Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Արդյո՞ք հեռակա մագիստրատուրայի գերազանց սովորող ուսանողները ստանում են կարմիր դիպլոմ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ գնահատակնների կամ ՄՈԳ-ի դեպքում:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետևաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
Զարուհի Հայրապետյան
17.05.07
1994-ին ավարտել եմ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Ցանկանում եմ շարունակել ուսումս ասպիրանտուրայում կամ հայցորդ ձևակերպվել: Ի՞նչ կարգով դա կարելի է անել: Կ՞ա արդյոք տարիքային սահմանափակում:
ԵՊՀ ասպիրանտուրայի բաժինի վարիչ Նորա Հովսեփյան
04.06.07
Տարիքային սահմանափակում չկա: Սակայն դուք ասպիրանտ լինել այլեւս չեք կարող: Հայցորդ ձևակերպվելու համար եկեք ԵՊՀ ասպիրանտուրայի բաժին: Հայտերն ընդունվում են սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 30-ը: Նշենք որ հայցորդ ձեւակերպվելու համար դիմողը պետք է ունենա տպագրված գիտական հոդվածներ:
Տաթեւիկ
13.05.07
Ինչպե՞ս կարող ենք մենք տեղեկություն ստանալ ԵՊՀ Շրջանավարտների և Կարիերայի կենտրոնի ընթացիկ միջոցառումների վերաբերյալ: Ուսանողների մեծամասնությունը տեղեկություն չի ստանում: Կարծում եմ, շատ արդյունավետ կլինի ունենալ էլեկտրոնային փոստի բազա, և աշխատատեղերի հնարավորության դեպքում տեղեկացնել այդ բազայի միջոցով:
ԵՊՀ շրջանավարտների եւ կարերիայի կենտրոնի տնօրեն Քրիստինե Վարդանյան
20.05.07
Հարգելի Տաթևիկ,
Մենք փորձեցինք ստուգել Ձեր էլեկտրոնային փոստի առկայությունը մեր տվյալների բազայում, սակայն պարզվեց, որ դուք գրանցված չեք: Քանի որ մեզ հայտնի չէ, թե որ ֆակուլտետի շրջանավարտ կամ ուսանող եք Դուք, խորհուրդ ենք տալիս Ձեզ այցելել մեր գրասենյակ` ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկ և գրանցվել: Բացի այդ, կենտրոնի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները փակցվում են ֆակուլտետներում, ինչպես նաև տեղեկատվությունը տարածվում է ուսանողական խորհուրդների և մեր տվյալների բազայում եղած էլեկտրոնային փոստերի միջոցով:
Թամարա
04.05.07
Եթե գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողը ցանկանում է ուսումը շարունակել արտասահմանում եւ չունի համապատասխան միջոցներ, պետությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերո՞ւմ է նման ուսանողներին: Եթե այո, ապա ո՞ւմ եւ ի՞նչ կարգով կարելի է դիմել:
ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սամվել Հարությունյան
12.05.07
Մենք ունենք միջպետական պայմանագրեր Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ, ուրիշ ոչ մի պետության հետ մենք պայմանագիր չունենք: Միջպետական պայմանագրերի դեպքում այդ պետությունները մեզ քվոտաներ են տալիս: Օրինակ` Ռուսաստանը տարեկան 70 տեղ է հատկացնում Հայաստանին, այդ թվում` բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի սովորողների համար: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում հարցազրույց անցնելուց հետո ուսանողը սովորում է այդ երկրի քաղաքացիների համար նախատեսված կարգով: Լուծվում է բանակի խնդիրը, իսկ ֆինանսավորումն ապահովում է տվյալ պետությունը, ուր մեկնում է ուսանողը:
ԱՄՆ-ի դեպքում խնդիրը մի փոքր այլ է. Նրանց երկիրը մեր համալսարանին նամակ է ուղարկում եւ նշում, թե որ բուհում ինչ մասնագիտությամբ քանի տեղ կա: Այնտեղ ընդունելության համակարգը թույլ է տալիս միաժամանակ մի քանի համալսարանի ընդունելության տեստեր լրացնել, եւ եթե ուսանողը բավարար միավորներ է հավաքել, պետք է դիմի ԱՄՆ դեսպանատուն, TOEFL հանձնի եւ այդ ժամանակ իրավունք ստանա ԱՄՆ-ի միջոցներով այնտեղ սովորել:
Ոչ մի այլ երկրի հետ մենք նման պայմանագրեր չունենք: Այսինքն` մեր ուսանողն ինքը քննություն է հանձնում, վճարում եւ արտասահմանյան քաղաքացիների հիմունքներով սովորում որեւէ երկրում:
Կա մի տարբերակ եւս. եթե մեր ուսանողը շատ բարձր միավորներ է հավաքել, կան բարեգործներ, ովքեր կաջակցեն նրան, համալսարանը եւս կարող է հոգալ ծախսի մի մասը: Սակայն այս դեպքում տղաների համար տարկետման իրավունքը չի գործում:
Անուշ
02.05.07
Մագիստրատուրայի երկրորդ կուրսից ուսուցումը հնարավո՞ր է փոխել հեռակա:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
10.05.07
Մագիստրատուրայում հեռակա կարգով ուսուցում մեզ մոտ դեռ չունենք:
Լիլիա
01.05.07
Արդյոք կա՞ն ֆակուլտետներ, որտեղ ուսուցումը ռուսերեն լեզվով է, եւ հնարավո±ր է ընդունելության քննություններն հանձնել ռուսերեն լեզվով:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
08.05.07
Բոլոր մասնագիտությունների համար ուսուցման լեզուն հայերենն է, բացառությամբ այն ֆակուլտետների, որտեղ մասնագիտական առարկան ուսուցանվում է տվյալ լեզվով: Սակայն, պաշտոնապես ուսուցումը ռուսերենով կամ որեւէ օտար լեզվով այսօր համալսարանում չի իրականացվում, իսկ եթե իրականացվի, ապա «Լեզվի մասին» ՀՀ օրենքի համաձայն`այն կկիրառվի արտասահմանցի ուսանողների համար:
Ընդհանուր կրթական առարկաների համար (ֆիզիկա, մաթեմատիկա) թույլատրվում է ռուսերենով ընդունելության քննություն հանձնել, այդ մասին նշված է Կրթության եւ գիտության նախարարության կողմից սահմանված եւ հաստատված ընդունելության կանոնակարգի մեջ: Ասեմ նաեւ, որ հայոց լեզուն պարտադիր է բոլոր մասնագիտությունների համար, սակայն, եթե դիմորդը չի ուսումնասիրել այդ առարկան, ընդունելության կանոնների համաձայն կարող է հանձնել այլ առարկա: