15.06.2010 | 
Գիտություն
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԵԳԻՊՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԵԳԻՊՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի եւ Եգիպտոսի պատմությունները երբեմն հատվում են եւ շատ նմանություններ ունեն»:

Այսպես ասաց ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահիդ Էլ Դին Իսմայիլ Ջալալը, ով երեկ այցելեց ԵՊՀ: Դեսպանը, այցելելով ԵՊՀ պատմության թանգարան, հուշամատյանում գրեց. «Ես ուրախ եմ այս թանգարան այցելելու համար, որն իսկապես հարուստ է Պետհամալսարանին պատկանող ցուցանմուշներով, եւ մաղթում եմ լավագույնը»:

 

Դեսպանն առաջին անգամ այցելեց դեռեւս 2006 թվականին հիմնադրված ԵՊՀ եգիպտագիտության հայկական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Քրիստիան Թութունջյան դը Վարդավանի վստահեցմամբ` դեսպանն իր հիացմունքն արտահայտեց կենտրոնի գործունեության վերաբերյալ եւ առաջարկեց իր եւ Եգիպտոսի կառավարության աջակցությունը: Վահիդ Էլ Դին Իսմայիլ Ջալալը բարձր է գնահատել հայերի հետաքրքրվածությունը Եգիպտոսի եւ հին եգիպտական պատմության հանդեպ, քանի որ հայկական եւ եգիպտական պատմությունները նման են եւ հաճախ են հատվել: Եգիպտագիտության կենտրոնի ղեկավարի խոսքերով` դեսպանից ակնկալվում է տեխնիկական աջակցություն` մասնավորապես իրենց հատկացված տարածքի վերանորոգում եւ տեխնիկայի վերազինում: Ըստ Քրիստիան Թութունջյան դը Վարդավանի` դեսպանը կաջակցի տեխնիկական հարցերում, սակայն անչափ հետաքրքրված է նաեւ գիտական աշխատանքներով, որոնք կատարվում են կենտրոնում: «Վերջին 3 տարիների ընթացքում նա պարբերաբար ցանկություն էր հայտնում այցելել մեզ, սակայն դեռ անելիքներ ունեինք, եւ վերջապես ստացվեց նրա այցը:

 

Նրա հրավերով Հայաստանում Եգիպտոսի դեսպանատանը բազմիցս հանդիպել ենք, որտեղ ամենայն մանրամասնությամբ քննարկվել է, թե ինչ է արել Եգիպտագիտության հայկական կենտրոնը եւ ինչ անելիքներ ունի: Սակայն այստեղ նա եկավ կենտրոնի հիմնադրումից շատ հետո, որպեսզի կարողանանք մեր կատարած աշխատանքները ցույց տալ»,-ասաց Քրիստիան Թութունջյան դը Վարդեւանը: Հիմնադրման օրվանից մինչ այսօր Եգիպտագիտության կենտրոնում պարոն դը Վարդավանին հաջողվել է ստանալ եգիպտական կապույտ կոչվող գույնը, որը ստանում են աշխարհի միայն մի քանի լաբորատորիաներում: Իսկ այժմ կենտրոնը` ի դեմս ղեկավարի, աշխատում է փարավոնների համար նախատեսված սարկոֆագի վերակազմության ծրագրի վրա, որը նույնպես բացառիկ է իր տեսակով: Կենտրոնը նախատեսում է սեպտեմբերից կրկին անցկացնել հին եգիպտերենի (հիերոգլիֆներ) եւ եգիպտագիտության վերաբերյալ դասընթացներ, որոնց ավարտից հետո կստեղծվի հայ եգիպտագետների խումբ, որը կմեկնի Եգիպտոս` պեղումներ իրականացնելու:

 

Քրիստիան Թութունջյան դը Վարդավանը վստահեցրեց`դեսպանը կարեւորում է այն, որ այս կենտրոնը մեծ ճանաչում ունի արտասահմանում, դրա մասին են վկայում 46-ից ավելի երկրներում եգիպտագիտությամբ հետաքրքրվող գիտնականներից եւ կենտրոններից ստացված նամակներն ու արձագանքները, որոնք պարոն դը Վարդավանն ստանում է ամեն օր, a-egyptology.atspace.com եւ www.armenian-egytology-centre.org էլեկտրոնային հասցեում զետեղված նյութերի վերաբերյալ: Եգիպտագիտության հայկական կենտրոնը համագործակցում է նաեւ տարբեր համալսարանների եգիպտագիտության կենտրոնների հետ եւ նոր ծրագիր է մշակում Արիզոնայի եւ Օքսֆորդի համալսարանների հետ:

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ Ա. ՄԱՆԱՍՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, իրավ. գիտ. թեկնածու Անահիտ Մանասյանի «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության շնորհանդեսը:
ԱՆՀՆԱՐԻՆ Է ՉՍԻՐԱՀԱՐՎԵԼ ՀԱՄՇԵՆԻՆ. «ՀԱՄՇԵՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը: