16.09.2021 | 
Հասարակություն
«ԵՂԵ՛Ք ՀՀ ԱՐԺԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ, ՍԻՐԵ՛Ք ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ԵՂԵ՛Ք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ». ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
«ԵՂԵ՛Ք ՀՀ ԱՐԺԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ, ՍԻՐԵ՛Ք ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ԵՂԵ՛Ք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ». ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում այսօր տեղի է ունեցել 15 տարի շարունակ ավանդաբար կազմակերպվող ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը, որն այս տարի նվիրված էր ՀՀ անկախության 30-ամյակին։

«Հայրենի՛ք,
Ես պիտի քայլեմ քո կանչին ընդառաջ,
Քո կանչն ինձ համար ավետյաց դրոշ դարձնեմ ու պարտադրեմ քո անպատերա՛զմ գալիքը։
Ցավերիդ հետ պիտի լուռ խոսեմ, ամոքեմ աղոթքներով ու լույս աշխարհ եկող նոր կյանքերով,
Որոնց սիրտը քո սրտի հետ մեկտեղված է բախում»:

 

Ահա այս խորագրով են այս տարի առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը կազմակերպել և օրը հիշարժան դարձրել ԵՊՀ ռեկտորատը և մշակույթի կենտրոնը:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն ասաց, որ ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման արարողությունը դարձել է ավանդական ու սիրված միջոցառումներից մեկը, որը սպասված է ողջ ուսանողության կողմից:

 

«Ամեն տարի մենք միջոցառումը նվիրում ենք մեր երկրի համար կարևոր ու հիշարժան իրադարձության, որն այս տարի մեր հանրապետության անկախության 30-ամյակն է, և, բնականաբար, միջոցառումը նվիրում ենք հենց այս իրադարձությանը»,- նշեց Կարինե Դավթյանը:

 

Նրա խոսքով, այս օրերին բարդ է միջոցառում կազմակերպելը, բայց և շատ կարևոր. «Ունենալով հաջողություններ, հաղթանակներ, անհաջողություններ ու պարտություններ՝ միևնույն է, մեր երկիրը կա, երկիրը շարունակում է ապրել: Առաջինկուրսեցիների մուտքը հենց այդ խորհուրդն ունի: Անպայման պետք է ապրեցնել այս սերունդը»:

 

«Մենք հիշում ենք բոլոր ժամանակների մեր զոհերի սխրագործությունները, խոնարհվում նրանց անմար հիշատակի առջև, որովհետև նրանք տվել են ամենաթանկը՝ կյանքը, որ այսօր ապրի ու անկախ լինի Հայաստանը, իսկ դրա համար պետք է ապրեցնենք սերունդներին, որ նրանք էլ զարգացնեն ու առաջ տանեն մեր երկիրը»,- ասաց Մշակույթի կենտրոնի տնօրենը և տեղեկացրեց, որ ԵՊՀ պատվիրակությունն այսօր այցելել է ԵՊՀ 7-րդ մասնաշենքի պուրակ՝ Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղկեպսակ դնելու, այնուհետև՝ Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու անմահ հերոսների հիշատակին։

 

Կարինե Դավթյանը փաստեց, որ ԵՊՀ-ն այն կարևոր օջախներից է, որը մեծ ներդրում ունի Հայաստանի զարգացման գործում, ուստի կարևոր է, որ նոր սերունդը շարունակի այստեղ կրթվել, զարգանալ ու ապրել՝ հիշելով ու գնահատելով անցած ճանապարհը. «Հենց այս խորհուրդն ունի մեր այսօրվա միջոցառումը»:

 

 

Համալսարանականի բարձր կոչումը ստանալու և այն արժանապատիվ կրելու համար առաջինկուրսեցիներին շնորհավորելու էին եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկաններ, տարբեր ստորաբաժանումների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ և բոլոր ժամանակների համալսարանականներ:

 

Այս տարի միջոցառմանը ներկա գտնվելու համար հրավիրվել էին նաև համալսարանական զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները:

 

Միջոցառման մեկնարկին ՀՀ և ԵՊՀ դրոշները բարձրացնելու համար բեմ հրավիրվեցին Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողներ Գուրգեն Գևորգյանը և Մարտուն Պապիկյանը:

 

 

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորելով առաջինկուրսեցիներին համալսարանական դառնալու կապակցությամբ, փաստեց, որ բավական դժվար է կրել այդ բարձր կոչումը և պատիվը: Նա նշեց, որ երկար ժամանակ երկմտել են՝ կազմակերպե՞լ այս միջոցառումը, թե՞ ոչ, բայց ի վերջո որոշել են կազմակերպել՝ ցույց տալու այն շարունակականությունը, որ հայերն ապրել են, ապրում են և ապրելու են. «Համալսարանը պետք է լինի կենտրոն, որ կրթությամբ կարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները»:

 

«Մեզ համար առաջնային է համալսարանում ձևավորել ակադեմիական միջավայր, ինչը նշանակում է սովորել, ունենալ համալսարանականին բնորոշ վարք, հարգել դասախոսներին, ժամանակին կատարել պարտականությունները և տեր կանգնել իրավունքներին,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը և շեշտեց, որ չպետք է մտածել միշտ ճիշտ լինելու մասին, այլ մտածել մտածելու մասին:- Մենք սովորում ենք նաև սխալների վրա, ինչի համար համալսարանում կարևորում ենք քննական միտքը, վերլուծական կարողությունները և նախաձեռնողականությունը»:

 

 

Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ համալսարանը ոչ միայն կրթական, այլև գիտական կենտրոն է, ուստի հենց այսօրվանից պետք է մտածել նաև գիտությամբ զբաղվելու և գիտական արդյունքներ գրանցելու մասին, քանի որ ամենաարդյունավետ ռեսուրսը միտքն ու գիտական կարողություններն են. «Եղե՛ք ՀՀ արժանի քաղաքացի, սիրե՛ք մեր երկիրը, եղե՛ք պատասխանատու և նախաձեռնող»:

 

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ առաջին կուրսը նոր կյանքի սկիզբ է, և որ ամեն տարի այդ կյանքի սկիզբն ազդարարվել է՝ առաջինկուրսեցիների մուտքը հանդիսավոր նշելով:

 

Նախարարը փաստեց, որ այս ընթացքում թերևս միայն անցած տարի է, որ համավարակի պատճառով օրը հանդիսավորությամբ չի նշվել, բայց և հիշեց, որ իրենք հանդես են եկել շնորհավորական ուղերձներով ու բարի գալուստ մաղթել բոլոր նորեկներին. «Իմ ուղերձում ես առանձնահատուկ շնորհավորել էի այն առաջինկուրսեցիներին, որոնք ընդունվել են համալսարան ու մեկնել բանակ: Նրանցից ոմանք դեռևս իրենց պարտքն են տալիս հայրենիքին, նրանցից ոմանք, ցավոք սրտի, գնացին դեպի հավերժություն: Ես ցանկանում եմ, որ այսուհետ առաջինկուրսեցու օրը միշտ նշենք բոլորս միասին և ունենանք մարտական տրամադրություն»:

 

 

«Պատերազմից հետո շատ է խոսվում անվտանգության մասին: Այսօր այդ խնդիրն առաջնային է, բոլորս գիտակցում ենք դրա կարևորությունը և քննարկում, թե ինչ է պետք դա ապահովելու համար: Ես ուզում եմ շեշտել, որ բոլոր բաղադրիչներից ամենահզոր անվտանգությունը կրթությունն է, որը ձևավորում է ճիշտ մտածողություն, ինչի արդյունքում էլ կայացնում ենք ճիշտ որոշումներ»,- ասաց Վահրամ Դումանյանը և հորդորեց առաջինկուրսեցիներին լավ սովորել՝ ձևավորելու, շարունակելու ու զարգացնելու մեր անվտանգությունը:    

 

Այս տարի երդման տեքստը կարդալու պատասխանատվությունն ու պատիվն ընձեռված էին Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Միշա Շախտանյանին, Նարե Խանդանյանին, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Քնարիկ Հովհաննիսյանին և Արևելագիտության ֆակուլտետի ուսանող Գոռ Հովհաննիսյանին, որոնք բոլոր առաջինկուրսեցիների անունից երդվեցին, որ բարձր են պահելու ու արժանի են լինելու կրել ԵՊՀ ուսանողի բարձր կոչումը, որ սիրելու են կրթության դարբնոցն ու լույս սփռող դասախոսներին:

 

 

Միջոցառման ընթացքում իրենց երաժշտական, պարային ու թատերական համարներով ելույթ ունեցան ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը, աղջիկների պարային համույթը, «YSU band»-ը և «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները։

 

Միջոցառման ֆոտոշարքը կարող եք տեսնել այստեղ:

Քնար Միսակյան

 


 

Այլ նորություններ
«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՈՒՄ Է ՄԵԶՆԻՑ, ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ՄԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՑ ՈՒ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻՑ». ԽԶՎԱԾ ՁԱՅՆՈՎ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր համալսարանականների հյուրն էր Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, ՀՀ ԶՈՒ սպա, ավագ լեյտենանտ Մնացական Ավետիսյանը:
ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋ ԵՊՀ-Ի ԵՎ «ԱՐՄԵՆՊՐԵՍԻ» ՄԻՋԵՎ. ԿՆՔՎԵԼ Է  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Արամ Անանյանն այսօր ստորագրել են երկու կառույցների փոխըմբռնման հուշագիր՝ իրականացնելու ռազմավարական գործընկերություն և երկարաժամկետ համագործակցություն:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

New layer...