Ռուս բանասիրության ֆակուլտետ
Faculty of Russian Philology
Ռուս բանասիրության ֆակուլտետի պատմությունը սկիզբ է առել 1938 թ-ին, երբ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում բացվեց ռուսաց լեզվի և գրականության բաժինը:
>

Ֆակուլտետում գործում են Ռուս գրականության, Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության, Ռուսաց լեզվի (հումանիտար ֆակուլտետների համար), Ռուսաց լեզվի (բնագիտական ֆակուլտետների համար) ամբիոնները: Ֆակուլտետում գործում է չորս ուսումնական կաբինետ՝ Հունաստանի աջակցությամբ ստեղծված Հունագիտության կենտրոն-գրադարանը, Լեհաստանի աջակցությամբ ստեղծված Լեհերենի լսարանը, ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի անվան ռուսաց լեզվի և գրականության կաբինետը և ուսումնական կաբինետ-գրադարան: 


Ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան պատրաստում է ռուսագետ բանասերներ` գիտահետազոտական, ուսուցչական, թարգմանչական գործունեության համար, երկու մասնագիտություններով. ռուսաց լեզու և գրականություն, միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն (ռուսերեն): 2012/2013 ուսումնական տարում Ռուս բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում բացվել է հունարեն լեզու և գրականություն մասնագիտությունը, որը գործել է մինչև 2017 թ.-ը: 


Ռուս բանասիրության ֆակուլտետում ուսումնամեթոդական աշխատանքն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով՝ ռուս բանասիրություն,  միջմշակութային հաղորդակցություն և թարգմանչական գործ մասնագիտություններին առնչվող առարկաներ, որոնց ուսուցումն ապահովում են ֆակուլտետի ամբիոնները: Ռուսաց լեզվի (հումանիտար և բնագիտական ֆակուլտետների համար) ամբիոնների դասախոսները  դասավանդում են ռուսաց լեզվի գործնական դասընթաց համալսարանի մյուս բոլոր ֆակուլտետներում: Բացի ավանդական օտար լեզուներից՝ ֆակուլտետում դասավանդվում են նաև բուլղարերեն, լեհերեն, չեխերեն և հունարեն: Յուրաքանչյուր տարի  մոտ 10 ուսանող մեկնում է ամառային լեզվական դասընթացների Հունաստան և Լեհաստան: Վերջին տարիներին 20-ից ավելի ուսանող մասնակցել է Հունաստանում կազմակերպվող հունարեն լեզվի և մշակույթի մեկամսյա արագացված և երկարաժամկետ (8-ամսյա) դասընթացներին: 


Ֆակուլտետում կատարվում են նաև մի շարք գիտական ուսումնասիրություններ՝ ռուս գրականության պատմության և տեսության, ռուս լեզվաբանության արդի հիմնահարցերի, լեզուների տիպաբանության և հաղորդակցման տեսության, ինչպես նաև ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկայի ընդհանուր խնդիրների վերաբերյալ: Ֆակուլտետի դասախոսները և լավագույն ուսանողները մասնակցում են միջազգային, հանրապետական գիտաժողովների, ինչի արդյունքում հրատարակվում են բազմաթիվ հոդվածներ և աշխատություններ: Դասախոսները ակտիվ մասնակցում են հանրակրթական դպրոցների համար ուսումնական գրականության ստեղծման աշխատանքներին: 


Ռուս բանասիրության ֆակուլտետը սերտորեն համագործակցում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Ռուս-հայկական պետական համալսարանի և հանրապետության այլ բուհերի համապատասխան ֆակուլտետների հետ: Հետզհետե վերականգնվում են երբեմնի սերտ կապերը Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների գիտական և գիտակրթական հաստատությունների հետ: Ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի  ուսանողները գործուղվում են Մոսկվա` Ցանցային համալսարանի ծրագրով Ազգերի բարեկամության ռուսաստանյան համալսարան` համատեղ մագիստրոսական ծրագրով: Որպես բանասիրական գիտությունների համակարգի մի ճյուղ` ռուսագիտությունն ավանդաբար կարևորագույն տեղ է զբաղեցնում մեզանում: Բացի զուտ գիտական հետաքրքրությունից, որ ներկայացնում են թե՛ բուն ռուսագիտությունը, թե՛ առավել ևս` հայ-ռուսական համեմատական զուգադրական և տիպաբանական ուսումնասիրությունները բանասիրության բնագավառում, այն մեծ ազդեցություն է ունեցել մեր հասարակության հոգևոր կյանքում: