27.06.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում որպես կամավոր ընդգրկված 28 ուսանողների վկայականների հանձնման արարողությունը:

Ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, շնորհավորելով ուսանողներին և մաղթելով, որ իրենց գիտելիքները կիրառեն՝ ի բարօրություն օրենքի գերակայության, նշեց. «Մենք ձգտում ենք կլինիկական կրթության որակը բարձրագույն նշաձողի հասցնել և վերելք գրանցել թե՛ որակի, թե՛ քանակի առումով: Սրանով պայմանավորված՝ մենք փորձում ենք ստեղծել լսարանային այն պայմանները, որոնք հնարավորություն կտան ավելի շատ ուսանողների ներգրավելու: Ի կատարումն դրա՝ կլինիկայում պարտադիր պրակտիկա է անցել բակալավրիատի 3-րդ կուրսի 160 ուսանող»:

 

 

ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը, խոսելով կլինիկայի դերի և դրանում ուսանողների ներգրավվածության կարևորության մասին, ընդգծեց. «Կլինիկան ուսանողական իրավաբանական խորհրդատվական կենտրոն է, որտեղ որպես կամավորներ ընդգրկվում են առկա և հեռակա համակարգում սովորող 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողներ: Բարձր կուրսերի ուսանողների ընդգրկվածության կարևորությունն այն է, որ նրանք արդեն իսկ ունեն բազային այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են իրավաբանական ծառայություններ տրամադրելու համար։ Այս տարի ևս իրավաբանական տարբեր փաստաթղթեր ենք պատրաստել հաճախորդների համար, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գանգատներ»:

 

 

Խոսելով կլինիկայում ձեռք բերած գործնական հմտություններից՝ կլինիկայի ուսանող Աննա Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես իրավախորհրդատվություն եմ անցկացրել քաղաքացիական և վարչական իրավունքի մասնագիտացումներով և փորձել եմ իմ ուժերի ներածին չափով օգտակար լինել մարդկանց: Այս ընթացքում իրականացրել ենք նաև «Իրավունք բոլորի համար» կրթական ծրագիրը, որի շրջանակում կազմակերպել ենք այցեր դեպի Երևանի և Վանաձորի դպրոցներ և իրավագիտության տարբեր ոլորտներին առնչվող դասախոսություններ կարդացել»:

 

 

Կլինիկայի ուսանող Արփինե Ալեքսանյանն ի հավելումն խոսեց հանդիպած դժվարությունների մասին․ «Բարդ էր հատկապես այն ժամանակ, երբ մարդիկ գալիս էին խնդրով, որը իրավական ոլորտի հետ որևէ առնչություն չուներ: Երբեմն պատմում էին որոշ մանրամասներ, որոնք, ըստ էության, որևէ առնչություն չունեին գործի հետ: Այս պարագայում մեզանից պահանջվում էր մեծ համբերատարություն»։

 

 

Հանդիպման ավարտին ուսանողներն իրենց երախտագիտության խոսքը հղեցին ֆակուլտետի ղեկավարությանը և կլինիկայի աշխատակազմին՝ կլինիկայի ընձեռած հնարավորությունների և այնտեղ ստացած գիտելիքների համար:

Այլ նորություններ
«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ է ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ». ԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Աննա Մադաթյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով կրթություն է ստացել Իսպանիայի Լա Կորունյա համալսարանում: Մեզ հետ զրույցում Աննան պատմել է լեզուների իմացության կարևորության, Իսպանիայում անցկացրած օրերի և այլ թեմաների մասին։
«ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՀԱԳԵՑՆԵԼՈՒ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ»․ ԼԵՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի այս տարվա շրջանավարտներից է ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լենա Մուրադյանը։ Լենայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողական հագեցած տարիների և այլ թեմաների շուրջ:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

New layer...