Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Արդյո՞ք հեռակա մագիստրատուրայի գերազանց սովորող ուսանողները ստանում են կարմիր դիպլոմ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ գնահատակնների կամ ՄՈԳ-ի դեպքում:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետևաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
Ս. Խաչատրյան
26.11.06
Ե՞րբ է ԵՊՀ-ում ներմուծվելու կրեդիտային համակարգը:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
07.12.06
2006 թվականի հունիսի 1-ին ԵՊՀ գիտխորհուրդը հաստատել է կրեդիտային համակարգի անցման ժամանակացույցը, ըստ որի, մագիստրատուրայում ներմուծում կիրականացվի 2007-2008 ուստարում, իսկ բակալավրիատում` 2008-2009 -ին:
Աննա
25.11.06
Որքանով ինձ հայտնի է, ԵՊՀ շենքում եւ ընդհանրապես հասարակական վայրերում ծխելն արգելված է: Մինչդեռ համալսարանի միջանցքներում այնքան են ծխում, որ քայլելն անգամ տհաճ է: Համալսարանի ղեկավարությունը որեւէ միջոց չի՞ ձեռնարկում դա վերացնելու համար:
ԵՊՀ Տնտեսական գծով պրոռեկտոր Սարգիս Շահազիզյան
07.12.06
Համալսարանում ծխելու խնդիրը կանոնակարգելու հետ կապված ԵՊՀ ռեկտորատը նախապատրաստում է հրաման: Շուտով այդ որոշումը կլինի, հրամանը կիջեցվի, եւ համալսարանում ծխելու խնդիրը կկարգավորվի: Միջանցքներում կամ բակում կլինեն ծխելու համար հատկացված տեղեր, հնարավոր է նաեւ, որ համալսարանի ներսում ծխելն արգելվի, եւ մարդիկ ծխեն դրսում:
Բարեկամ
08.11.06
Ճիշտ է արդյո՞ք այն պնդումը, որ վճարովի հիմունքներով ընդունված ուսանողների ուսման վարձերից դասախոսների աշխատավարձին գումար չի հատկացվում: Եթե այո, ինչու՞:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
15.11.06
Իհարկե ճիշտ չէ: Վարձավճարների մոտ 70 տոկոսը հատկացվում է աշխատավարձերի ֆոնդին, իսկ պետությունից դասախոսական անձնակազմին տրվող աշխատավարձերը կազմում են ընդամենը 20 տոկոս:
Բարեկամ
08.11.06
Ինչի՞ համար են ստեղծված համալսարանի միջանցքներն իրար միացնող դռները, եթե դրանք մշտապես փակ են: Ինչո՞վ կբացատրեք դռների փակ լինելը: Արդյո՞ք անվտանգությունն ապահովելու համար է:
ԵՊՀ Տնտեսական գծով պրոռեկտոր Սարգիս Շահազիզյան
15.11.06
Համալսարանի միջանցքներն իրար կապող դռները մշտապես փակ չեն լինում: Համալսարանի ռեկտորատի որոշմամբ կա հատուկ գրաֆիկ, ըստ որի այդ դռները փակվում եւ բացվում են օրվա որոշ ժամերի:
Այստեղ ավելի շատ ոչ թե անվտանգության խնդիրն է, այլ` ֆակուլտետներում կարգուկանոն հաստատելու, որպեսզի այլ մարդիկ չմտնեն եւ դասերը չխանգարեն:
Անահիտ
03.11.06
Ե՞րբ է վերջապես ժուռնալիստիկայի ֆակուլտետն անցնելու 1-ին հերթափոխի: Միակ ֆակուլտետն է, որի գործնականները միանշանակ կապված են օրվա երկրորդ կեսին այլ մարդկանց հանդիպելու հետ:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
11.11.06
Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին որոշվում է, թե տվյալ մասնաշենքում որ ֆակուլտետներն են լինելու առաջին հերթ: Հավանաբար այդ ֆակուլտետի հարցը կքննվի երկրորդ կիսամյակի սկզբին: Որքանով ես տեղյակ եմ, ժուռնալիստիկայի ֆակուլտետում պարապմունքերի մի մասն իրականացվում է առաջին հերթի սահմաններում: Մենք ուզում ենք` բոլոր ֆակուլտետներն աշխատեն առաջին հերթում, սակայն հաշվի առնելով մեր ուսանողների թիվն ու տարածքային պայմանները` դա հնարավոր չէ: