Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ
Faculty of Radiophysics
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ստեղծվել է 1975 թ-ին:
>

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ստեղծվել է 1975 թ.-ի հունիսին Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ` նպատակ ունենալով բավարարել արագ զարգացող գիտատար և ռազմական արդյունաբերությունների, ինչպես նաև ծավալվող գիտահետազոտական հիմնարկների ռադիոֆիզիկոսի որակավորմամբ մասնագետների մեծ պահանջարկը:


 


Ֆակուլտետի հիմնադրումն ակտիվ խթանվել է ՀՀ գիտությունների ակադեմիայի կողմից ՀՀ ԳԱ նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ: Ֆակուլտետի հիմնադիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆ. Յու. Լ. Վարդանյանն է:


Գործունեության 46 տարիների ընթացքում ֆակուլտետն ավարտել է ավելի քան 3500 մասնագետ, որոնցից շուրջ 250-ը ստացել են գիտական տարբեր աստիճաններ, դարձել առաջատար գիտնականներ, արտադրության ղեկավարներ, պետական գործիչներ: Նրանց մի մասը համալրել է նաև ֆակուլտետի դասախոսական կազմը:



Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ԵՊՀ կրթական և գիտահետազոտական բաժանմունք է, որը բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա եռաստիճան կրթական համակարգի շրջանակներում պետպատվերի և վճարովի հիմունքներով իրականացնում է բարձրագույն կրթություն հետևյալ ծրագրերով.
• ռադիոֆիզիկա,
• կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա,
• հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում,
• պայմանագրային հիմունքներով ֆակուլտետում գործում է նաև Սինոփսիս ընկերության (http://www.synopsys.com) հետ համատեղ իրականացվող «Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում» ծրագիրը:



Ֆակուլտետի շրջանավարտները հնարավորություն են ստանում ձեռք բերել գիտության և տնտեսության տարբեր բնագավառներում որոշակի պահանջարկ ունեցող պրոֆիլային մասնագիտություն (լրացուցիչ տեղեկությունների համար տես Մասնագիտացումների աշխատանքային շուկան Հայաստանում բաժինը) և ընդգծված առաջադիմության պարագայում շարունակել գործունեությունը գիտության ասպարեզներում:



Ֆակուլտետի ամբիոններում և գիտահետազոտական կառույցներում ուսանողության մասնակցությամբ ստացված արժեքավոր գիտական արդյունքները հրապարակվում են միջազգային գիտական ամսագրերում և ներկայացվում հեղինակավոր գիտաժողովներում: Հաստատվել են կայուն կապեր առաջատար միջազգային գիտական կենտրոնների հետ, ինչը շարունակաբար ամրապնդվում է փոխադարձ այցելություններով:



Այս ամենը նպաստավոր պայմաններ է ստեղծում ուսանողության` ինչպես արդի գիտության զարգացման օրինաչափությունները ըմբռնելու, այնպես էլ հետագա աշխատանքային գործունեության հնարավոր ուղիներում կողմնորոշվելու համար:



Ֆակուլտետն իր երիտասարդ կադրերի պատրաստման և գիտական հետազոտությունների ուղղություններով սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի հետ:



Այսօր ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորում են ավելի քան 360 ուսանողներ: Ֆակուլտետում աշխատում են ՀՀ ԳԱԱ 2 ակադեմիկոս, 3 թղթակից անդամ, 12 դոկտոր-պրոֆեսոր և գիտության 27 թեկնածու:



Ֆակուլտետի կազմում գործում են 4 ամբիոններ`


Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոն


Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոն


Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոն


Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոն



Ֆակուլտետի մասնագիտացումների աշխատանքային շուկան Հայաստանում: Համառոտ նկարագիր`

ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ (ք. Աշտարակ),
Ա. Ալիխանյանի անվան Ազգային Գիտահետազոտական Լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ/ (ք. Երևան),
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ (ք. Աշտարակ),
ՀՀ ԳԱԱ Կիռարական ֆիզիկայի պրոբլեմների ինստիտուտ (ք. Երևան),
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ք. Երևան),
ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն (ք. Երևան)
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն (ք. Երևան),
Սինոփսիս Ընկ. (Synopsys Inc, ք. Երևան),
Վիվա-Սել-ՄՏՍ ՓԲԸ (Viva Cell-MTS CJSC, ք. Երևան),
Ղ-Տելեկոմ ՓԲԸ (Karabakh Telecom CJSC (VivaCell-MTS cellular network)),
Բիլայն ՓԲԸ (Beeline CJSC, ք. Երևան),
Յուքոմ ՍՊԸ (Ucom LLC, ք. Երևան),
Նեյշնալ Ինստրումենտս (National Instruments Armenia Corporation, ք. Երևան),
Միացյալ էներգետիկ Համակարգեր ՓԲԸ (United Energy Systems (Russian company that owns Armenia's electricity network, ք. Երևան),
Պիրկալ ՓԲԸ (LT/Pyrkal cjsc. ք. Երևան) և այլն: