22.05.2015 | 
Հասարակություն
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՑ ՄԻՆՉԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՑ ՄԻՆՉԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ
Կարիերայի առաջխաղացմանն ու հաջողության հասնելու գաղտնիքներին միտված սեմինար-դասընթացները շարունակվում են….

Եվ ահա այսօր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի ու ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հերթական սեմինար-դասընթացը կրում էր «Հաջողության բանաձև» խորագիրը: «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության անձնակազմի հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Ռուզաննա Ինճիկյանն ու կորպորատիվ սեմինարավար Ռուզաննա Աղաջանյանը դասընթացի մասնակիցներին մանրամասն ներկայացրին հաջողության հասնելու իրենց մեխանիզմները` փաստելով, որ յուրաքանչյուր ոչ պետք է ինքը սահմանի հաջողության իր բանաձևը:

 

Սեմինար-դասընթացի մեջ ներառված էին երեք թեմաներ` ժամանակի կառավարում, ինքնամոտիվացիա և աշխատանք թիմում: «Ռոսսգոստրախ Արմենիա» ընկերության անձնակազմի ներկայացուցիչները հանդիպման սկզբում բանավոր հարցումներ անցկացրին նպատակների ու հաջողության հասնելու վերաբերյալ: Պարզվեց, որ ուսանողներից շատերը հաջողություն ասելով հասկանում են կամք, նպատակ, առաջխաղացում, ինքնաճանաչում, լավատեսություն, ինքնաճանաչում, երջանկություն և այլն:

 

Բանախոս Ռուզաննա Աղաջանյանն այն կարծիքին է, որ նմանաբնույթ հանդիպումներն օգնում են կիրառելի դարձնել մասնագիտական հմտությունները. «Նպատակներին հասնելու և երազանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ շատ մեծ, այրիչ ցանկություն: Սակայն երազանքներն իրականանում են միայն այն ժամանակ, երբ ցանկությունը վերածվում է գործողության: Ցանկանալ նշանակում է ընտրել հստակ նպատակ ու ողջ էներգիան և ուժերը ներդնել դրան հասնելու համար»:

 

«Խնդրե´ք կյանքից շատ բան, և կյանքը դա ձեզ կտա»,- ասում է Ռուզաննա Աղաջանյանն ու փաստում, որ հաջողությունն իրականում մեր ձեռքերում է, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է սահմանել ակնկալիքներն ու հստակ գործողություններով շարժվել:

 

Մասնագետը նկատում է՝ ժամանակն այնքան էլ շատ չէ հաջողության հասնելու համար, պարզապես պետք է կարողանալ այն ճիշտ կառավարել, և որպեսզի նպատակն անկատար չմնա, այն պետք է նշել որևէ տեղ ու քայլ առ քայլ իրագործել:

 

«Նպատակը պետք է լինի հստակ և կոնկրետ: Օրինակ` ոչ թե «ուզում եմ ունենալ լավ աշխատանք», այլ «ուզում եմ աշխատել Համաշխարհային բանկում»: Կարևոր է նաև չափել թվային արտահայտում ունեցող նպատակները: Օրինակ` ոչ թե «ուզում եմ լավ աշխատավարձ», այլ «ուզում եմ ամսական վաստակել 300.000 դրամ»»,- նշում է մյուս բանախոս Ռուզաննա Ինճիկյանն ու հավելում, որ ցանկացած պարագայում նպատակը պետք է բերի որակական փոփոխություններ:

 

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության անձնակազմի հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Ռուզաննա Ինճիկյանը հանդիպման վերջում ներկայացրեց, թե ինչպես ուսանողներից յուրաքանչյուրը կարող է բացահայտել հաջողության իր բանաձևը՝ մասնակցելով «Ռոսգոսստրախ» ընկերության կողմից իրականացվող տարբեր երիտասարդական նախագծերին՝ «Մրցույթ ապահովագրությամբ հետաքրրքվող ուսանողների համար», «Ապագայի գործակալ մրցույթ-նախագիծ» և մասնագիտական բաժիններում, ինչպես նաև սպասարկման բաժիններում անցկացվող ստաժավորման տարբեր ծրագրերին:

 

Բանախոսը առավել հանգամանալից ներկայացրեց նաև «Ապագայի գործակալ» մրցույթ-նախագծի մանրամասները՝ նշելով, որ այն կմեկնարկի հունիսի 22-ից, որը հրաշալի հնարավորություն է այն երիտասարդների համար, ովքեր ցանկություն ունեն սկսելու իրենց առաջին աշխատանքային քայլերը: Մրցույթի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն պրակտիկ գիտելիքներ, վաճառքի և հաճախորդների հետ աշխատելու հմտություններ, կմասնակցեն տարբեր մասնագիտական դասընթացներին, ընդլայնել գործնական կապերի շրջանակները և, իհարկե, կվաստակեն գումարներ:

 

Սեմինար-դասընթացի ընթացքում խոսվեց նաև այն մասին, որ հաջողակ մարդը հավատում է իր ուժերին ու հնարավորություններին ոչ այն պատճառով, որ նա իրեն համարում է լավը, քան իրեն շրջապատող մարդիկ են, պարզապես նա իր ձեռքից բաց չի թողնում իրեն տրված հնարավորությունները:

 

Հ. Գ.: Աշխարհի ամենահաջողակ մարդիկ, որոնք հասել են եզրագծին առաջինը, սկսել են անհաջողությունից: Շրջադարձային պահը նրանց կյանքում սովորաբար համընկել է որոշակի ճգնաժամի հետ, որից նրանք դուրս են եկել որպես լիովին ուրիշ մարդ:

Այլ նորություններ
ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի բարեգործական ֆուտբոլային խաղերի վերջին հանդիպումը:
ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Ինտեգրացիոն վեկտորներ և անվտանգություն. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով քննարկում:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Երևանի պետական համալսարան
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am, genderlead@yahoo.com
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: