19.02.2007 | 
Կրթություն
2010-Ը ՍԿԻԶԲ Է
2010-Ը ՍԿԻԶԲ Է
ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի անդամները հավաքվել էին ԵՊՀ «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում` քննարկելու մեր բարձրագույն կրթության առջեւ ծառացած հիմնական խնդիրները:

«Մարդկանց մոտ տպավորություն կա, որ ինչ-որ հերթական բարեփոխումներ են սկսվել, որ պետք է արագ-արագ արվի մինչեւ Բոլոնիայի գործընթացով նախանշված 2010 թվականը: Խնդիրը շատ ավելի լուրջ է: Փոփոխվում է մեր բարձրագույն կրթության ամբողջ համակարգը, իսկ հիմնական աշխատանքները պետք է սկսվեն 2010 թ-ից հետո»,- քննարկման ժամանակ նկատեց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Ռեկտորների խորհրդի արտագնա նիստը պայմանականորեն բաժանված էր երկու մասի: Առաջին մասում խոսվեցին եւ քննարկվեցին ուսումնական գործընթացի վերակառուցման հիմնախնդիրները ՀՀ բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների պայմաններում: ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց բարեփոխումների նպատակներն ու խնդիրները, ինչպես նաեւ հիմնական գործողությունները:

Ներկայացվեց նաեւ ԵՊՀ մագիստրատուրայի նոր կրթակարգը: 2007-2008 ուս. տարվանից ԵՊՀ-ն մագիստրոսներ է պատրաստելու կրեդիտային համակարգով: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը արդեն անցել է կրեդիտային համակարգի, սակայն միայն մագիստրատուրայում, սեպտեմբերից բակալավրիատում էլ կրթությունը կկազմակերպեն նոր կրթակարգով: Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանն ու Ագրարային համալսարանը նույնպես նոր ուսումնական տարվանից կներդնեն կրեդիտային համակարգը:

Նիստի երկրորդ մասում խոսվեց բուհական գիտության հիմնական խնդիրների մասին, ինչպես նաեւ քննարկվեցին համատեղ գիտական լաբորատորիաների ստեղծման, գիտական ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ միասնական տեխնոպարկերի կառուցման խնդիրները:

«Նմանատիպ հանդիպումները ավանդական ենք դարձնելու, որովհետեւ դրանք շատ լավ միջոց են ոչ ֆորմալ պայմաններում քննարկելու մեր բոլոր բուհերի առջեւ ծառացած հիմնական խնդիրները, եւ քննարկումների արդյունքնում գտնել օպտիմալ լուծումներ»,- նկատեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ՝ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն իրականացնում են առցանց ուսուցում՝ ուսումնական գործընթացի երկարատև ընդհատումից խուսափելու համար։
«ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՈԼՈՐ ԴԱՍԵՐԸ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանատի ընդլայնված հեռավար նիստ՝ դեկանի, դեկանի տեղակալների, ամբիոնների վարիչների, լաբորանտների, առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր կուրսերի ու խմբերի ավագների մասնակցությամբ։