Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
Faculty of Mathematics and Mechanics
Մաթեմատիկոս մասնագետների պատրաստումը ԵՊՀ-ում սկսվել է 1924 թ. հասարակագիտական ֆակուլտետի ֆիզիկամաթեմատիկական ենթաբաժնում:
>

Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատում ուսուցումը կատարվում է չորս ծրագրով` մաթեմատիկա, մեխանիկա, ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա, կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն:


Մաթեմատիկան մարդկային մտքի ամենակարևոր և ամենակատարյալ ստեղծագործություններից է: Այն նույնքան հին է, որքան մարդկությունն ինքը, սակայն շարունակում է բուռն զարգացում ապրել` գտնելով նորանոր կիրառություններ մարդկային գործունեության ամենատարբեր բնագավառներում: Այսօր դժվար է գտնել որևէ գիտական ուղղություն, որը չի օգտվում մաթեմատիկական մեթոդներից և մաթեմատիկայի նվաճումներից: Դա են վկայում մաթեմատիկայի երիտասարդ և արագ զարգացող այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են բիոմաթեմատիկան, ակտուարական մաթեմատիկան, ֆինանսական մաթեմատիկան և այլն:


Հնագույն և այսօր էլ ակտիվ զարգացող գիտություն է նաև մեխանիկան: Այն գլխավոր հիմնասյուներից մեկն է, որի վրա հենվում են տեխնիկայի զարգացումն ու առաջընթացը: Պարզագույն գործիքների օգտագործումից մինչև նավագնացության, մեքենաշինության, հրթիռաշինության, ռազմական տեխնիկայի, տիեզերական համակարգերի բարդագույն սարքավորումների կիրառությունները, մեծապես հիմնված են մեխանիկայի նվաճումների վրա։



Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա կրթական ծրագրով սովորողները մասնագիտանում են երեք ուղղությամբ՝ ակտուարական մաթեմատիկա, ֆինանսական մաթեմատիկա, ռիսկերի կառավարում։


Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի մասնագետները համակցում են մաթեմատիկոսի, ֆինանսիստի, ներդրումային կառավարչի մասնագիտությունները: Նրանց հաշվարկները և վերլուծությունները հնարավորություն են տալիս մաթեմատիկական, վիճակագրական մեթոդների օգնությամբ իրականացնել մակրոտնտեսական իրավիճակի վերլուծություն և տրամադրել հիմնավորված առաջարկություններ ապահովագրական համակարգում, ինչպես նաև բանկային, ներդրումային և այլ ընկերություններում սպասվող երևույթները կանխատեսելու, վերլուծելու,  դրանց ֆինանսական հետևանքները գնահատելու և որոշումներ ընդունելու համար։


Արագ զարգացող և փոփոխվող շուկայական տնտեսակարգը շեշտակի մեծացնում է ֆինանսական ռիսկերի գնահատուման և հնարավոր զարգացումների կանխատեսման դերը, ինչով զբաղվում է ռիսկերի կառավարման մասնագետը: Ռիսկերի կառավարումն իր ժամանակակից գործիքակազմով կարևոր է պետական կառավարման, մասնավոր հատվածներում ռիսկերի հայտնաբերման, ռիսկերի ընդունելի մակարդակի որոշման և դրա հիման վրա արդյունավետ կառավարում իրականացնելու տեսանկյունից:


2019/20 ուսումնական տարում առաջին ընդունելությունը կկատարվի «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» բակալավրի ծրագրով, որին մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ։


Աշխատաշուկա


Ֆակուլտետի բոլոր մասնագիտություններով սովորող ուսանողները ստանում են հիմնարար մաթեմատիկական կրթություն, որը բարեբեր հող է ստեղծում ամենատարբեր բնագավառներում հաջողությունների հասնելու համար՝ գործարարությունից մինչև քաղաքականություն: Վերջերս հայկական աշխատաշուկայում բավականին մեծացել է որակյալ մաթեմատիկոսների պահանջարկը այնպիսի ընկերություններում, որոնք զբաղվում են վիճակագրական հետազոտություններով և վերջին տարիներին բավականին մոդայիկ դարձած՝ տվյալների վերլուծությամբ (PicsArt, FMD K&L, BetConstruct, Teamable, UCom, Volo, Workfront, MargaSoft, Synopsis, Mentor Graphics և այլն)։


Ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում կայուն պահանջարկ ունեն նաև ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա մասնագիտությամբ շրջանավարտները:


Մեխանիկա մասնագիտությամբ շրջանավարտներն իրենց գործունեությունը կարող են իրականացնել մեխանիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի  տարբեր բնագավառների հետազոտական ինստիտուտներում և գիտատեխնոլոգիական կենտրոններում, ավտոմատ կառավարման խնդիրներով զբաղվող միավորումներում, կոնստրուկտորական բյուրոներում:


Նշենք, որ մեր ֆակուլտետում պատրաստվող վիճակագրության մասնագետի, գործույթների հետազոտողի, մաթեմատիկոսի, տվյալների գիտության մասնագետի, համալսարանական դասախոսի, ակտուարի աշխատանքները տեղ են գտել ըստ ամերիկյան հեղինակավոր CareerCast դասակարգման՝ 2017թ. լավագույն աշխատանքների առաջին տասնյակում։


Մաթեմատիկա և մեխանիկա մասնագիտություններով բակալավրիատն ավարտած ուսանողները բակալավրի աստիճանի հետ մեկտեղ կարող են ստանալ նաև մաթեմատիկայի ուսուցչի որակավորում, անցնելով մի քանի լրացուցիչ դասընթացներ։


Ֆակուլտետում կարևորվում է նաև համակարգչային բարձրորակ կրթությունը և ժամանակակից ծրագրավորման լեզուների դասավանդումը:


Մեր շրջանավարտները


Ֆակուլտետի բազմաթիվ շրջանավարտներ ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական թեզը պաշտպանելուց հետո նրանք աշխատանքի են անցել ԵՊՀ-ի և այլ բուհերի մաթեմատիկական ամբիոններում, ակադեմիական ինստիտուտներում, կոնստրուկտորական բյուրոներում, հաշվողական կենտրոններում և այլուր:


Վերջին տասնամյակների շուրջ 30 շրջանավարտներ այսօր աշխատում են արևմտյան առաջատար համալսարաններում և գիտական կենտրոններում։ Նրանցից շատերի հետ ֆակուլտետն ունի սերտ կապեր (գիտական համագործակցություն, դասախոսությունների շարքեր, համատեղ սեմինարներ, ուսանողների ղեկավարում և այլն)։


Հանրապետության մաթեմատիկայի լավագույն ուսուցիչների գերակշռող մասը մեր ֆակուլտետի շրջանավարտներն են։ Բազմաթիվ շրջանավարտներ այսօր հաջողությամբ աշխատում են ՏՏ ոլորտի տարբեր հաստատություններում, կենտրոնական բանկում,


ֆինանսների նախարարությունում, առևտրային բանկերում, ապահովագրական ընկերություններում և այլուր:


Վերջին տարիների մեր շրջանավարտների, ժամանակակից մաթեմատիկայի մասին հետաքրքիր տեղեկություններ կարող եք գտնել Մեդիամաքս ընկերության «Մաթարվեստ» խորագիրը կրող կայքում:



Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ղեկավարությունն ու պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը սիրով սպասում են այն դիմորդներին, ովքեր սիրում են մաթեմատիկան, ունեն մաթեմատիկական ընդունակություններ և ցանկություն՝ դառնալու բարձրորակ մասնագետ, որը կկարողանա իր ունակություններն ամբողջովին դրսևորել հետագա աշխատանքում։