ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի, ՀՀ ԳԱԱ-ի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության և «Բարվա» ինովացիոն կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին հայաստանյան տարբեր բուհերի և գիտական կենտրոնների մասնագետներ, ինչպես նաև հյուրեր արտերկրից՝ Իտալիայից և Ռուսաստանի Դաշնությունից:
Գիտաժողովին մասնակցում էին նաև ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Էդվարդ Ղազարյանը և «Բարվա» ինովացիոն կենտրոնի ղեկավար Արամ Վարդանյանը:
Բացման խոսք ասաց ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանը՝ կարևորելով Մայր բուհում գիտաժողովի անցկացումն ու միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
«Գիտաժողովի անցկացումը բարի ավանդույթ է դարձել, ինչը վկայում է, որ համագործակցությունն ու գործնական կապերն ամրապնդվում են: Ոլորտը բազմաշերտ է և բավականին արդիական: Այսօր առանց նանոտեխնոլոգիաների անհնար է զարգացում և առաջխաղացում պատկերացնել»,- նշեց ակադեմիկոսը:
Արամ Վարդանյանն էլ բարձր գնահատեց արտասահմանյան գիտական կենտրոնների հետ հայ մասնագետների փոխգործակցությունը.«Ողջունելի է այն հայ մասնագետների ջանքերը, ովքեր, հաղթահարելով բոլոր դժվարությունները, կազմակերպում են ոլորտում առկա զարգացումներն ամփոփող այս գիտաժողովը: Հենց այսպիսի քննարկումների և գիտական բանավեճերի արդյունքում են գաղափարներ ծնվում»:
Այնուհետև Իտալիայի Բրեսքիայի համալսարանի պրոֆեսոր հայազգի Վարդան Գալստյանը նախ ներկայացրեց այն գիտական լաբորատորիան և դրա հիմնական ուղղությունները, որոնց շուրջ աշխատանքներ են իրականացվում: Մասնավորապես պրոֆեսորը տեսապատկերների միջոցով խոսեց լաբորատորիայում նախագծվող և մշակվող տվիչների (սենսոր) առաձնահատկությունների և փորձարկումների մասին:
Միջազգային գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը: