Ֆիզիկայի ֆակուլտետ
Faculty of Physics
Ֆիզիկամաթեմատիկական կադրերի պատրաստումը համալսարանում սկսվել է 1922 թվականից:
>

Ֆիզիկայի ֆակուլտետում գործում են 7 ամբիոններ` Ընդհանուր ֆիզիկայի ու Աստղաֆիզիկայի, Միջուկային ֆիզիկայի, Տեսական ֆիզիկայի, Պինդ մարմնի ֆիզիկայի, Օպտիկայի, Մոլեկուլային ֆիզիկայի և Բարձրագույն մաթեմատիկայի:

Նշված ամբիոնները մասնագետներ են պատրաստում երեք մասնագիտությունների` ֆիզիկա, միջուկային ռեակտորների ֆիզիկա, կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա գծով:

«Ֆիզիկաե մասնագիտությունն ունի 5 մասնագիտացումներ` կոնդենսացված միջավայրերի ֆիզիկա, լազերային ֆիզիկա, տեսական ֆիզիկա և մաթեմատիկա, միջուկային ֆիզիկա և աստղաֆիզիկա, մակրոմոլեկուլների ֆիզիկա և կենսաֆիզիկա: Կարևոր է նշել, որ այս մասնագիտությամբ շրջանավարտները ստանում են նաև մանկավարժի որակավորում:

«Միջուկային ռեակտորների ֆիզիկաե մասնագիտությամբ կադրեր են պատրաստվում Հայկական ատոմակայանի, Հայատոմ ինստիտուտի, ինչպես նաև Հայպետատոմհսկողություն կազմակերպության համար: Այս ուղղության առաջնայնությունը Հայաստանի համար կարևորվում է ատոմային էներգետիկայի զարգացման ակնկալվող հեռանկարներով:

«Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ բարձրակարգ մասնագետներ են պատրաստում համակարգչային մեթոդների խորացված իմացությամբ, ովքեր ունակ են աշխատելու ոչ միայն ֆիզիկական խնդիրների համակարգչային մոդելավորման ասպարեզում, այլև բազմաթիվ այլ հարակից բնագավառներում:

Մագիստրոսական կրթության սահմաններում ֆակուլտետում մշակված է ճկուն համակարգ, ինչը թույլ է տալիս արագորեն արձագանքել գիտահետազոտական ինստիտուտների և գիտական կենտրոնների, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների կողմից շրջանավարտներին ներկայացվող պահանջներին: Մասնավորապես, նախապատրաստված են 8 մագիստրոսական ծրագրեր (այդ թվում` նաև հանրապետության մի շարք գիտական կենտրոնների հետ համատեղ), որոնց ընտրությունը կատարվում է մագիստրոսների ցանկությամբ` մասնագետների պահանջարկին համապատասխան:

Ֆիզիկայի ֆակուլտետին վերաբերող ուսումնական և գիտահետազոտական բնագավառների կարևոր հարցերը քննարկվում են ֆակուլտետի խորհրդի նիստերում: Խորհուրդը հանգամանորեն քննարկում և տպագրության է երաշխավորում ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաև դասընթացների դասախոսություններ` հիմնականում մայրենի լեզվով:

Ուսումնական գործընթացի, ինչպես նաև ուսումնական ծրագրերի արդիականացման հարցերի քննարկումն իրականացվում է ֆակուլտետի մեթոդական խորհրդի պարբերաբար կայացող նիստերում:

Հայտնի ասույթ է, որ լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել: Ուստի և, ֆիզիկոս-մասնագետի կրթության ամենակարևոր բաղադրիչներից մեկը լաբորատոր աշխատանքներն են:

Ֆիզիկայի ֆակուլտետի ուսումնական լաբորատորիաներում կատարվող փորձերը թե՛ գիտական, թե՛ տեխնիկական բարդությամբ համապատասխանում են գիտության ներկայիս պահանջներին:

Ֆակուլտետն ունի նաև ժամանակակից համակարգչային տեխնիկայով հագեցված ուսումնական լսարաններ, որոնք հնարավորություն են ընձեռում ուսանողներին ծանոթանալու ժամանակակից գիտափորձի և տեխնիկայի ղեկավարման ավտոմատացված համակարգերի, ինչպես նաև ծրագրավորման և մաթեմատիկական մոդելավորման ժամանակակից լեզուների:

Վերջին երկու տարիների ընթացքում արդիականացվել է ընդհանուր ֆիզիկա դասընթացի լաբորատոր սարքավորումների զգալի մասը: Աշխատանքներ են տարվում մնացած մասի արդիականացման ուղղությամբ:

Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը զգալի աշխատանք են տանում ուսանողների առօրյան միօրինակությունից զերծ պահելու ուղղությամբ: Կազմակերպված միջոցառումների թվին են պատկանում ուսանողական օլիմպիադաները, գիտական կոնֆերանսները, ինչպես նաև հանդիպումները հանրապետության և արտասահմանյան առաջնակարգ մասնագետների հետ: Ֆակուլտետը լավ ավանդույթներ ունի նաև «Ֆիզիկոսի օրե ամենամյա տոնակատարության կազմակերպման ուղղությամբ:

Այսօր բարձրակարգ մասնագետների պատրաստման գործընթացն անհնար է պատկերացնել առանց ակտիվ գիտական գործունեության: Պատահական չէ, որ ֆիզիկայի ֆակուլտետը հանրապետության ճանաչված գիտական կենտրոններից է: Ակտիվ գիտական աշխատանքներն իրականացվում են ֆակուլտետում գործող յոթ պրոբլեմային լաբորատորիաներում, միջազգային գիտական և պետբյուջետային ֆինանսավորմամբ իրագործվող ծրագրերի սահմաններում: Ներկայումս ֆակուլտետում իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ նաև 11 միջազգային դրամաշնորհների և 7 բյուջետային ֆինանսավորմամբ գրանտների սահմաններում: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ նախագահի բազմաթիվ մրցանակներին բակալավրերի, մագիստրոսների և ասպիրանտների արժանանալը ֆակուլտետի գիտա-մանկավարժական արդյունավետ աշխատանքի վկայությունն է:

Ֆակուլտետի շրջանավարտների գիտելիքները հնարավորություն են ընձեռում նրանց աշխատելու ոչ միայն հանրապետության, այլ նաև աշխարհի առաջատար գիտահետազոտական լաբորատորիաներում:

Ֆակուլտետի ամբիոնները ներկայումս ակտիվ գիտական կապեր ունեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և մի շարք այլ երկրների ճանաչված գիտական կենտրոնների հետ: