06.02.2018 | 
Հասարակություն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԷՐ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԷՐ
Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նաև ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավարն ու աշխատակիցները:

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ «Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի քաղաքականության և իրավակարգավորման շրջանակի գնահատում և կատարելագործման ուղիների մշակում» խորագրով աշխատանքային քննարկումը իրավական վերլուծության արդյունքների վերաբերյալ էր:

 

Այն իրականացվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի կողմից «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում: Տեղեկացնենք, որ ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը:

 

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի 1-ին և 2-րդ մասերի ղեկավար Հայաստան Ստեփանյանի պնդմամբ՝ տարիների ընթացքում Արարատյան դաշտավայրի բնական ջրերի անկառավարելի և անխնա շահագործումը հանգեցրել է ստորգետնյա ջրերի պաշարի կտրուկ նվազմանը, ինչի հետևանքով շատ համայնքներ դարձել են ջրազուրկ:

 

«Ջրային ռեսուրսների կառավարման վիճակն անմխիթար է, համակարգը թափանցիկ չէ, հանրությունը չի մասնակցում իր համար կենսական նշանակություն ունեցող որոշումների կայացմանը»,- իր խոսքում ասել է Հայաստան Ստեփանյանը:

 

Նա նշել է, որ ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում վեր հանել առկա իրավական բացերը՝ դրանք ներկայացնելով ՀՀ Կառավարությանն ու Ազգային ժողովին:

 

ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աիդա Իսկոյանն էլ կարևորել է գործընթացի թափանցիկությունը, հասարակության իրազեկվածությունն ու ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման հարցում:

Կենտրոնի փորձագետներ Հեղինե Հախվերդյանն ու Օլիմպիա Գեղամյանն էլ ներկայացրել են ջրային օրենսդրության վերլուծության արդյունքում հայտնաբերված բացերն ու թերությունները, նախանշել լուծումներ:

 

Ծրագրի ներկայացուցիչներն առաջարկել են ընդունել «Ոռոգման ջրի մասին» ՀՀ օրենք՝ ամրագրելով ոռոգման ջրի մատակարարման նկարագրության ստանդարտների սահմանման, օգտագործման պայմանները, վճարները, տնտեսական գործիքները, ջրօգտագործողների և ջրամատակարարների իրավունքերն ու պարտականությունները:

 

Այլ նորություններ
ՉԻՆԱՐԵՆՈՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՌԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀՈՒՆՆ ԷՐ
Մայիսի 11-ին տեղի է ունեցել արդեն 5-րդ անգամ անցկացվող ամենամյա «Չինարենի կամուրջ» մրցույթը, որտեղ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մանե Գասպարյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն ճառ» անվանակարգում:
ՀԱՄԱՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ. «ԵՊՀ ՌԵՍՏԱՐՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ 6-րդ մասնաշենքում «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը կրկին համաուսանողական քննարկում էր կազմակերպել: