Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել ատեստատները:
Ատեստատները կարող եք ներկայացնել Ընդունող հանձնաժողով աշխատանքային օրերին, ժամը 10.00-17.00 եւ մինչև հուլիսի 10-ը:
2
Արդյո՞ք հեռակա մագիստրատուրայի գերազանց սովորող ուսանողները ստանում են կարմիր դիպլոմ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ գնահատակնների կամ ՄՈԳ-ի դեպքում:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետևաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
Սեւակ
20.10.06
Ես ցանկանում եմ տեղեկանալ առաջիկայում կազմակերպվող ծրագրավորողների օլիմպիադայի մասին: Խնդրում եմ հնարավորինս մանրամասն տեղեկատվություն տալ: Նախապես շնորհակալություն:
Վահրամ Դումանյան – ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան
25.10.06
ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետը բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար պարբերաբար մրցույթներ ու օլիմպիադաներ է կազմակերպում: Արդեն ավանդական դարձած ԵՊՀ ծրագրավորման առաջնությունն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 22-ին Մայր բուհում: Մասնակցում էր 14 թիմ Հայաստանի տարբեր բուհերից, վարժարաններից (ԵՊՀ, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան, ԵՊՀ-ին կից ֆիզ-մաթ. դպրոց, «Քվանտ» վարժարան): Առաջին 3 տեղերը զբաղեցրին ԵՊՀ-ի, Ռուս-հայկական համալսարանի, Ֆիզ-մաթ. դպրոցի թիմերը: Այդ մրցույթը նախընտրական փուլ էր ծրագրավորման համաշխարհային ուսանողական ամենամյա ACM ICPC մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակչի համար: Վերջինս անց է կացվելու նոյեմբերի 4-5-ը Երեւանի պետական համալսարանում: Լավագույն թիմերը հնարավորություն կունենան մասնակցել կիսաեզրափակչին (նոյեմբերի 27-29, ԵՊՀ): Այս տարի երկրորդ անգամ Անդրկովկասյան տարածաշրջանի (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) կիսաեզրափակիչը կկայանա Հայաստանում` մեր բուհում: Եթե օլիմպիադային մասնակցելու ցանկություն ունեք, կարող եք դիմել ինձ` օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահիս (duman@ysu.am), կամ Արմեն Անդրեասյանին` ACM ICPC մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչի կոնտակտային անձ (andreas_arm@yahoo.com):
Էդիտա Սնխչյան
17.10.06
Ինչ պայմաններ են գործում որպես հայցորդ ձեւակերպվելու համար եւ որքան է վճարի չափը:
Նորա Հովսեփյան - ԵՊՀ ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի բաժնի վարիչ
22.10.06
Ասպիրանտուրայում հայցորդ ձեւակարպվելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ եւ տվյալ ամբիոնի համաձայնությունը: Ներկայացվում է ընտրած մասնագիտության ոլորտին առնչվող ռեֆերատ (20-25 մեքենագիր էջ): Բացի այդ, պետք է դիմում ներկայացնել պրոռեկտոր Սամվել Հարությունյանին, լրացնել կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ներկայացնել լուսանկար, պետք է ինքնակենսագրություն, դիպլոմների միջուկների պատճեններ: Եթե տվյալ հայցորդն աշխատում է, պիտի ներկայացնի նաեւ քաղվածք աշխատանքային գրքույկից: Հրատարակված գիտական հոդվածների առկայության դեպքում ներկայացվում են նաեւ այդ նյութերը կամ հետագա գիտական աշխատանքի թեմայով ռեֆերատը: Ասպիրանտական վճարը կազմում է 80 հազար դրամ: Երեւանի պետական համալսարանում աշխատողների համար հայցորդությունն անվճար է:
Արթուր Դավթյան
16.10.06
Հարգելի պարոն Սիմոնյան
Այս տարի աղջիկս ընդունվել է Պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտություն բաժինը, անվճար համակարգից դուրս է մնացել 0,3 միավորով: Մյուս աղջիկս սովորում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 2-րդ կուրսի վճարովի համակարգում:
Ինչ զեղչ կարելի է կիրառել այս դեպքում:
Շնորհակալություն:
ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյան
22.10.06
Հարգելի Արթուր Դավթյան, Ձեր դուստրը, ով այս տարի է ընդունվել ԵՊՀ, կարող է դիմել ուսանողական նպաստ ստանալու միայն 2007 թվականի փետրվարին: Քանի որ, ըստ «ԵՊՀ ուսանողական նպաստների եւ պետական կրթաթոշակների հատկացման ժամանակավոր ընթացակարգի» փոխհատուցում տրվում է միայն առաջին կուրսի երկրորդ կիսամյակից:
Դիմելու դեպքում ժամանակավոր ընթացակարգի 9.4 կետի համաձայն, վճարովի ուսուցման համակարգում երկու եւ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին տրամադրվում է ուսման վճարի ուսանողական նպաստի ձեւով մասնակի փոխհատուցում:
Համաձայն նույն կարգի 10.2 կետի` Ձեր դստերը կտրամադրվի ուսման վճարի 30%-ի փոխհատուցում:
Քաղաքացի Սահակյան
21.09.06
Կաշառակերության դեմ պայքարը համալսարանի ամենացավոտ խնդիրներից է:
Ինչ գործնական քայլեր եք նախապատրաստում այդ ուղղությամբ:
ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյան
21.09.06
Այդ հարցում ես ակնկալում եմ բոլորիդ աջակցությունն ու համագործակցությունը: Ուսանողները, ծնողները, հասարակությունը, լրատվամիջոցները եթե փորձեն օգնել մեզ այդ հարցում, վստահ եմ, որ կստացվի: Մեր հասարակության շրջանում միտում կա խոսելու կոռուպցիայի մասին, բայց ոչ երբեք` պայքարի միջոցներ ձեռնարկելու:
Պապին Մուրադյան, 4-րդ կուրս
20.09.06
Խնդրում եմ նշել ուսանողների հետ կատարվող աշխատանքներում թիվ մեկ խնդիրը:
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյան
21.09.06
Բոլոր խնդիրներն, ըստ էության, կարեւոր են: Բայց մեկ հանգամանք կա, որի շուրջ կարելի է մանրամասն խոսել: Այսօր ուսանողը իր իրավունքների եւ պարտականությունների իմացության լուրջ խնդիր ունի: Այդ բացը լրացնելու համար հայեցակարգային մոտեցում պիտի մշակվի: Դրան, բնական է, կնախորդեն լայն քննարկումները, փաստաթղթի վերաբերյալ իրենց կարծիքը կհայտնեն բոլոր ցանկացողները: Վստահ եմ, որ դրանից փաստաթուղթը միայն կշահի, ավելի մոտ կլինի ուսանողնին:
Պարտականությունների դեպքում ուսանողները թերեւս ավելի տեղեկացված են, քանի որ առնչվում են դրան ամեն օր, սակայն իրավունքների մասով տեղեկատվության մակարդակը բավականին ցածր է: Հասարակական լայն քննարկումներից հետո մշակվելու է այդ փաստաթուղթը, այնուհետեւ ներկայացվելու է ԵՊՀ գիտական խորհրդի քննարկմանը եւ հաստատմանը: Դա դառնալու է մի տեսակ ներքին սահմանադրություն ուսանողների համար, կարգավորելու է նաեւ ուսանող-դասախոս, ուսանող-վարչակազմ փոխհարաբերությունները: