27.04.2022 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն, Հասարակություն
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO-2022» ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO-2022» ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
«Yerervan EXPO» ցուցահանդեսային համալիրում բացվեց «Կրթություն և կարիերա EXPO-2022» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են Հայաստանում և արտերկրում գործող տարբեր կրթօջախներ՝ ներկայացնելով իրենց կրթական ծրագրերը: ԵՊՀ-ն երեք օրերի ընթացքում մշտական ցուցադրությամբ ներկայացնելու է իր 21 ֆակուլտետները, կրթական նոր ծրագրերը, այդ թվում՝ «Ամերիկագիտություն», «Շուկայագիտություն», «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրերը և «Հասարակայնության հետ կապեր» բակալավրի կրթական ծրագիրը:

Ապրիլի 27-29-ն անցկացվող ցուցահանդեսին ԵՊՀ-ն այս տարի ևս ներկայացավ առանձին տաղավարով: Ցուցահանդեսի նպատակներից է՝ նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների հաստատմանը: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, ի թիվս կրթական ոլորտի այլ ներկայացուցիչների, ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը:

 

 

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը նշեց, որ Երևանի պետական համալսարանն այս 3 օրերի ընթացքում ներկայացնելու է իր 21 ֆակուլտետները, կրթական նոր ծրագրերը, այդ թվում՝ «Ամերիկագիտություն», «Շուկայագիտություն», «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրերը և «Հասարակայնության հետ կապեր» բակալավրի կրթական ծրագիրը: Ա. Գրիգորյանը կարևորեց նմանօրինակ ցուցահանդեսների անցկացումը. ««Կրթություն և կարիերա EXPO-2022» ամենամյա ցուցահանդեսը չափազանց կարևոր է նախևառաջ կրթական հաստատությունների ունեցած հնարավորությունները ներկայացնելու, ապա՝ համագործակցությունների շրջանակն ընդլայնելու տեսանկյունից: Դեռևս մասնագիտության ընտրության հարցում չկողմնորոշված աշակերները ցուցահանդեսի շնորհիվ կարող են ճիշտ որոշում կայացնել, իսկ մագիստրանտները, ասպիրատները և առհասարակ գիտությամբ հետաքրքրված անձինք հնարավորություն կունենան ուղենշելու իրենց անցնելիք գիտական ճանապարհը: Կրթական հաստատությունների մեկտեղ կենտրոնացմանն ուղղված քայլերը ծառայում են՝ ի շահ մեր պետության»:

 

 

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կ. Նազարյանը նշեց. «Կրթությունը ներկայացնելու առումով այսպիսի ցուցահանդեսները չափազանց կարևոր են հատկապես նրա համար, որ աշխատանք է տարվում դիմորդների հետ: Մասնագիտական կղմնորոշման հարցում միայն դպրոցների տված տեղեկատվությունը երբեմն բավարար չի լինում դիմորդների համար: Բացի դրանից՝ ԵՊՀ-ն պարբերաբար նոր կրթական ծրագրեր է ներդրում, որոնց մասին իրազեկելու հարցում էլ ավելի է մեծանում էքսպոների դերը»:

 

 

Բացի նրանից, որ ԵՊՀ-ն ներկայանում է թեմատիկ ցուցադրություններով, որոնց շրջանակում տրամադրվում է բուհի կրթական գործունեության վերաբերյալ հետաքրքիր տեղեկատվություն, համալսարանի ուսանողները տեղում կազմակերպում են նաև տարբեր գիտափորձեր: Այսօր գիտափորձեր էին անցկացնում կենսաբանության ֆակուլտետի մագիստրանտները. «Մենք մեր առաջարկած մեթոդով լուծում ենք 2 գլոբալ խնդիր. վերամշակում ենք թափոնները և զբաղվում նաև կնսապարարտանյութի առաջացմամբ: Ներկայումս մեր խնդիրն աշակերտներին ավելի ներգրավելն է կենսաբանության ոլորտում, և աշակերտները մեծ սիրով մասնակցում են փորձերին»,- ասաց ԵՊՀ մագիստրանտ Հայարփի Աղեկյանը:

 

 

Զրուցեցինք նաև Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանող Զոյա Մարգարյանի հետ. «Քոլեջում սովորում եմ տնտեսագիտության բաժնում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է հենց տնտեսագիտության ֆակուլտետը. ապագա հաշվապահ եմ, և կրթությունս ցանկանում եմ շարունակել ԵՊՀ-ում: Այս ցուցահանդեսի ժամանակ, կարելի է ասել, ստացա իմ բոլոր հարցերի պատասխանները»:

 

 

Հիշեցնենք, որ գիտական փորձերի նախաձեռնությամբ վաղը հանդես կգան քիմիայի ֆակուլտետի ուսանողները; Այս միջոցառումներին ներկա գտնվելը էլ ավելի կնպաստի մասնագիտության կողմնորոշման հարցում կայուն որոշում կայացնելուն:

Այլ նորություններ
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Ս․թ․ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը Վանաձորում կայացավ Համահայկական գիտաժողովը, որի կազմակերպիչներից էր Երևանի պետական համալսարանը։
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։