Ինտելեկտուալ խաղում հաղթող թիմի անդամներն էին ԵՊՀ ուսանողներ Ավետիք Միդոյանը, Էդուարդ Ամիրբեկյանը, Դիանա Բաղդասարյանը, Լիլիթ Թառումյանը, Լիդա Արիստակեսյանը, Անի Աղասյանը։ Մեզ հետ զրույցում նրանք ասացին, որ կարևորում են մասնակցությունը նման ինտելեկտուալ միջոցառումներին, քանի որ դրանք նպաստում են ճկուն մտքի ու ստեղծարար մտածողության ձևավորմանը:
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ ակումբի եզրափակիչ խաղը վարել է ՀՀ «ԻՈԵ» ակումբի հիմնադիր Կարեն Քոչարյանը, ում օժանդակությամբ համալսարանական խաղերին մասնակցել են հեռուստախաղի գիտակները, ինչն առավել հետաքրքիր և բովանդակալից է դարձրել խաղի ընթացքը։
Երիտասարդ գիտակների ինտելեկտուալ մտածողության զարգացմանը նպաստող այդ խաղին մասնակցել են 10 թիմեր, որոնք ձևավորվել էին Երևանի պետական, Հայաստանի ամերիկյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանների ուսանողներից:
Նշենք, որ խաղին մասնակցելու համար ուսանողները դիմել են թե՛ թիմերով, թե՛ անհատապես: Այն ուսանողները, որոնք անհատապես էին դիմել խաղին մասնակցելու համար, դասընթացների միջոցով նախապես ձեռք էին բերել թիմում աշխատելու հմտություններ, այնուհետև միացել նոր ձևավորված թիմերին: