Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել ատեստատները:
Ատեստատները կարող եք ներկայացնել Ընդունող հանձնաժողով աշխատանքային օրերին, ժամը 10.00-17.00 եւ մինչև հուլիսի 10-ը:
2
Արդյո՞ք հեռակա մագիստրատուրայի գերազանց սովորող ուսանողները ստանում են կարմիր դիպլոմ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ գնահատակնների կամ ՄՈԳ-ի դեպքում:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետևաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
Աննա
28.10.07
Ես սովորում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 1-ին կուրսում: Հիվանդության պատճառով չեմ մասնակցել առաջին միջանկյալ քննությանը: Եթե նույն քննության երկրորդ ընթացիկին նույնպես չկարողանամ մասնակցել, լուծարքին ութ հարցի եմ պատասխանելու:
Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան
03.11.07
Լուծարքի ժամանակ պատասխանելու եք չորս հարցի, որոնք կամփոփեն երկու ընթացիկ քննությունները: Սակայն պետք է հիշեք, որ երկու ընթացիկ քննություն չհանձնած ուսանողները քննության ժամանակ գնահատվում են որոշակի սահմանափակումներով:
Սմբատ Խաչատրյան
20.10.07
Չե՞ք գտնում, որ անիմաստ է մարդկանց հարկադրել չբացակայել, ընդսմին հեռացնել բացակայությունների համար: Եթե ուսանողը վճարում է ուսման համար, ապա ինքը պետք է շահագրգռված լինի չբացակայվել, այլ ոչ թե ԵՊՀ-ն: Ի դեպ այդ շատ բացակայվողները հիմնականում վատ առաջադիմություն ունեցող մարդիկ են, որոնց բացակայությունը ավելի հետաքրքիր է դարձնում դասը, քանզի նրանք միշտ խանգարում են:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
22.10.07
ԵՊՀ կանոնակարգի համաձայն` ուսանողների դասերին ներկա գտնվելը պարտադիր է, եւ բացակայությունների համար սահմանված են կարգապահական տույժեր: Այդ հարցում ԵՊՀ-ն շահագրգռված է, որպեսզի չստացվի այնպես, թե ուսանողներն ընդամենը գումար են մուծում համալսարան եւ վերջում գալիս են դիպլոմ ստանալու:
Հակոբ
15.10.07
Ես սովորում եմ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի առաջին կուրսում: Մասնաշենքի հարեւանությամբ աշխատում է ճաշարանի օդամաքրման համակարգը, որի պատճառով ուժեղ աղմուկ է լինում, որը շատ է խանգարում դասապրոցեսին: Համակուրսեցիներս եւ ես կցանկանայինք տեղեկանալ, թե արդյոք հնարավոր չէ որեւէ միջոց ձեռնարկել ձայնը խլացնելու համար:
Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյան
18.10.07
Հարգելի Հակոբ, Ձեր բարձրացրած հարցը կքննարկենք եւ հնարավորինս սեղմ ժամկետում լուծումներ կառաջադրենք:
Մարիամ Բարսեղյան
10.10.07
Այս տարի դպրոցներում միասնական քննություն լինելու՞ է, թե՞ ոչ
Մինչհամալսարանական կրթության կենտրոնի տնօրեն Վաչագան Գալստյան
10.10.07
Այս տարի դպրոցներում միասնական քննություններ լինելու են հայոց լեզու, մաթեմատիկա եւ օտար լեզու առարկաներից:
Արմինե
09.10.07
Ես ուզում եմ իմանալ`ունի արդյոք ԵՊՀ որևէ գիտահետազետական պարբերական որտեղ հնարավոր է հոդված տպագրել:
Գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սամվել Հարությունյան
10.10.05
Երեւանի պետական համալսարանն ունի երկու պարբերական`«Բանբեր»-ը եւ «ԵՊՀ գիտական տեղեկագիր»-ը: «Բանբեր»-ում տպագրվում են հումանիտար մասնագիտությունների գծով պաշտպանող ասպիրանտները, իսկ «ԵՊՀ գիտական տեղեկագր»-ում` բնագիտական: