03.05.2018 | 
Կրթություն
«ԵՍ ԼԱՎԱՏԵՍ ԵՄ, ՔԱՆԻ ՈՐ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ՝ ԵԿՈՂ ՍԵՐՈՒՆԴԸ ՎԱՐՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԿԻՆՆ ԱԾԱՆՑՅԱԼ ՉԷ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԵՍ ԼԱՎԱՏԵՍ ԵՄ, ՔԱՆԻ ՈՐ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ՝ ԵԿՈՂ ՍԵՐՈՒՆԴԸ ՎԱՐՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԿԻՆՆ ԱԾԱՆՑՅԱԼ ՉԷ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՊՀ շրջանավարտ Սոնա Գրիգորյանի նախաձեռնությամբ Մայր բուհի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում ստեղծվել է Ֆիլմերի ակումբ: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կանայք, առաջնորդություն, զարգացում մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Սոնան մեզ հետ զրույցում պատմում է ակումբի նպատակների, հրաձգության հանրապետական մրցույթում առաջին տեղը գրավելու, ինչպես նաև իր իսկ կողմից համակարգվող «ԱՐՔԱՆԵ» աղջիկների առաջնորդության և զարգացման ամառային դպրոցի մասին:

Ակումբի նպատակն է ֆիլմերի դիտման և քննարկման միջոցով վեր հանել կանանց և տղամարդկանց վերաբերյալ արդի մշակութային հիմնահարցերը և հիմնախնդիրները, ինչպես նաև գիտելիքներ տրամադրել տվյալ հիմնախնդիրներով հետաքրքրված անձանց՝ ապահովելով երիտասարդների զգայունության ու քննադատական մոտեցման ավելացումը վերոնշյալ խնդիրների նկատմամբ:

 

Կնոջ և տղամարդու անհավասարությունը գալիս է մեր մշակույթից, այն այսօր այնքան  արմատացած է, որ նույնիսկ սպասարկման ոլորտում առաջնահերթությունը տրվում է տղամարդկանց: Մեր հասարակությունն այնքան ներծծված է կնոջ և տղամարդու անհավասարության մոդելներով, որ վաճառողներն ավելի շուտ տղամարդկանց են սպասարկում, քան կանանց: Գենդերային կարծրատիպերը կոտրելու համար առաջին հերթին կանայք իրենց գիտակցության մակարդակում պետք է ընդունեն, որ իրենք հավասար են: Ես լավատես եմ, քանի որ տեսնում եմ՝ եկող սերունդը վարքային մակարդակով ցույց է տալիս, որ կինն ածանցյալ չէ: Մենք հիմա ապրում ենք կարծրատիպերով, սակայն չենք մտածում դրանք մեզ այժմ անհրաժեշտ են, թե ոչ: Կարծրատիպը նախորդ սերունդների կողմից մշակված մտքի կամ վարքի պատրաստի մոդել է, որը չի թողնում մտածել, այն վերացնում է քննադատական մոտեցումը: Կարծում եմ, որ ֆիլմերի ցուցադրումը և ակումբային քննարկումը կնպաստեն ուսանողների քննադատական մտածողության զարգացմանը և կազատեն շաբլոնային մտածողության կապանքներից:

 

Հրաձգության հանրապետական մրցույթի մասին

 

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը երկրորդ տարին անընդմեջ «Ասպար Արմս» ՍՊԸ հրաձգարանում պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպում է հրաձգության հանրապետական մրցույթ:

 

Մրցույթին մրցել են ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, մի քանի նախարարությունների, մարզպետարանների, ՀՀ կենտրոնական բանկի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվել են անհատական՝ տղամարդիկ, կանայք, ինչպես նաև թիմային հաշվարկով:

 

Այս տարի, ինչպես նաև անցած տարի պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթում կանանցից լավագույնն է ճանաչվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ներկայացնող Սոնա Գրիգորյանը:

 

 

 

Անհատական հաշվարկով (տղամարդիկ, կանայք) 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրավածները պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հավաստագրերով, մեդալներով, գավաթներով, հուշանվերներով և մարզահագուստով: Իսկ 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցները  պարգևատրվել են նաև օդամղիչ հրացաններով: Թիմային հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են գավաթներով և հավաստագրերով: Մրցույթին մասնակցել են 34 թիմերի 227 մասնակիցներ:

 

Այս մրցմանը մասնակցելուց ևս մեկ անգամ եկել եմ այն համոզման, որ աղջիկներն իրենց ունակություններով ոչնչով չեն զիջում տղաներին, նույնիսկ կարող են ավելի լավ արդյունքների հասնել, և հասնում են, քանի որ ավելի շատ են իրենց վրա աշխատում արևի տակ իրենց տեղը գտնելու համար: Մինչդեռ տղաներն այդ ջանքերը չեն գործադրում, քանի որ իրենց տեղն ի վերուստ ամրագրված է հենց իրենց սեռով: Բայց այս տարվա մրցույթի իմ հաղթանակը, որում ես առավելագույն միավորներն էի հավաքել (հնարավոր 50-ից՝ 47, իսկ լավագույն տղան 43 միավոր էր գրանցել) ապացուցում է, որ  ամեն ինչ փոխվում է:

 

Ես չեմ ցանկանում դիպուկահար դառնալ, քանի որ դեմ եմ պատերազմներին: Հրաձգությունն ինձ համար ուղղակի շատ հետաքրքիր սպորտաձև է, որը զարգացնում է կենտրոնացումը, էմոցիաների կառավարումն ու ինքնատիրապետումը: 

 

Ես մյուս տարի անցկացվելիք մրցույթին չեմ մասնակցի, քանի որ այլևս քաղ. ծառայող չեմ, արդեն  աշխատում եմ «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամում՝ որպես երիտասարդական ծրագրերի պատասխանատու: Հիմնադրամի երիտասարդական ծրագրերի շրջանակում պետք է աջակցենք, որպեսզի երիտասարդներն ունենան գենդերային զգայուն մոտեցում, լինեն ներառական, պետք է օգնենք երիտասարդներին զարգացնել իրենց ձեռներեցության հմտությունները և կարողությունները, ինչպես նաև նպաստելու ենք, որպեսզի երիտասարդներն ակտիվ լինեն երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացներում:  

 

 «ԱՐՔԱՆԵ» աղջիկների առաջնորդության և զարգացման ծրագրի մասին

 

Սոնան նաև «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի «ԱՐՔԱՆԵ» աղջիկների առաջնորդության և զարգացման ծրագրի շրջանակում անցկացվող ամառային դպրոցի համակարգողն է: Նա պատմում է, որ 2008 թվականից ի վեր ամենամյա այս ծրագիրը հնարավորություն է ընձեռնում 13-ից 16 տարեկան հայ աղջիկներին զարգացնել իրենց առաջնորդության հմտությունները: Հայաստանի մարզերից ավելի քան 415 աղջիկներ են մասնակցել այս ծրագրին: Ամեն տարի ամռանը «ԱՐՔԱՆԵ»  ծրագրի շրջանակում մեկ շաբաթով կազմակերպվում է ամառային դպրոց, որի նպատակն է ինքնաճանաչման և ինքնազարգացման հնարավորություններ ընձեռել 13-16 տարեկան հայ աղջիկներին և զարգացնել նրանց առաջնորդության հմտությունները: Ամառային դպրոցին հաջորդում են ծրագրի մի շարք բաղկացուցիչներ` մարզային դասընթացներ, համայնքային տարբեր հասարակական միջոցառումներ, ինչպես նաև առցանց ուսուցում:

 

Կարծում եմ, որ գենդերային կարծրատիպերը ձևավորվում են դեռևս դպրոցական տարիքից: Մեր դպրոցներում պետք է զարգացնել քննադատական մտածելակերպը, որին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում: Դրա պատճառը ՀՀ կառավարության վարած գենդերային ոչ զգայուն քաղաքականությունն է: Այսօր մեր լրատվամիջոցներով կնոջ և տղամարդու հավասար իրավունքների մասին հաղորդումներ գրեթե չկան: Փորձը ցույց է տալիս, որ ամառային դպրոցի ծրագրին մասնակցած աղջիկները սկսում են ավելի ինքնավստահ լինել:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
«ՀԱՅԱՍՏԱՆ 2018. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ, ՕՐ 2-ՐԴ
Հայաստանի ամերիկյան համալսարնում շարունակվում է «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը:
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
«Եթե ես լինեի ուսանող և ունենայի այսպիսի լայն-լայն-լայն ընտրության հնարավորություններ, ամենայն հավանականությամբ, կմնայի հասարակագիտության ոլորտում»:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Երևանի պետական համալսարան
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am, genderlead@yahoo.com
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

New layer...