07.04.2018 | 
Հասարակություն
«ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՆՈՋ ՁԳՏՈՒՄԸ ՉԻ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ». ԵՊՀ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ
«ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՆՈՋ ՁԳՏՈՒՄԸ ՉԻ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ». ԵՊՀ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ
«Այսօր հիմնականում կինն ընկալվում է որպես ավելի թույլ էակ, որի ձգտումներն ավելի սահմանափակ են, այն դիտվում է ոչ միայն ընտանիքում, այլև ընտանիքից դուրս»,- այսօր մեզ հետ զրույցում, խոսելով գենդերային հավասարությանն ուղղված քաղաքականության մասին, նման տեսակետ հայտնեց ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Գոհար Շահնազարյանը:

Նրա խոսքով` մեր հասարակությունում գենդերային իրավահավասարության խնդիրները կապված  են ընկալման հետ՝  ինչպես ենք մենք տեսնում կնոջ և տղամարդու դերը:

 

Ըստ բանախոսի` կատարած  հարցումները  ցույց են տալիս, որ հասարակության մի մասը կնոջ ձգտումը չի խրախուսվում և կարծում է, որ քաղաքականությամբ  զբաղվելը կնոջ գործը չէ: «Արմատացած կարծրատիպերը բերում են նրան, որ այսօր տղամարդիկ ավելի ազատ են դրսևորվում,  քան կանայք: Ըստ հետազոտությունների՝ այսօր նույնիսկ կանանց և տղամարդկանց աշխատավարձի մեջ տարբերությունը կազմում է 35 տոկոսի չափով: Այդ կարծրատիպերը նաև ազդում են տղամարդկանց վրա. նրանցից ակնկալվում է միշտ լինել ուժեղ և անկոտրում դիրքում, որը նույնպես սխալ է, քանի որ այդ դեպքում ընտանիքի ամբողջ բեռը՝ ֆինանսական տեսանկյունից, ընկնում է տղամարդու ուսերին:  Ինչպես նաև ավելի զգացմունքային տղամարդիկ պիտակավորվում են»,- հավելեց բանախոսը:

 

Ըստ բանախոսի՝գենդերային իրավահավասարության խնդիրները լուծելու համար շատ կարևոր է կրթությունը, որպեսզի հասկանանք՝ կարծրատիպերից պետք է ձերբազատվել: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երկրներում, որտեղ հասարակությունն ապրում է կարծրատիպերով, երջանիկ չէ: Ինչքան շուտ ազատվենք  անհիմն և ոչ պիտանի կարծրատիպերից, այնքան մարդիկ կսկսեն ավելի ազատ ինքնադրսևորվել»,- հավելեց ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրենը:

 

Բանախոսը, անդրադառնալով երիտասարդ հայ ընտանիքներում  գենդերային իրավահավասարության խնդիրներին, նշեց, եթե համեմատություն անցկացնենք անցած տարիներ հետ, ապա տարբերություն կա. այսօր երիտասարդ ընտանիքներում ավելի շատ գործում է հավասարության և հարգանքի սկզբունքը:

 

Գ. Շահնազարյանի խոսքով՝ այսօր դեռևս կան բազմաթիվ գենդերային իրավահավասարության խնդիրներ,  որոնք լուծման կարիք ունեն. առաջնային է կնոջ հանդեպ բռնության վերացումը:

 

Բանախոսը փաստում է, որ գենդերային իրավահավասարության հաստատումը կարևորագույն քայլ է կայուն ու ժողովրդավարական ազգային պետության կայացման ճանապարհին:

 

Նշենք, որ  «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2013 թվականին: Օրենքով սահմանված են գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությունը, մեխանիզմները, իրավական երաշխիքները և այլն:

 

Ըստ ԵՊՀ դոցենտի՝ օրենքի ընդունումն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար գենդերային հավասարությանն ուղղված քաղաքականության իրական արդյունքներ արձանագրելու համար: «Այսօր հայ հասարակության առջև ծառացած մարտահրավերներն ու խոչընդոտները, դրանք հաղթահարելու մեխանիզմները հետազոտության և քննարկման կարիք ունեն հատկապես քաղաքականության արդյունավետության գնահատման ու գործնական կիրառության տեսանկյունից»,- հավելեց Գ. Շահնազարյանը:

 

Սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտի խոսքով՝ տարբեր ՀԿ-ների կողմից իրականացվող, կանանց քաղաքական մասնակցությունը խթանող, բռնության դեմ պայքար մղող, գենդերային խնդիրների շուրջ հասարակությանն իրազեկող ծրագրերը հաճախ բախվում են արմատացած կարծրատիպերին: «Բազմաթիվ հետազոտություններ անընդհատ նշում են դասագրքերի միջոցով գենդերային կարծրատիպերի վերարտադրությունն ու արմատացումը, տեղեկատվական հաղորդումներում առկա կարծրատիպերն արմատախիլ անելու անհրաժեշտությունը, սակայն պատկերը կարծես թե նույնն է»,- ասաց նա:

 

Գ. Շահնազարյանի դիտարկմամբ՝ առկա կարծրատիպերն ու արմատացած գենդերային անհավասարությունը, բնական համարվող բռնությունը, հասարակության վերաբերմունքն այդ խնդիրներին համալիր մոտեցում են պահանջում: «Այստեղ պետք է համագործակցեն պետական և հասարակական տարբեր կառույցներ, որպեսզի արդյունքները դառնան իրական և շոշափելի»,- հավելեց նա:

 

ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի ղեկավարը նշեց՝ հաճախ պնդում են, որ գենդերային գաղափարախոսությունը խորթ է մեր ազգային նկարագրին. դրսից ներմուծված, օտարածին ուղղություն է և նպատակ ունի խարխլելու դարերով արմատացած հայոց ազգային ավանդույթները: Սակայն շատերը հակված են այն կարծիքին, որ սեռերի իրավահավասար հարաբերակցության հիմնախնդիրներն ամենևին էլ խորթ չեն:

 

Գ. Շահնազարյանի խոսքով՝ գենդերային իրավահավասարության վերաբերյալ կարծրատիպերն  ոչ միայն մշակութային տարրեր ունեն, այլև գալիս են  դարեր շարունակ եղած դրվածքից:

 

Բանախոսը փաստեց, որ Հայաստանի արդի հասարակական-քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ կանայք, այնուամենայնիվ, մղվում են երկրորդ-երրորդ պլան և դիտվում ածանցյալ տղամարդկային մշակույթից: «Կանայք կազմում են աշխարհի բնակչության մոտավորապես կեսը և Հայաստանի բնակչության ավելի քան 53 %-ը: Սոցիալական այս խմբի քաղաքական ներուժը բավականին մեծ է, հետևաբար այն անտեսելը ճիշտ չի լինի մեր երկրի համար»,- մտահոգություն հայտնեց ԵՊՀ դոցնետը:

 

Ըստ Գ. Շահնազարյանի՝  Հայաստանը հնուց ի վեր իրավահավասար քաղաքացիների պետություն է եղել. զուր չէ, որ հնագույն քաղաքակրթությունն իր հողի վրա ստրկություն չի հանդուրժել` շրջանցելով հարևան պետություններում տիրող հասարակական կացութաձևը:

 

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Հայաստանը վավերացրել է կանանց իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ուղղված միջազգային մի շարք պայմանագրերը: «Սակայն այս դաշտում օրենքով տրված իրավունքների իրագործման ուղղությամբ մենք ունենք շատ անելիքներ»,- նկատեց ԵՊՀ դոցենտը:

Այլ նորություններ
«ԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՃԱԽ ԷԻ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ» ՅԱԿՈԲ ՎՈԼԺԱԿ
2010 թվականից Երևանի պետական համալսարանը տարածաշրջանի մյուս 4 առաջատար համալսարանների հետ իրականացնում է «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագիրը, որի մասնակիցներից մեկը Լեհաստանից ժամանած Յակոբ Վոլժակն է:
ԼԵՀԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ ԵՊՀ-ԻՑ ՆԵՐՍ
Ագնիեշկա Վաշիլչուկը լեհերենի դասախոս է, Հայաստան է գործուղվել Արտերկրում լեհական կրթության զարգացման կենտրոնի կողմից: Լեհերեն է դասավանդում Երևանի պետական համալսարանում, Հայաստանում լեհերի «Պոլոնիա» միությունում և «Պոլսկա Ռոդզինա» ընկերությունում:
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Երևանի պետական համալսարան
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am, genderlead@yahoo.com
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

New layer...