Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Արդյո՞ք հեռակա մագիստրատուրայի գերազանց սովորող ուսանողները ստանում են կարմիր դիպլոմ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ գնահատակնների կամ ՄՈԳ-ի դեպքում:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետևաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
Խուդոյան Հովհաննես
07.04.07
ԵՊՀ մարզադահլիճներն ահավոր վիճակում են: Ի՞նչ քայլեր են կատարվում այդ ուղղությամբ:
ԵՊՀ գլխավոր ինժեներ Արմեն Հարությունյան
10.04.07
Այժմ համալսարանում վերանորոգման աշխատանքներն ընթանում են ուսումնական գործընթացին նպաստող շենքային պայմանների ուղղությամբ, որոնց ավարտից հետո անմիջապես կզբաղվենք մարզադահլիճների վերանորագման խնդրով:
Արմենուհի
27.03.07
Բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժնում սովորելու համար ի՞նչ քննություններ են հանձնելու, եւ արդյոք աշխատողների համար կգործի զեղչային համակարգ:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
03.04.07
Հեռակա բաժին ընդունվելու համար հանձնում են այն քննությունները, որոնք ընդունված են ստացիոնալ համակարգում, իսկ աշխատողների վարձավճարների զեղչման հարց առանձին քննարկման թեմա է, առայժմ որեւէ բան որոշված չէ:
Ամիր Նեգահդարի
27.03.07
Արդյոք կա ձեր բուհում ասպիրանտուրա բիզնես մենեջմենթի գծով:
Ալեքսանդր Մարգարով, Միջազգային համագործակցության վարչության պետ
29.03.07
Մենք ունենք PHD տարբեր ծրագրեր, այլ հարց է, թե Ձեզ հատկապես որն է հետաքրքրում: Կառավարման եւ գործավարության մենեջմենթ մասնագիտացում կարելի է ստաանալ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: Սոցմենեջմենթ մենք որպես մասնագիտություն չունենք: Մեր համալսարանն ունի հանրային կառավարում մասնագիտություն, որի շրջանակներում ուսուցանվում է նաեւ սոցմենեջմենթ:
Սամվել
27.03.07
Ես արտասահմանյան քաղաքացի եմ, ավարտում եմ 11-րդ դասարանը: Կուզենայի իմանալ, թե ինչպես կարող եմ ընդունվել ԵՊՀ համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետ:
Ալեքսանդր Մարգարով, Միջազգային համագործակցության վարչության պետ
30.03.07
11-րդ դասարանն ավարտած արտասահմանյան քաղաքացին ԵՊՀ կարող է ընդունվել ինչպես ընդհանուր հիմունքներով, այնպես էլ որպես արտասահմանցի քաղաքացի: Որոշիչ նշանակություն ունի այն հանգամանքը, թե որտեղ է դիմորդը ավարտել դպրոցը: Եթե վերջին երեք տարին դուք մշտական բնակվել եւ դպրոցն ավարտել եք արտասահմանում, արտասահմանյան երկրի քաղաքացի եք, ապա կարող եք դիմել ԵՊՀ որպես արտասահմանյան քաղաքացի:
Դրա համար անհրաժեշտ է հայերենի իմացություն: Հարցազրույցի ընթացքում կորոշվի հայերենի իմացության Ձեր մակարդակը: Եթե այն բավարար է, ապա հնարավորություն կստանաք միանգամից ընդունվել առաջին կուրս: Իսկ եթե հայերենի իմացությունն, այնուամենայնիվ, բավարար չլինի, ստիպված կլինեք նախ ընդունվել արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետ: Այնուհետեւ ավարտական քննությունները հանձնելու դեպքում կարող եք դիմել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ: ԵՊՀ-ն չունի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետ, սակայն ունի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն: Բակալավրիատն ավարտելով դուք կարող եք ստանալ տնտեսագետ որակավորումը, իսկ շարունակելով ուսումը մագիստրատուրայում ստանալ նաեւ միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագետի որակավորում:
Կարեն
26.03.07
Կա՞ն արդյոք արտոնություններ մագիստրատուրայի ընդունելության հարցում բանակից վերադարձած անձանց համար:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
02.04.07
Բանակից վերադարձած անձանց համար գործում է այն արտոնությունը, որ անկախ իրենց առաջադիմությունից կարող են մասնակցել ընդունելության քննությանը: