Ֆարմացիայի ինստիտուտ
Institute of Pharmacy
2017 թ.-ին ստեղծվեց կրթական, գիտահետազոտական և ներդրումային (ինովացիոն) գործառույթների իրականացման առաքելությամբ ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտը:
>

ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտը որակյալ դեղագետներ պատրաստող առաջատար բարձրագույն կրթական օջախներից է ՀՀ-ում: Շուրջ 23 տարվա ընթացքում ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի կազմում գործող դեղագործական քիմիայի (2010 թ-ից՝ դեղագիտության) բաժնի հենքի վրա 2017 թ.-ին ստեղծվեց Ֆարմացիայի ինստիտուտ, որի ուղեգիծն  է համալսա­րանական կրթության բո­վան­դակության և ուսման բարձր որակի ապահովումը, կրթական, գիտահետազոտական և ներդրումային (ինովացիոն) գործառույթների իրականացումը, միջազգային չափորոշիչներին համապատասխան դեղագետի (պրովիզորի) որակավորումով մասնագետների պատրաստումը, ինչը ՀՀ-ում դեղարդյունաբերության զարգացման կարևորագույն նախապայմաններից է:


ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտը ներառում է երեք մասնագիտական ամբիոններ՝ ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի, ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման, կենսաբժշկագիտության, ինչպես նաև հետազոտական լաբորատորիաներ պետենցիալ դեղաբանորեն ակտիվ միացությունների սինթեզի, բժշկակենսաբանական սկրինինգի, հալենային դեղապատրաստուկների ստացման, դեղերի որակի հսկման և կենսատեխնոլոգիայի ուղղությամբ: Ինստիտուտի ամբիոնները ներառում են ժամանակակից լաբորատոր կահույքով և սարքավորումներով համալրված բարձրակարգ գիտաուսումնական լաբորատորիաներ՝ ֆարմացիայի գրեթե բոլոր ուղություններով, որտեղ անց են կացվում մասնագիտական առարկաների լաբորատոր աշխատանքներն ու գործնական պարապմունքները՝ դեղերի պատրաստման տեխնոլոգիայի (դեղատնային և գործարանային), դեղագիտական քիմիայի (ներառյալ դեղագրքային անալիզը), ֆարմակոգնոզիայի, կենսատեխնոլոգիայի, թունաբանական քիմիայի, դեղաբանության, դեղերի էկոնոմիկայի և կառավարման, դեղերի կառուցվածքային հետազոտման և որակի հսկման, հիգիենայի և այլն:



ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտը հագեցված է նորագույն մեթոդներով և տեխնոլոգիաներով, այն հնարավորություն է ընձեռնում  ուսանողների տեսական գիտելիքներն լիարժեք փորձարկել պրակտիկայում: Ինստիտուտում ներդրված է հեռաուսուցման համակարգ, որը հնարավորություն է տալիս ուսանողների համար կազմակերպել առցանց դասախոսություններ արտերկրյա գործընկեր համալսարանների հետ:


ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտը համագործակցում է հանրապետության և արտերկրյա առաջատար դեղագործական և հարակից մասնագիտական համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ, ինչպիսիք են՝ ՌԴ Բելգորոդի պետական հետազոտական, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության և Մոսկվայի պետական համալսարանները, Գերմանիայի Ռոստոկի և Վիսմանի համալսարանները, ՌԴ ԳԱ Ա.Նեսմեյանովի անվան Էլեմենտօրգանական միացություների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը, «ԱՐՓԻՄԵԴ» և «ԼԻՔՎՈՐ» դեղարտադրող ընկերությունները, «Աստղիկ» բժշկական կենտրոնը, «Ալֆա-ֆարմ» և «Նատալի-ֆարմ» դեղագործական ընկերությունները և այլն: Նշված ընկերություններում կազմակերպվում են մասնագիտական առարկաների լաբորատոր աշխատանքների ու արտադրական պրակտիկաների դասավանդումը, ավարտական, մագիստրոսական և ատենախոսական աշխատանքների կատարումը:



ԵՊՀ-ի և <Ալֆա-ֆարմ> ընկերության համագործակցության շրջանակներում Ֆարմացիայի ինստիտուտի մասնաշենքի I հարկում բացվել է դեղատուն, որտեղ պարբերաբար կազմակերպվում է ուսանողների դեղատնային արտադրական պրակտիկան և <դեղերի պատրաստման տեխնոլոգիա> առարկայի լաբորատոր աշխատանքները: Որպես հանրային դեղատուն, այն միաժամանակ  սպասարկում է բնակչությանը, այդ թվում նաև՝ ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Դեղատունը համադրում է ֆարմացիայի ոլորտում կրթական և բիզնեսի բաղադրիչները. ապագա դեղագործներն ու պրովիզորներն այստեղ սովորում են դեղագործական բիզնեսի հմտությունները՝ ինչպես են գոյանում դեղորայքի գները, ինչպես ներկայացնել դեղամիջոցներն ու կոսմետիկ միջոցները, ինչպես աշխատել հաճախորդների հետ և այլն։



ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել դեղագործության և դրան հարակից մասնագիտական ոլորտներում գործող պետական և մասնավոր կառույցներում՝ որպեսդեղագետ, կլինիկական դեղագետ, դեղագետ-տեխնոլոգ, դեղագետ-քիմիկոս, դեղագետ-ներկայացուցիչ, փորձագետսս դեղագործական շուկայի մարքեթոլոգ,  գիտաշխատող,  դասախոս և այլն, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:



Այսօր ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտը հնարավորություն է ընձեռնում ուսանողներին կրթություն ստանալ ՌԴ Բելգորոդի պետական հետազոտական և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանների դեղագործական ֆակուլտետների հետ հաստատված համատեղ կրթական ծրագրերով, արդյունքում շրջանավարտներին շնորհելով դեղագետի (պրովիզորի) որակավորումով երկակի (երկու համալսարանների) դիպլոմներ:



2017-18 ուսումնական տարվանից Ֆարմացիայի ինստիտուտի բակալավրիատում ուսուցումը կատարվում է նաև անգլերեն լեզվով` օտարերկրյա ուսանողների համար:



Ֆարմացիայի ինստիտուտն աչքի է ընկնում նաև ակտիվ ուսանողական կյանքով: Ինստիտուտի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության ջանքերով պարբերաբար կազմակերպվում են գիտական (գիտաժողովներ, սեմինարներ, մասնակցություն մասնագիտական մրցույթներին և այլն) և մշակութային (ինտելեկտուալ խաղեր, «Լավագույն լաբորատոր նկարե, «Գուշակիր մեղեդինե, «Կինոմանիաե կամ խաղ-մրցույթներ, ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումներ և այլն) միջոցառումներ, որոնք խթանում են ոսանողների մտավոր ունակությունների և պրակտիկ գիտելիքների ամրապնդմանը:

Կոնտակտներ
Ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար` քիմիական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր Աշոտ Սաղյան

Դեկանատ` (+374 60) 71-04-25
(ներքին 34-25),
pharmacy@ysu.am