15.11.2022 | 
Կրթություն, Գիտություն
ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ
ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում մեկնարկեց «Իրազեկում. կենսաբանության հնարավորությունները» խորագրով եռօրյա աշխատաժողովը, որի նպատակն է ուսանողների շրջանում բարձրացնել մանրէաբանության վերաբերյալ իրազեկվածությանը:

Աշխատաժողովի մասնակից ուսանողները հնարավորություն կունենան մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնումանձամբ տարբեր գիտափորձեր կատարելու:

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ, Հայաստանում ամերիկյան մանրէաբանական ընկերության «ArMicro» ուսանողական խմբակի համահիմնադիր Հռիփսիմե Պետրոսյանի խոսքով՝ կենսաբանության ոլորտը գնալով մեծ հետաքրքրության է արժանանում, սակայն Հայաստանում տարբեր ոլորտներում մանրէաբանության վերաբերյալ տեղեկատվությունը սակավ է։

 

 

«Շատերը չգիտեն, թե ինչ նշանակություն ունեն մանրէները իրենց աշխատանքային ոլորտում։ Լինելով ոլորտին առավել մոտ՝ որոշվեց նախաձեռնել մի միջոցառում, որը կնպաստի մանրէաբանության վերաբերյալ գիտելիքների ընդլայնմանը, ինչպես նաև կնպաստի նրանց մասնագիտական կողմնորոշմանը դեպի մանրէաբանություն»,- ընդգծեց Հռիփսիմեն։

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող, «ArMicro» ուսանողական խմբակի անդամ Թամարա Աբաղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօրինակ աշխատաժողովները ֆակուլտետում պարբերական բնույթ են կրում: Նրա խոսքով` ի տարբերություն նախորդների` այս անգամ այն նախատեսված է միայն ուսանողների համար:

 

 

Անդրադառնալով աշխատաժողովի թեմայի կարևորությանը` Թամարան ասաց. «Հաճախ մանրէներն ընկալվում են բացասական նշանակությամբ, սակայն դա ընդհանուր մանրէաբանության շատ քիչ մասն է կազմում: Այս աշխատաժողովի շրջանակում կատարվող գիտափորձերն ինչ-որ առումով կփոխեն առկա պատկերացումները»,- ընդգծեց Թամարա:

 

Աշխատաժողովի մեկ այլ կազմակերպչի` «ArMicro» ուսանողական խմբակի անդամ Հայարփի Աղեկյանի խոսքով` այսօրինակ միջոցառումը կարելի է համարել ոչ ֆորմալ կթության օրինակ: Ըստ նրա` մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում կատարվելիք լաբորատոր գիտափորձերը հնարավորություն կտան զարգացնելու ուսանողների ոչ օրինաչափ մտածողությունը:

 

 

«Հատկանշական է, որ եռօրյա աշխատաժողովի երկու օրերը հատկացված են գործնական աշխատանքներին. կատարվելու են ոչ թե դասական, այլև ժամանակակից գիտափորձեր: Սրանք ուսանողներին կշահագրգռեն տեսնելու իրենց արած փորձի հետագա արդյունքը`  մեծացնելով մանրէաբանության նկատմամբ հետաքրքությունը»,- փաստեց Հայարփին:

 

Անդրադառնալով աշխատաժողովի մասնակիցների ընտրությանը` նշենք, որ մասնակցության հայտեր ուղարկել են շուրջ 70 ուսանողներ, որոնցից ընտրվել են միայն երեսունը: Ընտրությունը պայմանավորված է եղել նրանց` աշխատաժողովի վերաբերյալ մոտիվացիոն նամակներում ներկայացրած սպասելիքների կարևորությամբ և նշանակությամբ:

 

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող, աշխատաժողովի մասնակից Տաթև Պողոսյանը, անդրադառնալով աշխատաժողովին իր մասնակցությանը, նշեց․ «Լինելով ֆակուլտետի ուսանող՝ ցանկություն ունեմ տեղեկացված լինելու գործող 7 ամբիոնների մասին։ Վստահաբար կարող եմ ասել, որ աշխատաժողովը կնպաստի մասնագիտական կողմնորոշմանս»։

 

 

Հավելենք, որ Հայաստանում ամերիկյան մանրէաբանական ընկերության ֆինանսական աջակցությամբ կազմակերպված աշխատաժողովի մասնակիցներին տրվելու են հավաստագրեր:

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին: