11.02.2022 | 
Կրթություն
«ԲՐԵՅՆՍՓՈԹԻՆԳ». ԵՊՀ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԱՐԴԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
«ԲՐԵՅՆՍՓՈԹԻՆԳ». ԵՊՀ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ  ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԱՐԴԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում անցկացվում է «Բրեյնսփոթինգի» միջազգային դասընթաց:

«Բրեյնսփոթինգն» ազդեցիկ, կենտրոնացված բուժման մեթոդ է, որը բացահայտում, մշակում և լիցքաթափում է հուզական և մարմնական ցավի, տրավմայի, դիսոցիացիայի ու մի շարք այլ դժվար ախտանիշների հիմնական նեյրոֆիզիոլոգիական աղբյուրները: 

 

«Այս մեթոդաբանությունը բավականին հետաքրքիր է, քանի որ հոգեբանության և նյարդաբանության խաչմերուկում է: Ամբողջ աշխարհում «Բրեյնսփոթինգի» մեթոդը բավականին արագ է զարգանում: Եվ չնայած, որ «Բրեյնսփոթինգը» նոր մոտեցում է մեզ համար, սակայն վստահ եմ՝ մեր մասնագետները կկարողանան յուրացնել այն և համատեղել արդեն իսկ ընդունված այլ մեթոդների հետ»,- ասում է ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանը:

 

Բրեյնսփոթինգն այցելուի տեսողական դաշտում տեղորոշում է կետեր, որոնք օգնում են «մուտք գործել» ուղեղի ենթակեղևային շերտում տեղակայված չմշակված տրավմա:  Այս մեթոդն ախտորոշման և թերապիայի համաժամանակյա ձև է:

 

 

Դասընթացները վարում են «Բրեյնսփոթինգի» մասնագետ և թերապևտ Մարի Խոսե Բունը, Ցյուրիխի մասնագիտական ուսումնական վերականգնողական կենտրոնի հոգեբան, թերապևտ և միջազգային բրեյնսփոթինգի դասընթացավար Անդրեաս Հերոլդը և պրակտիկ թերապևտ Մարիամ Վանունցը:

 

«Մեր թրեյնինգները շատ ինտենսիվ են, քանի որ մասնակիցները միաժամանակ տարբեր մակարդակներով ու հարթություններով են սովորելու: Հույս ունենք, որ դասընթացներից հետո հայ մասնագետները կկարողանան լիարժեք կիրառել այս մեթոդն իրենց այցելուների հետ աշխատանքներում»,- նշում է Մարի Խոսե Բունը:

 

Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Նարինե Խաչատրյանն էլ ընդգծում է, որ մեթոդին ծանոթացել են հետպատերազմյան շրջանում՝ զինվորների հետ տարվող աշխատանքների ժամանակ. «Ամռանը, երբ Մարիամ Վանունցը ԵՊՀ-ում էր, մեզ ծանոթացրեց «Բրեյնսփոթինգին», փորձում էինք հասկանալ այս մեթոդաբանության գիտական հիմքերն ու կիրառությունը: Շատ ուրախ ենք, որ այսօր մեր մասնագետները հնարավորություն ունեն մասնակցելու դասընթացներին և Հայաստանում զարգացնելու այս մեթոդը»:

 

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում որպես կամավոր ընդգրկված 28 ուսանողների վկայականների հանձնման արարողությունը:
«ՄԵՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՋՈԶԵՖ ՄՈՄՋՅԱՆ
ԵՊՀ այս տարվա շրջանավարտներից է եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Ջոզեֆ Մոմջյանը, ում հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ապագայի պլանների և այլ հարցերի շուրջ։