«Հայաստան-Եվրամիություն տնտեսական հարաբերություններ. խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) ազդեցությունը երկկողմանի առևտրային կապերի վրա» թեմայով հետազոտության շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում:
Հետազոտությունը կատարել է հենց կենտրոնի փորձագիտական խումբը, որի ղեկավարը Լևոն Բարխուդարյանն է, իսկ անդամները` տնտեսության տարբեր ոլորտներում մասնագիտացած փորձագետներ:
«Հետազոտության նպատակն է շարքային քաղաքացիներին և ակադեմիական շրջանակներին ծանոթացնել տնտեսական այն ակնկալիքներին, որոնք մենք կարող ենք ունենալ Հայաստանի` եվրաինտեգրման ընթացքում»,- նշեց կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:
Երկլեզու գրքի 5 բաժիններում են ամփոփված հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են մակրոտնտեսական իրավիճակին և զարգացման հիմնական գերակայություններին, պետական կառավարման համակարգի բարեփոխումներին և գործարար միջավայրին, Հայաստանի և ԵՄ առևտրային կապերին, ինչպես նաև ԽՀԱԱՀ ազդեցությանը ՀՀ-ԵՄ առևտրի վրա:
«Առաջին հայացքից թվում է, թե հենց համաձայնագիրը ստորագրենք, ապրանքների մեծ հոսք է սկսվելու, մեծ եկամուտներ ենք ստանալու, բայց դա այնքան էլ հեշտ չէ: Այսօր արդեն ԵՄ-ն մեր համար մեկ առևտրային գործընկերն է. արդեն մի քանի տարի է` արտոնությունների համակարգեր են գործում: Օրինակ` «GSP» համակարգի շնորհիվ շուրջ 7200 ապրանքատեսակի նկատմամբ կհարկվի զրոյական մաքսատուրք: Սա արդեն մեծ առավելություն է»,- ասում է պարոն Բարխուդարյանը:
Փորձագետն այն համոզմանն է, որ այսօր շուկաների մրցակցությունն այնքան է սրվել, որ բիզնեսներն աշխատում են, այսպես ասած, ցենտերի վրա. ապրանքը կարողանում են իրացնել և շրջանառության հաշվին ստանալ եկամուտներ:
«Ներկրումն էլ կլինի արդյունավետ միայն այն ժամանակ, երբ ապահովվեն մրցակցային հավասար պայմաններ, ինչը ենթադրում է մենաշնորհի վերացում: Հակառակ դեպքում ոչ մի արդյունք չենք ունենա»,- վստահ է փորձագետը:
Հետազոտության շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ով խոսեց ԽՀԱԱ համաձայնագրի բանակցային փուլերի և դրա անհրաժեշտության մասին:
«Մենք, լինելով փոքր երկիր, միշտ խնդիր ենք ունեցել արտաքին շուկաները մեզ համար ավելի հասանելի դարձնելու: Մի բան է, երբ դու հանդես ես գալիս որպես շուկա, այլ խնդիր է, երբ հանդես ես գալիս որպես մի երկիր, որը այլ շուկաների հետ ունի շատ ազատական առևտրային համակարգ»,- ասում է փոխնախարարն ու հավելում, որ համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ ընթանում են, տեքստը համարյա պատրաստ է: Մի քանի օրից էլ Երևանում կկայանա բանակցությունների հաջորդ փուլը: