Ռուս բանասիրության ֆակուլտետի պատմությունը սկիզբ է առել 1938 թ.-ին, երբ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում բացվեց ռուսաց լեզվի և գրականության բաժինը: 1976 թ.-ին բաժնի հիման վրա ստեղծվեց ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, որը հետագայում վերանվանվեց և այսօր կոչվում է ռուս բանասիրության ֆակուլտետ:
Ֆակուլտետը լայն պրոֆիլի մասնագետներ է պատրաստում երկաստիճան համակարգով` բակալավրիատ, մագիստրատուրա` բանասիրության բակալավրի և մագիստրոսի համապատասխան աստիճաններ շնորհելով: Դրանք ռուսաց լեզու և գրականություն դասավանդողներն են, թարգմանիչներ, գիտաշխատողներ, մասնագետներ միջմշակութային հաղորդակցման ոլորտում:
Ներկայումս ֆակուլտետում գործում է 4 ամբիոն. ռուս գրականության ամբիոն, ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոն, ռուսաց լեզվի ամբիոն (հումանիտար ֆակուլտետների համար), ռուսաց լեզվի ամբիոն (բնագիտական ֆակուլտետների համար):
Հանրակրթական հումանիտար և մասնագիտական բանասիրական դասընթացներից բացի` դասավանդման ծրագրերի մեջ ընդգրկված են մի շարք լեզուներ խորացված ուսումնասիրության համար` հունարեն, լեհերեն, բուլղարերեն, չեխերեն:
Ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքը ներառում է հետազոտություններ ռուսաց լեզվի տեսության և դասավանդման մեթոդիկայի, համեմատական-զուգադրական քերականության, ռուս գրականության պատմության, ռուս-հայկական գրական կապերի, թարգմանության տեսության և պրակտիկայի ոլորտներում: Ֆակուլտետի դասախոսները հրատարակել են ռուսաց լեզվի և ռուս գրականության հիմնահարցերին նվիրված մի շարք մենագրություններ, մեծ թվով ռուսերենի դասագրքեր և ձեռնարկներ, որոնցում հաշվի են առնվում օտարալեզու միջավայրի առանձնահատկությունները:
Ֆակուլտետի մասնագետները ակտիվորեն մասնակցում են միջազգային գիտաժողովներին, հանրապետական և համալսարանական ամենամյա գիտական կոնֆերանսներին, որոնց արդյունքում ստեղծվել են մի շարք ժողովածուներ և մենագրություններ:
Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի Դաշնության համալսարանների և գիտական հաստատությունների, ինչպես նաև մի շարք արտասահմանյան երկրների ռուսագիտական կենտրոնների հետ:
Վերջին տարիներին լավագույն ուսանողները մեկնում են ամառային լեզվի դասընթացների Հունաստան և Լեհաստան:
Ռուս գրականության ամբիոնի գիտահետազոտական աշխատանքը հիմնականում վերաբերում է ռուս գրականության պատմության, հայ-ռուսական գրական, պատմամշակութային առնչությունների, գրականության տեսության հիմնահարցերին: Ամբիոնի կողմից հրատարակվում էր ամենամյա «Декабрьские литературные чтения» ժողովածուն:
Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի գիտամեթոդական ուղղություններն են. 1) ժամանակակից ռուսաց լեզվի արդի հիմնախնդիրները, 2) լեզուների տիպաբանության խնդիրները, 3) հաղորդակցման տեսության, այդ թվում` միջմշակութային հաղորդակցման և թարգմանության հիմնահարցերը: Ֆակուլտետում գործում է կահավորված 4 կաբինետ, առկա է հարուստ գրադարան:
Ներկայումս ֆակուլտետի չորս ամբիոններում աշխատում են ավելի քան 50 դասախոսներ, այդ թվում նաև՝ գիտությունների դոկտորներ և թեկնածուներ: Ներկայումս ֆակուլտետն իրականացնում է «Русская филология» պարբերականի հրատարակումը, որը ներառված է ՀՀ ԲՈԿ-ի ցուցակում։