Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Faculty of Philosophy and Psychology
Փիլ. և հոգեբանության ֆակուլտետի կազմավորման գործընթաց սկիզբ է առել դեռևս 1964 թ.-ից:
>

Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում գործում է վեց ամբիոն` Տեսական փիլիսոփայության և տրամաբանության, Սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության, Փիլիսոփայության պատմության, Ընդհանուր հոգեբանության, Սոցիալական հոգեբանության և Անձի հոգեբանության:


Ֆակուլտետը պատրաստում է փիլիսոփայության և հոգեբանության բակալավրներ, ինչպես նաև փիլիսոփայություն, բարոյագիտություն, սոցիալական հոգեբանություն, բժշկական հոգեբանություն, զարգացման հոգեբանություն, կառավարման և կազմակերպչական հոգեբանություն, արտակարգ իրավիճակների հոգեբանություն, անձի հոգեբանություն և անձնային խորհրդատվություն մասնագիտացումներով մագիստրոսներ, ովքեր աշխատում են հանրապետության քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային ոլորտներում (նախադպրոցական ու դպրոցական, բուհական, գիտահետազոտական ու մշակութային հաստատություններ, բնակչության սոցիալական ծառայության հիմնարկներ, հոգեբանական վերականգնողական կենտրոններ, ԶԼՄ) և այլն:


Փիլիսոփայությունը բացառիկ կրթական ներուժ ունեցող բնագավառ է, քանի որ բնության, հասարակության և մարդու հիմնախնդիրների տեսական ուսումնասիրմանը զուգընթաց այն ունի նաև գործնական-արժեքային նշանակություն: Հնուց ի վեր համարվելով գիտությունների գիտություն և արվեստների արվեստ՝ փիլիսոփայությունը և փիլիսոփայական կրթություն ունեցող անձինք կարևոր դեր են խաղացել տարբեր հասարակություններում` նպաստելով աշխարհայացքային հիմքերի մշակմանը և արտաքին աշխարհի վայրիվերումների հորձանուտում անհատների ու մշակույթների ինքնության պահպանմանը: Որպես կանոն, տարբեր դարաշրջաններում հզորության են հասել են այն ժողովուրդներն ու մշակույթները, որոնք կարողացել են ստեղծել կենսահաստատ փիլիսոփայական համակարգեր:


20-րդ դարում գիտատեխնիկական բուռն զարգացումը, կարծես թե ստվերել էր փիլիսոփայական մոտեցման ու գիտելիք-արժեքների կարևորությունը, առաջնությունը տալով նեղ մասնագիտական կրթությանը: Սակայն նման մոտեցումը շուտով օրինաչափորեն հանգեցրեց բախումների, քանի որ գոյացան նեղ մասնագիտական հանրություններ, որոնք զուրկ էին ընդհանուր հումանիտար հիմքից և ի վիճակի չէին երկխոսության: Արդիականության հոգևոր ճգնաժամը նորից ակնհայտ դարձրեց փիլիսոփայական կրթության և հասարակության հոգևոր-արժեքային կողմի վրա աշխատելու անհրաժեշտությունը, և ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային կազմակերպությունը` ՅՈւՆԵՍԿՕ-ն, որոշեց սահմանել Փիլիսոփայության միջազգային օր, որը ֆակուլտետում տոնվում է նոյեմբերի 18-ին:


Փիլիսոփայության բաժինը սովորողներին տալիս է հիմնարար բազմակողմանի կրթություն, որի շնորհիվ բաժնի շրջանավարտները, աշխատելով հասարակական-քաղաքական, կրթության և մշակույթի տարբեր ոլորտներում շահեկանորեն առանձնանում են իրենց խոր գիտելիքներով և լայնախոհության, բացմտության, հիմնարար հետազոտություններ ու եզրահանգումներ անելու և մի շարք այլ կարողություններով: Փիլիսոփայական կրթությունը նրանց հնարավորություն է տալիս աշխատանքում հանդիպող խնդիրներին նայել ավելի լայն համատեքստում, հավատարիմ մնալ արժեքային կարևոր կողմնորոշիչներին, ինչը նպաստում է և՛ տարատեսակ բնագավառներում նրանց կատարած կոնկրետ աշխատանքի առավել արդյունավետությանը, և՛ ընդհանրապես, հասարակական հարաբերությունների առավել մարդկայնացմանը:


Դեպի ժողովրդավարական հասարակություն տանող ճանապարհին կարևորվում է նաև փիլիսոփայական-հումանիտար գիտելիք, կարողություններ, արժեքներ եռամիասնության մուտքը հանրակրթական դպրոց: 2007թ-ից սկսած հանրակրթական դպրոցների 8–12-րդ դասարաններում դասավանդվում է «Հասարակագիտությունե ինտեգրված առարկան, որի բաղադրիչներն են փիլիսոփայությունը, իրավագիտությունը, բարոյագիտությունը, գեղագիտությունը, տնտեսագիտությունը, քաղաքագիտությունը և հոգեբանությունը:


Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը բակալվրի կրթական աստիճանում պատրաստում է նաև «Հասարակագիտությունե առարկայի դասավանդողներ թե՛ հանրակրթական դպրոցների, թե՛ միջնակարգ մասնագիտական հաստատությունների համար` նրանց մատուցելով կրթության փոիլիսոփայության արդի կարևորագույն նվաճումներն ու արժեքները:


Հոգեբանական կրթությունը բազմամակարդակ և բազմակողմանի գործընթաց է, որն առաջին հերթին ուղղված է ձևավորելու ուսանողի մոտ աշխարհայացքային լայն սպեկտր, բարձր բարոյական արժեքներ, միջավայրում ներդաշնակ հաղորդակցվելու կարողություններ, ինչպես նաև անձնային, ինտելեկտուալ որակներ և կյանքի հմտություններ: Բացի այդ, այն կօգնի ուսանողին զգալու սեփական ներուժը և մասնագետ դառնալու ձգտումը, հստակեցնելու ապագայի նկատմամբ պատկերացումները և բազմազան հասարակական գործընթացների ակտիվ մասնակցի կարգավիճակ ստանձելու ու մասնագիտական տարբեր բնագավառներում կայանալու հնարավորությունները: Ի վերջո, հոգեբանության բաժնի կրթական գործունեությունը նպատակ ունի պատրաստել բարձր որակավորում ունեցող տարբեր ոլորտների հոգեբան-մասնագետներ, որոնք տիրապետում են հոգեբանական կայուն գիտելիքների և կիրառական հմտությունների:


Վերը նշվածը իրականանում է հմուտ ու բարձրորակ պրոֆեսորադասախոսական և գիտական անձնակազմի ներդրած ջանքերի միջոցով, միջբուհական և միջազգային համագործակցության արդյունքում, ինչպես նաև ֆակուլտետի կողմից կազմակերպվող մասնագիտական-կողմնորոշիչ, դաստիարակչական, հետազոտական և գործնական աշխատանքների շնորհիվ:


Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողներն իրենց ուսումնական և արտադրական պրակտիկաներն անց են կացնում հիմնականում նախադպրոցական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում, հոգեբանական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում, լրատվական ծառայության ոլորտում և այլն:


Ֆակուլտետն ունի գիտահետազոտական աշխատանքների մի շարք ուղղություններ, որոնց շրջանակներում համագործակցում է հանրապետության և արտասահմանյան կենտրոնների ու մասնագետների հետ` շատ դեպքերում հանդես գալով որպես հանրապետությունում տվյալ ուղղության ղեկավար կենտրոն:


Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դիմորդի ուղեցույց (2021-2022 ուստարի)