17.09.2008 | 
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Համաշխարհային Բանկը պատրաստ է աջակցել բարձրագույն կրթության ոլորտի զարգացման գործընթացին:

Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ընդունեց Համաշխարհային Բանկի (ՀԲ) Կրթության գլխավոր մասնագետներին` «Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագրի թիմի ղեկավար Խուան Մանուել Մորենոյին եւ Ջամիլ Սալմիին: Հանդիպմանը ներկա էին նաեւ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը եւ Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:

 

Արամ Սիմոնյանը նախ ներկայացրեց ԵՊՀ պատմությունը, որից հետո հյուրերին պատմեց առաջիկայում նախատեսվող իրադարձությունների եւ ծրագրերի մասին: Բավականին ակտիվ քննարկումներ եղան ընդհանուր կրթական ոլորտի դժվարությունների, բարեփոխումների եւ ակնկալվող արդյունքների շուրջ:

 

«Ուրախ եմ, որ որոշել եք ավելի մոտիկից ծանոթանալ Մայր բուհի խնդիրներին եւ համագործակցության ծրագրեր մշակել մեզ հետ: Երկրի տնտեսական, գիտական եւ մշակութային ոլորտի զարգացման գործում ԵՊՀ-ի դերը բավականին մեծ է: Ուստի միջազգային կառույցների հետ համագործակցությունը թույլ կտա մեզ առավել արդյունավետ աշխատել եւ լավ արդյունքներ ստանալ»,- ասաց Արամ Սիմոնյանը:

 

Խուան Մանուել Մորենոն եւ Ջամիլ Սալմին էլ իրենց հերթին կարեւորեցին այցելությունը Մայր բուհ եւ խնդիրների խորն ուսումնասիրության եւ առավել սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեցին: Մասնավորապես, Ջամիլ Սալմին ուրախությամբ նշեց, որ, ի տարբերություն եվրոպական բուհերի ուսանողների, հայ ուսանողները գիտեն գիտելիքի արժեքը:

 

«Չեմ կարծում, որ միանգամից հրաշքներ կգործենք, բայց հույս ունեմ, որ միասնական աշխատանքի դեպքում լավ արդյունքների կհասնենք: Մենք պատրաստ ենք համագործակցելու, նաեւ աջակցելու ենք բարձրագույն կրթության կայացմանը»,- ասում է Ջամիլ Սալմին:

 

Հանդիպման վերջում հյուրերը համալսարանի ղեկավարությանն առաջարկեցին քննարկումները շարունակել վաղը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակում: Ռեկտոր Արամ Սիմոնյանն ուրախությամբ ընդունեց ՀԲ-ի ներկայացուցիչների առաջարկությունը: Մինչեւ ռեկտորին այցելելը մասնագետները ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում հանդիպել էին Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպաներեն բաժնի ուսանողների հետ:

 

Հանդիպման ժամանակ ակտիվ քննարկումներ էին ծավալվել ուսումնական գործընթացի, կրեդիտային եւ ռոտացիոն համակարգերի, արտասահմանյան բուհերի տեսական եւ պրակտիկ աշխատանքների, ինչպես նաեւ կրթության ոլորտում կաշառակերության վերաբերյալ: