Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել ատեստատները:
Ատեստատները կարող եք ներկայացնել Ընդունող հանձնաժողով աշխատանքային օրերին, ժամը 10.00-17.00 եւ մինչև հուլիսի 10-ը:
2
Արդյո՞ք հեռակա մագիստրատուրայի գերազանց սովորող ուսանողները ստանում են կարմիր դիպլոմ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ գնահատակնների կամ ՄՈԳ-ի դեպքում:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետևաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
Մարիետտա
09.09.07
Ի՞նչ է նշանակում մասնակի զեղչ:
ԵՊՀ իրավաբանական բաժնի վարիչ Արմեն Թադեւոսյան
12.09.07
Մասնակի զեղչը ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում է, որը տրվում է բուհի միջոցների հաշվին վճարովի համակարգի ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին:
Մարիետտա
09.09.07
Ինչպե՞ս է տրվում անվանական կրթաթոշակը:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
10.09.07
ԵՊՀ-ում անվանական կրթաթոշակների նշանակումը կանոնակարգվում է «ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական եւ ներբուհական կրթաթոշակների հատկացման մասին» կանոնակարգի 31-34-րդ կետերով: Երևանի պետական համալսարանն իրավասու է սեփական և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին սահմանելու ներբուհական, այդ թվում` անվանական կրթաթոշակներ: Երևանի պետական համալսարանի անվանական կրթաթոշակ նշանակվում է բակալավրիատի և մագիստրատուրայի առավել աչքի ընկնող, վերջին 4 կիսամյակում անընդմեջ գերազանց առաջադիմություն (մագիստրատուրայի ուսանողների դեպքում հաշվի են առնվում նաև բակալավրիատում ցուցաբերած առաջադիմության արդյունքները) և գիտական, հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին: Անվանական կրթաթոշակի հավակնորդ ուսանողների թեկնածությունները քննարկում են ֆակուլտետների խորհուրդները, ապա ներկայացվում է ԵՊՀ գիտական խորհրդի հաստատմանը: ԵՊՀ գիտական խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ նշանակում է անվանական կրթաթոշակներ, ինչպես նաև հաստատում է կրթաթոշակի դրամաչափը, որի հիման վրա համալսարանի ռեկտորը տալիս է համապատասխան հրաման:
Անվանական կրթաթոշակների տրամադրումը վերանայվում է յուրաքանչյուր կիսամյակի սկզբում:
Սարգիս
06.09.07
Ես սովորում եմ ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: Ունեմ երաժշտական յոթնամյա կրթություն: Արդյո՞ք կա ԵՊՀ-ի երաժշտական խմբակ, որտեղ կկարողանայի հաճախել:
ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյան
06.09.07
Այո: Երեւանի պետական համալսարանում գործում է նվագախումբ: Կարող եք այցելել Մշակույթի կենտրոն, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք 6-րդ հարկ, լսումներից հետո Ձեզ կտրվի պատասխան:
Զավեն Կիրակոսյան
01.09.07
Մարզերից եկած տղա ուսանողների համար շատ դժվար է տաք սնունդի հարց լուծելը: Ինչո՞ւ չի գործում համալսարանի ճաշարանը: Եւ ընդհանրապես ինչո՞ւ է բուֆետի սնունդը կրկնակի թանկ:
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյան
05.09.07
Իրականում տաք սնունդ մատուցելու հետ կապված որեւէ տեխնիկական խնդիր գոյություն չունի: Սակայն այստեղ գործում է շուկայի պարտադրած նորմը, այն է` գոյություն չունի տաք սննդի այնպիսի ծավալի պահանջարկ, որ այն իրականացվի:
Ինչ վերաբերում է գներին` վստահաբար կարող եմ պնդել, որ շրջակայքի սննդի կետերից բավականին մատչելի են ու բազմատեսակ: Առհասարակ, կարող եմ նաեւ Ձեզ տեղյակ պահել, որ վերջին մեկ տարվա ընթացքում սննդի կազմակերպման գործը էապես բարեփոխվել է, սակայն սա չի նշանակում, որ չկան թերություններ ու բացթողումներ: Ուրախ կլինեինք, եթե դիմեիք ԵՊՀ շրջանավարտների միավորմանը Ձեր դիտարկումներով եւ առաջարկներով:
Անի
01.09.07
Ես սովորում եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում: Ո ՞րտեղ պետք է մուծել ուսման վարձը:
ԵՊՀ գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյան
05.09.07
Ուսման համար պետք է վճարեք ԵՊՀ հաշվապահությունում, որը գտնվում է կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում: