կյանքը առավել հետաքրքիր և արդյունավետ անցկացնելուն նպաստում են ուսանողական կառույցները ՝ Ուսանողական խորհուրդը և Ուսանողական գիտական ընկերությունը: Ֆակուլտետի ուսանողները կարող են նաև ծանոթանալ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի, ՈւԽ - ի և ՈւԳԸ - ի ֆեյսբուքյան էջերին: