09.04.2018 | 
Հասարակություն
«ՑԱՎԱԼԻ Է, ՈՐ ՄԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԱՏՈՐԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆ ԿՆՈՋ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ». ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ
«ՑԱՎԱԼԻ Է, ՈՐ ՄԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԱՏՈՐԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆ ԿՆՈՋ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ». ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ
Հայաստանում տղամարդկանց կողմից կանանց հանդեպ ցուցաբերվող անհավասարության երևույթը դեռևս շարունակում է արդիական մնալ: Վերջին տարիներին իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ, որոնք նվիրված են կանանց իրավունքների, հասարակությունում կանանց դերի, գենդերային հավասարության, ընտանեկան բռնությունների խնդիրներին: Մեզ հետ զրույցում վերոնշյալ խնդիրներին անդրադարձավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Աղասի Թադևոսյանը:

Նշենք, որ  «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2013 թվականին: Օրենքով սահմանված են գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությունը, մեխանիզմները, իրավական երաշխիքները և այլն:

 

- Պարո՛ն Թադևոսյան, ինչո՞վ է պայմանավորված առօրյա կյանքում կանանց ու տղամարդկանց միջև գոյություն ունեցող անհավասարությունը:

 

- Ըստ գրանցված հետազոտական տվյալների` կարելի է ասել, որ անհավասարությունն ունի տարբեր դրսևորումներ. դրանք կարող են արտահայտվել առավել մեղմ կամ կոշտ ձևերով:

 

Հետազոտությունների հիմնական մասը վկայում է այն մասին, որ Հայաստանում տղամարդկանց և կանանց փոխհարաբերությունները կառուցված են անհավասարության սկզբունքով։ Ըստ գրանցված հետազոտական տվյալների` կարելի է ասել, որ անհավասարությունն ունի տարբեր դրսևորումներ: Հաճախ անհավասարությունը գործում է թաքնված, ոչ բացահայտ ձևերով։ Նման դեպքերում մարդիկ չեն էլ գիտակցում, որ գործ են ունենում անհավասարության հետ և նույնիսկ զարմանում են` լսելով դրա մասին։ Դա հատկապես տեղի է ունենում այն դեպքերում, երբ մարդիկ անհավասարությունը չեն սահմանում որպես այդպիսին: Շատերն անհավասարությունը համարում են առօրյա կյանքին բնորոշ, բնական մի իրողություն կամ բնորոշում են այն ոչ թե որպես անհավասարություն, այլ ավանդույթ։

 

Նման մոտեցումները բնորոշ են ոչ միայն հայաստանյան հասարակությանը, այլև տարածված են ողջ աշխարհում: Բազմաթիվ նմանաբնույթ օրինակներ կարելի է բերել: Տղամարդն ազատ է իր ժամանակը տնօրինելու ու բնակավայրի տարածքում իր ուզածի նման տեղաշարժվելու հարցերում։ Կանանց դեպքում, սակայն, դա անընդունելի է, և նրանց ժամանակի ու տարածության կազմակերպման համարյա բոլոր պրակտիկաները գտնվում են տղամարդկանց վերահսկողության տակ։ Այնուամենայնիվ, այս և բազմաթիվ այլ օրինակների դեպքում այդ ամենը չի ձևակերպվում որպես անհավասարության դրսևորում, այլ համարվում է ինքնըստինքյան ենթադրվող բնական մի իրողություն, որը նույնիսկ չի էլ նկատվում։  

 

Այն մեզ է փոխանցվել ավանդույթով, և ենթադրվում է, որ այդպես պետք է փոխանցվի նաև գալիք սերունդներին։ Այդ ամենը համարվում է որպես մեր ընտանեկան կյանքին բնորոշ, ամենօրյա նիստուկացի, վարքուբարքի մի մասը, բնականոն մի բան, ինչը ո՛չ տղամարդկանց, ո՛չ էլ կանանց կողմից չի բնութագրվում որպես անհավասարություն։ Նկատենք նաև, որ հայոց ավանդական նիստուկացում կնոջ դերի ստորադասումն ու անհավասարությունն իսկապես խիստ բնորոշ ու սովորական են եղել:  Անհավասարությունը ժամանակի ընթացքում ձևավորված և խորապես արմատավորված մի երևույթ է, որը, որոշ հետազոտողների կարծիքով, առաջացել է պատմության ընթացքում կնոջ դերի ստորադասման հետևանքով: Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ անհավասարությունը ոչ թե պատմվում է առօրյա կյանքում, այլ պարզապես վերարտադրվում է առօրյա պրակտիկաներում որպես բնական համարվող ու ինքնըստինքյան ենթադրելի մի իրողություն:

 

-Ինչպե՞ս է առօրյա կյանքում արտացոլվում կանանց ու տղամարդկանց միջև գոյություն ունեցող անհավասարությունը։

 

- Ըստ մեր գրանցած հետազոտական տվյալների` կանանց հանդեպ խտրական վերաբերմունքն ու անհավասարությունը վերարտադրվում են պրակտիկաների միջոցով։ Անհավասարությունը պրակտիկաներում արդարացվում ու քողարկվում է բազմաթիվ փաստարկներով, որոնք վերաբերում են պարկեշտությանը, պատվարժանությանը, հարգանքին, ամոթին և բարոյախրատական բնույթի բազմաթիվ այլ ձևակերպումներին։ Անհավասարությունը խնդիրն առավել ևս արտացոլված է կանանց տեղաշարժման ազատությունը սահմանափակող պրակտիկաներում։

 

Ընտանիքի կանանց տեղաշարժը հստակ կանոնակարգված է և համաձայնեցված տան տղամարդկանց հետ: Կինը իրավունք ունի տեղաշարժվելու հիմնականում համաձայնեցված երթուղիներով: Երթուղուց շեղվելու դեպքում նա պարտավոր է համաձայնեցնել այն տղամարդու հետ։ Հակառակ դեպքում շեղումը կարող է լուրջ տհաճությունների առաջացնել և կասկածների պատճառ դառնալ։ Նման համարձակություն ունեցողները կարող են ոչ միայն արժանանալ տղամարդու զայրույթին, այլև դա որոշ ընտանիքներում կարող է դառնալ ծեծի ու բռնության պատճառ, ինչը, սակայն, միջավայրի կողմից ոչ թե դատապարտվում է, այլ համարվում, որ կինը մեղավոր է, ուրեմն արժանի է պատժի։ Առանց ամուսնու թույլտվության` ավանդական ու պահպանողական կենսակերպով ապրող շատ ընտանիքներում կանանց չի թույլատրվում այցելել նույնիսկ ծնողների տուն:

 

Մեզանում  ոչ միայն պահպանվել են կանացի ու տղամարդկային աշխատանքների հստակ սահմանազատումները, այլ նաև կանացի գործերը ստորացուցիչ համարելու կարծրատիպը։ Հասարակական շատ միջավայրերում կանացի գործեր անող տղամարդը կարող է ենթարկվել ծաղրանքի, անհարգալից ու նույնիսկ ստորացուցիչ վերաբերմունքի։ Մեր հասարակությունում տղամարդու խոսքին հնազանդվելը համարվում է կանացիության կարևոր հատկանիշներից մեկը։

 

Մի այլ կարևոր նորմ է նաև տղամարդու խոսքի ճշմարտացիությունը չվիճարկելը։ Այս դեպքում պախարակելի է այն, որ կինը ոչ միայն չի ենթարկվել ամուսնու խոսքին, այլև փորձել է վիճարկել դրա ճշմարտացիությունը` առաջ քաշելով իր խոսքի ճշմարտացի լինելը։ Ավանդական ոճով ապրող ընտանիքներում տղամարդու խոսքին հնազանդվելը համարվում է այն ակնկալվող վարքագիծը, որը կինը պետք է ցուցաբերի ինչպես ընտանիքում, այնպես էլ հանրային միջավայրերում:

 

Կնոջ և տղամարդու անհավասարության դրսևորումները նկատվում են նաև հագուստի ու սննդի պրակտիկաներում: Ավանդական ու պահպանողական արժեքներով ապրող հասարակական խավերում կնոջ հագուստի ընդունելի լինելու կամ չլինելու խնդիրը վերահսկվում է հիմնականում տղամարդկանց կողմից։

Կնոջ հանդեպ պատժի ու բռնության կիրառման պատճառ կարող են դառնալ տղամարդու խոսքին չհնազանդվելը, խոսքի ճշմարտացիությունը վիճարկելը, տղամարդկանց խոսակցությանը խառնվելը, սեփական կարծիքը հայտնելը։

 

Կանանց անհավասարությունը վերարտադրող պրակտիկաներն այնպիսի երևույթներ են, որոնք ներկայացվում և մեկնաբանվում են որպես ավանդույթներ: Դրանց դեմ ուղղակի պայքարն ընկալվում է որպես ավանդույթի դեմ ոտնձգություն:

 

-Ինչպե՞ս  կարելի է մեր հասարակությունում լուծել կանանց  ու տղամարդկանց  միջև գոյություն ունեցող անհավասարության խնդիրը:

 

Մեր հասարակությունում կանայք սեփական մտածողության փոփոխության խնդիր ունեն: Այսօր կանանց մեծամասնությունը մտածում է, որ տղամարդկանցից ածանցյալ են, որն ավելի շատ պահպանողականության խնդիր է:

 

Հասարակական լայն մտածողության մակարդակում մենք դեռևս զարգացման մարտահրավերների կրողը չենք, որի կարևոր խնդիրներից մեկը հասարակությունում ազատության և հավասարության գաղափարների տարածումն ու հաստատումն  է:

 

Այսօր շատ ցավալի է, որ մեր հեռուստաընկերություններն ազատորեն քարոզում են կնոջ հանդեպ բռնությունը: Կրթական հաստատություններում կնոջ և տղամարդու հավասարության խնդիրն անտեսված է: Կատարված հետազոտությունները փաստում են, որ դասագրքերում պատկերների և առանձին խոսքային բանաձևումների միջոցով քարոզվում և երեխայի մտածողության մեջ ամրապնդվում է կնոջ ածանցյալ լինելը: Հայաստանում այս ոլորտում հետևողական պետական քաղաքականություն չի վարվում, սակայն կանանց նկատմամբ բռնությունները կանխելու համար այն խիստ հրամայական է:

 

                                                                                                                                             

 Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
«ԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՃԱԽ ԷԻ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ» ՅԱԿՈԲ ՎՈԼԺԱԿ
2010 թվականից Երևանի պետական համալսարանը տարածաշրջանի մյուս 4 առաջատար համալսարանների հետ իրականացնում է «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագիրը, որի մասնակիցներից մեկը Լեհաստանից ժամանած Յակոբ Վոլժակն է:
ԼԵՀԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ ԵՊՀ-ԻՑ ՆԵՐՍ
Ագնիեշկա Վաշիլչուկը լեհերենի դասախոս է, Հայաստան է գործուղվել Արտերկրում լեհական կրթության զարգացման կենտրոնի կողմից: Լեհերեն է դասավանդում Երևանի պետական համալսարանում, Հայաստանում լեհերի «Պոլոնիա» միությունում և «Պոլսկա Ռոդզինա» ընկերությունում:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Երևանի պետական համալսարան
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am, genderlead@yahoo.com
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

New layer...