22.09.2009 | 
Հասարակություն, Մշակույթ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այս տարի լրանում է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 70-ամյակը: Այդ առթիվ մաեստրոյին հյուրընկալել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետը:

«Ինձ համար անչափ ուրախալի է լինել այսքան մեծ սիրով ներշնչված երիտասարդների կողքին, եւ պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին»,-հանդիպման սկզբում նշեց Տիգրան Մանսուրյանը: Հանդիպման կազմակերպիչները` Պատմության ֆակուլտետի ուսանողական խորհրդին կից մշակույթի հանձնաժողովի անդամները, ներկայացրին մաեստրոյի կենսագրությունը, որից հետո ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին նրան:

 

Շատերը Տիգրան Մանսուրյանին ճանաչում են նրա` ֆիլմերի համար ստեղծած երաժշտության միջոցով, այնինչ Տիգրան Մանսուրյան կոմպոզիտորը հեղինակ է շատ այլ ստեղծագործությունների, որոնց թվում է նաեւ «Ձյունե թագուհի» բալետը: Քչերը գիտեն նաեւ, որ ժամանակին մաեստրոն եղել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը: Կոմպոզիտորը խոստովանում է, որ իր մշտական ոգեշնչման աղբյուրը եղել է եւ կա Կոմիտասը:

 

«Կոմիտասը երաժշտի համար նույնն է, ինչ հայ մարդու համար` Հայաստանը: Նրա երաժշտությունը ոչ թե մեկ անձի դիմապատկերն է, այլ` համահայկական ոգու»,-ասում է Տիգրան Մանսուրյանը: Կոմպոզիտորն առաջին անգամ ֆիլմի համար երաժշտություն գրել է 4-րդ կուրսում: Այսօր արդեն հայկական գեղարվեստական ու փաստագրական 100 ֆիլմերի լուսագրերում կարելի է հանդիպել Տիգրան Մանսուրյանի անունը: Դրանցից շատերը հայ կինոյի պատմության ոսկետառ անուններն են` «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Կտոր մը երկինք» ու էլի շատերը:

 

«Անկեղծ ասած, կուզենայի մի անգամ էլ ֆիլմի համար երաժշտություն գրել, աշխատել նոր սերնդի հետ»,-անկեղծանում է Տիգրան Մանսուրյանը: Հոբելյանի առթիվ մաեստրոյին իր շնորհավորական խոսքն ասաց նաեւ Ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը, իսկ կազմակերպիչները հյուրին նվիրեցին նրա դիմանկարը:

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԻ «ԹԱՓՈՆՆԵՐԻՑ` ԿԵՆՍԱՋՐԱԾԻՆ» ՍՏԱՐՏԱՓ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի թիմը մասնակցել է «UNDP Armenia’s ImpactAIM»-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և «ISTC - Innovative Solutions and Technologies Center Foundation»-ի կողմից կազմակերպված «Climate Change Tech Accelerator (CCTA)» աքսելերացիոն ծրագրին, ներկայացրել «Թափոններից`կենսաջրածին» ստարտափ նախագիծը և դարձել մրցանակակիր:
 ՀԽ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
ԵՊՀ հանրային կապերի ծառայությունը ներողություն է խնդրում գործընկերներից՝ Հոգաբարձուների խորհրդի այսօր նախատեսված նիստի չեղարկման վերաբերյալ նախօրոք չտեղեկացնելու համար: