23.06.2017 | 
Հասարակություն
ՏԱՇՔԵՆԴԻՑ ԵՐԵՎԱՆ, ԵՐԵՎԱՆԻՑ ՄԻՆՍԿ. ԵՐԹՈՒՂԻՆ «ԱՆՑՆՈՒՄ Է» ԵՊՀ-ՈՎ
ՏԱՇՔԵՆԴԻՑ ԵՐԵՎԱՆ, ԵՐԵՎԱՆԻՑ ՄԻՆՍԿ. ԵՐԹՈՒՂԻՆ «ԱՆՑՆՈՒՄ Է» ԵՊՀ-ՈՎ
Ուրալի դաշնային համալսարանի «Ուրալ-Եվրասիա» կենտրոնի «Ընդհանուր ճակատագրի հարյուրամյակը» երիտասարդական մրցույթի հայաստանյան հաղթող է ճանաչվել ԵՊՀ ուսանողը:

Մրցույթն անցկացվում էր ԵԱՏՄ և Կենտրոնական Ասիայի 7 քաղաքներում (Մինսկ, Երևան, Բիշքեկ, Տաշքենդ, Եկատերինբուրգ, Ալմաթի և Խուջանդ): Մասնակիցները պետք է մշակեին պատմամշակութային երթուղի դեպի նշված քաղաքներից մեկը: Երթուղին պետք է արտացոլեր տվյալ քաղաքի պատմամշակութային կապը ԱՊՀ մյուս երկրների պատմության հետ՝ վերջին 100 տարվա կտրվածքով:

 

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի բաժնի ուսանողուհի Նարինե Աբգարյանը, ըստ մրցույթի պահանջի, մշակել էր Երևան քաղաքի պատմամշակութային երթուղին, որով պետք է հյուրընկալի այն մասնակցին, ով ժամանելու է Հայաստան:

 

«Ես ընտրեցի 3000-ամյա Երևանի այն հուշարձանները, որոնք ստեղծվել են խորհրդային 70 տարիների ընթացքում: Իմ հիմնական նպատակն էր ցույց տալ, որ ինչքան էլ փնովում ենք Խորհրդային միությունը, այնուամենայնիվ այն Երևանը, որն այժմ կա, իր կերպարի համար պարտական է խորհրդային Հայաստանին: Այդ պատճառով ընդգրկել եմ հնարավորինս շատ օբյեկտներ: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հյուրընկալելու եմ երիտասարդների, ներառել եմ նաև որոշ ժամանցի վայրեր, որոնք հետաքրքիր կոլորիտ ունեն, որպեսզի միայն թանգարաններով չսահմանափակվենք»,- ասում է Նարինեն:

 

Մրցույթը հայտարարվել էր դեռևս ս/թ մարտին: Պատրաստի երթուղիները ներկայացնելուց հետո ամեն երկրից հաղթող ճանաչված երիտասարդներին հրավիրել էին Եկատերինբուրգ, որտեղ նրանք ներկայացրել են իրենց կազմած երթուղիները, ապա վիճակահանության սկզբունքով որոշվել է, թե ով որ քաղաք է մեկնելու և ով որ քաղաքի մասնակցին է հյուրընկալելու իր քաղաքում:

 

«Ինձ համար ամենահաճելին այն է, որ նախքան վիճակահանությունը գրեթե բոլոր մասնակիցներն ուզում էին, որ իրենց հասնի Երևանի ուղեգիրը»,- հպարտությամբ ասում է Նարինեն ու հավելում, որ ամեն ինչից զատ՝ այս աշխատանքը նրան օգնել է նաև մասնագիտական տեսանկյունից:

 

Ի վերջո, իրականացավ Ուզբեկստանի մասնակիցների՝ Երևանը տեսնելու երազանքը, իսկ Նարինեն վիճակահանությամբ ընտրել է Մինսկը: Իր հյուրերին նա Երևանում կընդունի հուլիսի վերջին, իսկ ինքը Մինսկ կմեկնի օգոստոսին: Նրա հետ Բելառուս է մեկնելու նաև ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դասախոս Նարինե Մանուչարյանը:

Այլ նորություններ
ԲԱՔՎԻՑ՝ ԱՄՆ. ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԵՊՀ-ում համալսարանականները հանդիպեցին ամերիկահայ գրող, դասախոս, իրավ. գիտ. թեկնածու, հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թերքոթի հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ
Համալսարանականների հյուրն էր Մոսկվայում Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոս Իստիար Տաբոադան: