29.10.2015 | 
Հասարակություն
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ Է
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ Է
«Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի ամփոփիչ կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում բուհերի և ձեռնարկությունների համագործակցության խնդիրների վերաբերյալ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԵՊՀ-ում կազմակերպվել էր եվրոպական «Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծիամփոփիչ կոնֆերանսը, որի միջոցով մանրամասն ներկայացվեց կատարված ամբողջ աշխատանքը: Կոնֆերանսի ավարտից հետո ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում էլ մասնակիցները հնարավորություն ունեցան ունկնդրելու և՛ հայաստանյան, և՛ եվրոպական համալսարանների ձեռնարկությունների հետ համագործակցության փորձի մասին: Քննարկումը կրում էր «Բարձրագույն կրթության և աշխատաշուկայի համագործակցություն. Մարտահրավերներ, առաջնայնություններ և ապագայի հնարավորությունները» խորագիրը: Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին ինչպես «HEN-GEAR» նախագծի մասնակից կառույցների ներկայացուցիչները, այնպես էլ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից հրավիրված գործատուները: Բանախոսները մի շարք կրթական հաստատությունների, զբաղվածության կենտրոնների և այլ ոլորտների ներկայացուցիչներն էին:

 

Քննարկման նպատակն էր պարզել, թե որոնք են աշխատաշուկայում, ինչպես նաև կրթական ոլորտում առաջնային համարվող խնդիրներն ու բացթողումները: Այդ իսկ պատճառով կոնֆերանսին հրավիրված մասնակիցները, փորձեցին համակողմանի ներկայացնել ու վերլուծել խնդիրները, առկա վիճակն ու առաջադրվող մեխանիզմները:

 

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ նման ձևաչափով հանդիպում-քննարկումները նպատակային են, կարող են տալ լավ արդյունք ու համագործակցություն: Պրոռեկտորի փոխանցմամբ՝ Մայր բուհում հետևողականորեն քայլեր են ձեռնարկվում ձեռնարկությունների հետ արդյունավետ համագործակցության եզրեր գտնելու համար: Դեռ ավելին՝ այն ներառված է նաև ԵՊՀ ռազմավարական պլանում:

 

ՀՀ ԱՍՀՆ մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը ողջունեց կլոր սեղան-քննարկմանը ներկա մասնակիցներին և ներկայացրեց «Մասնագիտական կողմնորոշման հիմնախնդիրները Հայաստանում» վերտառությամբ զեկուցումը: Բանախոսը կարծում է, որ այսօր Հայաստանում լուրջ և որոշ դեպքերում կարծրատիպային խնդիր է մասնագիտության ընտրություն կատարելը:

 

Հայկուհի Գևորգյանը մատնանշեց նաև խնդիրներ, որոնք վերաբերում էին գործազրկությանն ու մասնագիտական կողմնորոշման կենտրոններին: Ըստ մասնագետի՝ թեև առկա են զբաղվածության տարածքային կենտրոններ, այնուամենայնիվ դրանք չունեն ամբողջական անհրաժեշտ մեթոդական հիմք: Հետևաբար նման մոտեցումը ծնում է անվստահություն: Մեկ այլ կետով էլ Մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրենը մանրամասն խոսեց մասնագիտական կողմնորոշման նոր համակարգի ներդրման ու քաղաքականության մասին:

 

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էլ խոսեց կենտրոնի գործունեության ու մի շարք ձեռնարկությունների հետ փոխշահավետ համագործակցությունների մասին. «ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում ստեղծվել են ձեռնարկությունների հետ համագործակցության խորհուրդներ: Ինչպես ֆակուլտետների, այնպես էլ մեր կենտրոնի նպատակն է ուսանողին դարձնել ավելի մրցունակ: Հենց դրան են միտված կազմակերպվող թրեյնինգներն ու դասընթացները, որոնք պարբերական բնույթ ունեն: Մենք կարևոր ենք համարում նաև համաբուհական աշխատաշուկա անցկացնելու գաղափարը: Նման փորձ մենք իրականացրինք անցյալ տարի, ինչը բարի ավանդույթի է վերածվելու»:

 

Հանդիպման ավարտին անցկացվեց քննարկում: Բանախոսները պատասխանեցին ներկաներին հուզող ու հետաքրքրող մի շարք հարցերի: Կարևորվեց նաև ուսանողների` կամավորական աշխատանքներ իրականացնելու գաղափարը: Մասնագետների կարծիքով էլ՝ նման մատեցումն է, որ հետագայում նրանց հնարավորություն է ընձեռում ունենալու մասնագիտական փորձ, ինչն էլ կարող է խթան հանդիսանալ հետագայում հաջողություններ արձանագրելիս: 

Այլ նորություններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՐՑԱԽՈՒՄ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԿՈՉՈՎ
2022 թ․ հուլիսի 15-19-ը ԵՊՀ-ում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի է ունեցել «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ավելի քան երեսուն օտարերկրյա և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Այսօր հայոց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» (ԿՄՕ) մասնակիցները շրջայց են կատարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանում, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: