15.11.2022 | 
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ. ԿԱՏԵՐԻՆԱ ԱԼԹՈՒՆՅԱՆ
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ. ԿԱՏԵՐԻՆԱ ԱԼԹՈՒՆՅԱՆ
Կատերինա Ալթունյանը ԵՊՀ երիտասարդ դասախոս է՝ դասավանդման գրեթե 10 տարվա փորձով։ Դասախոսում է ոչ միայն ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, այլև մասնավոր բուհերում, բանախոսություններով հանդես է գալիս ոչ ֆորմալ դասընթացներում։

Պատմում է Կատերինա Ալթունյանը:

 

Գիտակրթական գործունեությունը նման է տարերկրյա միրգ ուտելուն:

Ինձ համար կարևորագույն աշխատանք է գիտակրթական գործունեություն ծավալելը: Ինքնակրթությունն ու ստացած գիտելիքները փոխանցելը շաղկապված են միմյանց, որովհետև սովորեցնելու համար նախ ինքդ պետք է սովորես: Հաճախ գիտակրթական աշխատանքը համեմատում եմ տարերկրյա (էկզոտիկ) միրգ ուտելու հետ. թեև դեռ չես համտեսել, բայց պատկերացնում ես համը: Գիտակրթական գործունեությունն այդպիսի զուգորդում է առաջացնում ինձ մոտ:

 

Դասավանդման մեթոդները և մոտեցումները:

Յուրաքանչյուր դասախոս առանձնահատուկ է իր մոտեցումներով, և ես էլ փորձում եմ այդպիսին լինել, որպեսզի ուսանողները հիշեն ինձ իմ կիրառած ուսուցման մեթոդի միջոցով: Շեշտը միշտ դնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման վրա դասախոսի և լսարանի միջև ինտերակտիվ շփում ապահովելու նպատակով: Ակտիվ կիրարկում եմ խաղերի մեթոդը՝ խաղաֆիկացման միջոցով ուսանողներին ներգրավելով խնդիրներում, որպեսզի նրանք առարկայական պատկերացում կազմեն տվյալ խնդրի վերաբերյալ: Այս իմաստով շատ եմ կարևորում հետազոտություն կատարելու մեթոդաբանության և գործիքակազմի կիրարկումը: Կարծում եմ՝ հետազոտական աշխատանքի միջոցով հնարավոր է չափավորել սահմանափակ մտածողությունը, կոտրել կարծրատիպերը և, ի վերջո, խթանել ստեղծագործական մոտեցումը ցանկացած խնդրի ընկալման ու վերլուծության ժամանակ։

 

Ուսանողների ակնկալիքները և կոնֆլիկտներից խուսափելու միջոցները:

Երբ դասախոսն աշխատում է որևէ լսարանի հետ, նախ պետք է հասկանա՝ ինչ ակնկալիքներ ունի այդ լսարանն իրենից: Դա օգնում է դասախոսին ձևակերպելու դասընթացի նպատակը և հնարավորություն է տալիս հետագայում օբյեկտիվորեն գնահատելու ստացված արդյունքները: Եթե զգացել եմ, որ հնարավոր է՝ ակնկալիքների բավարարման տեսանկյունից արդյունքը գոհացնող չի եղել, փորձել եմ հասկանալ պատճառները: Օրինակ՝ ուսանողների հետազոտական յուրաքանչյուր աշխատանք հետադարձ կապի միջոցով մանրամասն անդրադարձ է ստանում աշխատանքները բարելավելուն ուղղված քայլերով և թերությունների մեկնաբանմամբ: Իմ կարծիքով՝ ակնկալիքները բավարարելու և կոնֆլիկտային ցանկացած իրավիճակից խուսափելու համար դասախոսի հաջողելու գրավականը խնդիրների մեջ խորամուխ լինելն է, բարեխղճությունը և նվիրված աշխատելը:

 

 

 

Դիմակայել մարտահրավերներին:

Մարդ ինչքան զարգանում է, այնքան մարտահրավերները շատանում են: Ցանկացած նոր հնարավորություն ենթադրում է բազում մարտահրավերներ, որոնց դասակարգումը պայմանավորում եմ հասարակության մշակութային, էթնիկ արժեհամակարգով: Կարծում եմ՝ առաջին մարտահրավերը ընկճախտն է: Սեփական փորձով կարող եմ փաստել, որ դրա դեմ պայքարելու լավագույն միջոցը նպատակասլացությունն է: Երկրորդ մարտահրավերը համարում եմ ներկայացվածությունը կամ ներգրավվածությունն արգելակելը: Այս մարտահրավերը հաղթահարելու լավագույն ճանապարհն ինստիտուցիոնալիզմը զարգացնելն է: Ինչպե՞ս կարելի է հաջողել, եթե ինտեգրված չես գործընթացին կամ կազմակերպությանը: Ուստի կարծում եմ, որ գիտության մեջ ներգրավվելու գործուն մեխանիզմը ինստիտուցիոնալիզմը զարգացնելն է, դրա գերակայության հասնելը: Հաջորդ մարտահրավերը կանանց նկատմամբ թերահավատությունն է, որ հաճախ դրսևորվում է մասնագիտական գործունեության ժամանակ: Հանրային կյանքում կանայք հնարավորություն ունեն ստանձնելու բարձր պատասխանատվություն, կարևորագույն որոշումներ կայացնելու:

 

ԵՊՀ-ական կանայք 10 տարի առաջ և հիմա:

Կանանց ներգրավվածությունը, ըստ իս, ակնհայտորեն աճել է, և երբ թերթում եմ համալսարանի կայքը, տեսնում եմ, որ ֆակուլտետներում կանանց թիվը փոքր չէ: Այն երջանիկներից եմ, ում վիճակվել է հաջողել այս ոլորտում, բայց պետք է նշեմ, որ այսբերգի չերևացող հատվածում ընկած է շատ ավելի մեծ աշխատանք, որի ընդամենը շատ փոքրիկ հատվածն է տեսանելի: Նույնիսկ եթե ինչ-որ մի ժամանակահատվածում չես հաջողում, դա չի նշանակում, որ չես հաջողելու նաև հետագայում: Նշեմ, որ կանանց ներգրավվածությունը գիտակրթական գործունեության մեջ ակտիվ է. մնում է, որ պատասխանատվության լիարժեք գիտակցությունը բոլորի մոտ լինի։

 

Լինել պատասխանատու և հասնել ավելիին:

Հնարավորություն միշտ պետք է տալ, գնահատել մարդկանց ըստ իրենց կատարած աշխատանքի արդյունքների: Եվ երբ տեսնում ես, որ արդյունավետությունը բարձր է, սահմանել ավելի բարձր դերեր: Չլինի այն մոտեցումը, թե կին է, չարժե բարձր պատասխանատվության հարց վստահել: Եթե կրում ենք պատասխանատվություն, ուրեմն լիարժեք պետք է կատարենք մեր բաժին աշխատանքը:

 

 

 

Համալսարանական փորձառության հաճելի կողմերը:

Ուսանողներն ինձ միշտ ոգևորում են, որովհետև ոչ միայն նրանք են ինձնից սովորում, այլև ես եմ նրանցից սովորում, նրանք մղում են ինձ շարունակական ինքնակրթության: Սա նմանեցնում եմ սպորտին. որպեսզի մկաններդ միշտ ուժեղ լինեն և ֆիզիկապես լավ վիճակում լինես, անընդհատ պետք է մարզվես: Գիտակրթական գործունեությունն էլ է այդպես․ այն մշտապես ուղեղի մարզում է պահանջում: Ես անընդհատ այդ սպորտային կենցաղի մեջ եմ, այդ կենսակերպով եմ ապրում: Դրական կողմն այն է, որ ես մշտապես շփվում եմ երիտասարդության հետ, հնարավորություն ունեմ տարբեր սերունդների ճանաչելու, մտածողության փոփոխությունը, արդի խնդիրները, մարտահրավերները հասկանալու: Շատ եմ սիրում մասնագիտությունս: Միշտ ասում եմ, որ այն երջանիկներից եմ, որ հնարավորություն ունեն զբաղվելու այն գործով, որը սիրում են։

 

Շարժիչ ուժը՝ ոգևորել և ոգևորվել:

Շատ եմ սիրում իմ հայրենիքը՝ Հայաստանը, և նույնիսկ երբ կարճ ժամանակով մեկնում եմ, անհամբեր սպասում եմ վերադարձիս: Երբեք արտասահմանում ապրելու երկարաժամկետ ծրագրեր չեմ կազմել: Կարծում եմ՝ ամեն մարդ այս կյանքում իր առաքելությունն ունի, և իմ առաքելությունն է հայրենիքիս ծառայելը: Իմ կարգախոսն է՝ «ոգևորել և ոգևորվել»: Երևի թե սա է ամենակարևոր շարժիչ ուժը, որը հնարավորություն է տալիս աշխատանքդ օրեցօր ավելի լավ անելու:

 

Որպեսզի բոլոր կանայք…

Մասնագիտական ոլորտում ընդունված է կանանց մաղթել ուժ և եռանդ, որովհետև կինը համատեղում է մի քանի դերեր, չունի որևէ կոնկրետ դեր: Զարգացնել առաջնորդությունը, առաջնորդության արդի ընկալումների և մոտեցումների վերաբերյալ հնարավորինս շատ խոսել հանրային դաշտում և, ի վերջո, մշակել հայ իրականության մեջ առաջնորդության բանաձև. սա է խորհուրդս բոլոր կանանց: Առաջնորդությունը մարդկային կենսագործունեության ոլորտում պարզապես անհրաժեշտություն է, որպեսզի տվյալ ոլորտում մարդիկ կարողանան հաջողել:

 

Լյուդմիլա Շիրվանյան

Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

New layer...